Մատչելիության հղումներ

ՌԴ-ն պիտի կոնֆլիկտից ավելի ուժեղ դուրս գա, բայց դրա րոպե առաջ հանգուցալուծումը մեզ համար անչափ կարևոր է. ընդդիմադիր պատգամավոր


Ռուս-ուկրաինական պատերազմի մասին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության տարածած հայտարարությունը ռուսամետ չէ, հայտարարում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժից։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքով՝ հայտարարությունը ոչ թե որևէ կողմին սատարելու համար էր արվել, այլ հասցեագրում էր իրողություններ ու խնդիրներ, որոնք ուղիղ Հայաստանին ու Ուկրաինայի հայերին են առնչվում։

«Հայտարարություն էր այն մասին, թե ինչպիսի դիրքավորումներ ունի Հայաստանն այս համատեքստում, և թե ինչպես է այն անդրադառնում ՀՀ վրա` սանկցիաների համատեքստում, մեր հայրենակիցների համատեքստում», - նկատեց պատգամավորը:

6 կետից բաղկացած տեքստում խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի ներկայացուցիչները մի կողմից դատապարտում են որոշ երկրներում սկիզբ առած ռուսատյացության դեպքերը, մյուս կողմից էլ արձանագրում, որ արևմտյան քաղաքական և հատկապես տնտեսական պատժամիջոցները չեն նպաստելու ճգնաժամի հանգուցալուծմանը։ Արևմտյան երկրները Ռուսաստանի նկատմամբ բազմաթիվ պատժամիջոցներ են սահմանել Ուկրաինա ներխուժումից հետո։

«Սանկցիոն քաղաքականությունը առհասարակ, որ այս պահին տարվում է, բուն արդյունք չի ունենալու, որովհետև եթե ուզում ես հասնել որևէ խաղաղ հանգուցալուծման, ապա չպետք է այրես կամուրջները, իսկ սանկցիոն քաղաքականությունը հենց նման տրամաբանություն ունի և հատկապես այն համատեքստում, որ այդ սանկցիաներից ուղղակիորեն նաև տուժելու է Հայաստանի Հանրապետությունը` հաշվի առնելով այն տնտեսական և քաղաքական կապերը, որ գոյություն ունեն Հայաստանի և Ռուսաստանի միջև», - ասաց Աննա Գրիգորյանը:

Այնուամենայնիվ, «Հայաստան» խմբակցության պատգամավորը չի թաքցնում՝ ընդդիմադիր ուժի համար կարևոր է, որ հակամարտության ընթացքում ու հետո Ռուսաստանի դիրքերն ավելի ամուր լինեն։ Դա Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ են պայմանավորում. «Տեսեք, թե այսօր ինչ է տեղի ունենում Արցախում, սա տեղի է ունենում նաև այն պատճառով, որ Ռուսաստանն այսօր ավելի քան զբաղված է Ուկրաինայում, և դրանից օգտվում է Ադրբեջանը: Ի՞նչ կարող է լինել այն դեպքում, եթե Ռուսաստանի դիրքերը գնալով ավելի վատանան ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումից հետո: Հետևաբար, ընդհանուր մեր պատկերացումներում, իհարկե, Ռուսաստանը պետք է այդ կոնֆլիկտից ավելի ուժեղ դուրս գա, բայց րոպե առաջ կոնֆլիկտի հանգուցալուծումը մեզ համար անչափ կարևոր է»:

Երկրորդ նախագահի առաջնորդած ուժի հայտարարությունը պրոռուսական ու անպատեհ է համարում քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։ Շեշտում է՝ կոնֆլիկտն արդեն փաստացի վերաճել է Արևմուտք-Ռուսաստան հակամարտության։ Կարծում է՝ այն կարող է էական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի վրա։

«Որովհետև եթե այնտեղ լիներ միայն ինքնորոշման իրավունքի իրացման մասը, ապա դա նորմալ կլիներ, բայց քանի որ խոսվում է նաև ամբողջ աշխարհում ռուսատյացության մասին, դրսևորումների մասին, խստորեն դատապարտվում է դա և այլն, ապա դա արդեն, այո, ընկալվում է որպես միանշանակ պրոռուսական», - շեշտեց նա:

Նման կարևորագույն իրավիճակներում, ըստ Արմեն Բաղդասարյանի, իշխանությունն ու ընդդիմությունը ցանկալի է` հանդես գան միասնական դիրքորոշմամբ: Քաղաքական մեկնաբանը կարծում է, որ ընդդիմադիր խմբակցության հայտարարությունն ավելի շատ Հայաստանի ներքաղաքական իրադարձություններով է պայմանավորված. «Գաղտնիք չի, որ «Հայաստան» դաշինքը Հայաստանում ինչ-որ հաջողությունների հասնելու համար անընդհատ փորձում է այդ թվում նաև Ռուսաստանից աջակցություն ստանալ, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը խոսեց չէ՞, որ այո, ընդհանուր պետության հարցը կարելի է քննարկել և այլն»:

Բաղդասարյանը ճիշտ ու տեղին է համարում պաշտոնական Երևանի չեզոք դիրքավորումը ռուս-ուկրաինական հակամարտության կոնտեքստում։ Պատերազմից հետո հայկական կողմը միջազգային կառույցներում Ռուսաստանին առնչվող քվեարկություններին կա՛մ ձեռնպահ է քվեարկում, կա՛մ չի մասնակցում դրանց։ Նախքան պատերազմը Հայաստանը հայտարարել էր, որ իր օրակարգում չկա Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հարցը։

XS
SM
MD
LG