Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանի զորքերի տեղաշարժերով, սադրիչ և անպատասխանատու է որակում այդպիսիք


ԱՄՆ Պետդեպարտամենտի շենքը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի շենքը Վաշինգտոնում, արխիվ

«Պաշտոնական Վաշինգտոնն ուշադրությամբ հետևում է 2020 թվականի նոյեմբերից հետո շփման գծում հաստատված իրավիճակին։ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի զորքերի տեղաշարժերով։ Զորաշարժերը և էսկալացիայի տանող այլ միջոցառումներն անպատասխանատու են և անհարկի սադրիչ», - հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի գլխավոր տեղակալ Ջալինա Փորթերը լրագրողի հարցին ի պատասխան անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդի մարտի 24-ի հեռախոսազրույցներին։ Դոնֆրիդը, ըստ Փորթերի, «միայն վերահաստատել է մարտի 21-ին և 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև նախագահ Իլհամ Ալիևին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ասածը, ով կոչ էր անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել և ինտենսիվացնել դիվանագիտական ներգրավվածությունը՝ գտնելու բոլոր մնացյալ խնդիրների համապարփակ լուծումներ»։ «Հայաստանին և Ադրբեջանին միայն պետք է օգտագործել ուղղակի հաղորդակցության խողովակները անմիջապես դեէսկալացիայի հասելու համար», - հավելել է Փորթերը։

Տվյալ փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և ԱՄՆ միջնորդական ջանքերին առնչվող հարցին էլ, մասնավորապես՝ «հաշվի առնելով այն, ինչ անում է Ռուսաստանը տարածաշրջանում, դեռ համարո՞ւմ եք արդյոք Ռուսաստանին գործընկեր այդ տարածաշրջանում խաղաղարար գործունեությունում», Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալն արձագանքել է․ - «Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, խորապես հանձնառու է մնում հակամարտության երկարատև քաղաքական լուծման հասնելու գործում կողմերի հետ աշխատելուն»։

Մինսկի խմբի համանախագահող երկրներից Ֆրանսիան ևս մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բանակի դիրքային առաջխաղացման կապակցությամբ և կոչ արել բանակը վերադարձնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության օրվա դիրքերին:

Ադրբեջանի զինուժը մարտի 24-ին Արցախի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը: Թեև նույն օրը Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ, մարտի լույս 25-ի գիշերը և ուրբաթ ցերեկը հայկական և ադրբեջանական կողմերի միջև փոխհրաձգություններ են տեղի ունեցել, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև անօդաչու թռչող սարքեր, երկու կողմից էլ, ըստ Արցախի Պաշտպանության բանակի, կան զոհեր և վիրավորներ։ Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում, բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են, պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտն ակնկալում են, որ ռուս խաղաղապահներն այդ ուղղությամբ միջոցներ կձեռնարկեն։
Այդուհանդերձ, Արցախի Պաշտպանության բանակն այսօր հաղորդեց, որ իրավիճակը տվյալ հատվածում կրկին սրվել է, ադրբեջանցիները փորձում են առաջխաղացում ապահովել, ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների։

XS
SM
MD
LG