Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ժամանել է Լեհաստան: Առաջին կանգառը Ժեշովն է. լեհական այս քաղաքը գտնվում է Ուկրաինայի սահմանից հարյուր կիլոմետր հեռավորության վրա և համարվում է ուկրաինացի փախստականների առաջին անցակետը Եվրամիության տարածք տանող ճանապարհին։
Ժեշովում Նահանգների առաջնորդը մտադիր է հանդիպել ուկրաինացի փախստականներին, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու Ուկրաինայի մարդասիրական ճգնաժամի թուլացման ուղիները։
Մինչ այդ նախագահ Բայդենն այցելել է ամերիկացի զինվորականներին, որոնք Լեհաստան են ուղարկվել Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից օրեր առաջ՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևն ամրապնդելու նպատակով։
Լեհաստանի իշխանությունների հետ Բայդենի հանդիպումները նախատեսված են վաղը՝ մայրաքաղաք Վարշավայում։ Երկօրյա այցի ավարտին, ինչպես տեղեկացնում է Սպիտակ տունը, Միացյալ Նահանգների նախագահը հանդես կգա հատուկ ուղերձով։
Բայդենի եվրոպական ուղևորության երկրորդ կանգառը դարձած Լեհաստանը առաջին թիրախը կարող է դառնալ ռուս-ուկրաինական պատերազմի հետագա սրացման դեպքում։
Ռուսաստանի հարձակումները արդեն մոտեցել են ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ այս երկրին։ Մարտի սկզբներին ռուսական զինուժի հարվածները հասել էին Լեհաստանի սահմանակից ուկրաինական արևմտյան շրջանները։
Լեհաստանում փախստականների աննախադեպ ճգնաժամ է
Ռազմական վտանգին զուգահեռ Լեհաստանում փախստականների աննախադեպ ճգնաժամ է։ Ուկրաինան լքած ավելի քան 3.5 միլիոն փախստականներից երկու միլիոնից ավելին Լեհաստանում է պատսպարվել։
Նախօրեին Բրյուսելում դաշնակիցների հետ հանդիպումներում Բայդենը պնդում էր՝ ուկրաինացի փախստականների խնդրի լուծումը չպետք է թողնել միայն Լեհաստանի կամ Ռումինիայի, Գերմանիայի ուսերին։
«Սա միջազգային պատասխանատվություն է», - շեշտել է Նահանգների առաջնորդը և պատրաստակամություն հայտնել ապաստան տալ հարյուր հազար ուկրաինացիների և մեկ միլիարդ դոլարի հումանիտար օգնություն հատկացնել պատերազմից տուժածներին։
Քննարկումների օրակարգում նաև Ուկրաինային ռազմական օգնությունն է լինելու
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելում նախատեսված Բայդեն-Էրդողան հանդիպումը չի կայացելՄյուս առանցքային հարցը, որը Սպիտակ տան ղեկավարը պատրաստվում է քննարկել լեհական իշխանությունների հետ, Ուկրաինային ռազմական օգնությունն է, որը տարաձայնություններ է հարուցել արևմտյան ռազմական դաշինքի ներսում` մասնավորապես Վարշավայի ու Վաշինգտոնի միջև։ Լեհաստանի իշխանություններն առաջարկել են «ՄԻԳ -29» կործանիչներ տրամադրել ուկրաինական բանակին՝ դրանց դիմաց ամերիկյան F-16 կործանիչներ ստանալու ակնկալիքով։ Բայդենը, սակայն, մերժել է այդ տարբերակը` մտավախություն հայտնելով, որ այդ քայլը Պուտինը կարող է դիտարկել որպես հակամարտության սրում` հանգեցնելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև առճակատման։
Ի դեպ, այսօր Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի ինքնաթիռը, որն ուղևորվել էր Ժեշով քաղաք` դիմավորելու Միացյալ Նահանգների նախագահին, վթարային վայրէջք է կատարել Վարշավայում։ Պատճառների մասին նախագահ Դուդայի մամլո ծառայությունը մանրամասներ չի հայտնել։ Միայն հաղորդվել է, որ Լեհաստանի նախագահը մեկ այլ օդանավով է հասել Ժեշով: