Ասկերանում իրադրության սրումից երկու օր անց տեղում իրավիճակին է անդրադարձել ռուսական խաղաղապահ առաքելությունը, հաղորդելով, որ մարտի 24-ի լույս 25-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը խախտելով եռակողմ հայտարարության դրույթները, մտել են ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի, և դիտակետ տեղակայել։
Փառուխ գյուղի մոտակայքում ադրբեջանցիները Ղարաբաղի զինված ուժերի ուղղությամբ «Բայրաքթար» անօդաչուով չորս հարված են հասցրել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն նշելով, որ այս պահին խաղաղապահ առաքելությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու և զորքերին իրենց ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ։
«Ադրբեջանական կողմին կոչ է արվել հետ քաշել զորքերը», - ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագությունում։
Ադրբեջանի զինուժը մարտի 24-ին Արցախի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը: Թեև նույն օրը Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ, մարտի լույս 25-ի գիշերը և ուրբաթ ցերեկը հայկական և ադրբեջանական կողմերի միջև փոխհրաձգություններ են տեղի ունեցել, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև անօդաչու թռչող սարքեր, երկու կողմից էլ, ըստ Արցախի Պաշտպանության բանակի, կան զոհեր և վիրավորներ։ Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում, բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են, պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտն ակնկալում են, որ ռուս խաղաղապահներն այդ ուղղությամբ միջոցներ կձեռնարկեն։ Այդուհանդերձ, Արցախի Պաշտպանության բանակն այսօր հաղորդեց, որ իրավիճակը տվյալ հատվածում կրկին սրվել է, ադրբեջանցիները փորձում են առաջխաղացում ապահովել, ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների։