Չնայած ծագած դժվարություններին ու հարուցված խոչընդոտներին, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ շարունակում ենք սերտ աշխատանքը իրավիճակը կայունացնելու ուղղությամբ, Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Արցախի ղեկավարը նշել է, որ վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են նոր օրակարգ ձևավորել, քանի որ ադրբեջանական կողմն ակնհայտ սադրանքի միջոցով ապակայունացնում է իրավիճակը:
«Ռուս-ուկրաինական հակամարտությունը ենթադրում էր, որ ադրբեջանական կողմն օգտվելու է առիթից և Արցախում դիմելու է տարբեր սադրանքների: Ինչպես գազամատակարարման խափանմամբ, այնպես էլ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ և հարակից տարածքներ ներխուժմամբ ու մարտական որոշակի գործողությունների հրահրմամբ Ադրբեջանի իշխանությունները ցույց տվեցին, որ չեն հարգում թե՛ 2020թ.-ի նոյեմբերին ընդունած եռակողմ հայտարարությունը, թե՛ դրանից հետո տարբեր մակարդակներով ստանձնած քաղաքական պարտավորությունները», - հայտարարել է Հարությունյանը:
ԱԽ նիստի մասնակիցները քնննարկել են ներկա իրավիճակին առնչվող մի շարք հարցեր:
Ադրբեջանի զինուժը երեկ Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը: Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։ Արցախի պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն` գիշերը հայկական և ադրբեջանական ուժերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, երկու կողմն էլ ունի զոհեր ու վիրավորներ։ Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտն ակնկալում են, որ ռուս խաղաղապահներն Արցախում միջոցներ կձեռնարկեն՝ ադրբեջանցիներին վերադարձնելու ելման դիրքեր։