Մրցակցային, թափանցիկ, արդար ընտրություններ, որոնք մեծամասամբ զերծ էին կեղծարարության և բռնության դեպքերից, այսպիսի գնահատական է տվել Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը Հայաստանի վերջին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։
Անցած դեկտեմբերին Հայաստանի 36 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ զեկույցը երեկ է հրապարակվել։ Ստրասբուրգում զեկույցի հրապարակմանը Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Դավիթ Խաժակյանն էլ է մասնակցել, նա կոնգրեսի պատվիրակների շարքում էր։ Խաժակյանն ընդգծեց՝ այս զեկույցը նշանակում է, որ ի տարբերություն նախորդ ՏԻՄ ընտրությունների, այն համապատասխանել է ժողովրդավարական չափանիշներին։
«Միանշանակ կարող ենք ասել, մանավանդ, որ զարմանալիորեն ֆիքսվում է, որ նախկինում եղել են ընտրակեղծարարության դեպքեր, որոնք հիմա բացառված են», - ասաց Խաժակյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՏԻՄ ընտրությունները ընդհանուր առմամբ հանգիստ էին, խաղաղ, բայց կան նաև ճնշումների մասին հաղորդումներ․ ԱՄՆ դեսպանությունԶեկույցը պատրաստած փորձագետներն ընդգծում են, որ թեև կորոնավիրուսի համաճարակին և հետպատերազմական ծանր իրավիճակին, տեղական իշխանությունների ընտրություններն անցել են առանց էական խնդիրների՝ մասնավորապես, առանց ձայների վաճառքի։
«Դրական է գնահատվում, որ ընտրական կեղծարարություն տեղի չի ունեցել և ձայնի վաճառք կամ կառուսելով քվեարկություն չի եղել, հենց «կառուսելով քվեարկություն», այդ արտահայտությունն էլ կիրառված է։ Խոսվում է նաև նրա մասին, որ հետպատերազմյան այս շրջանն իր ազեդցությունն ունեցել է և նաև մեջբերվում է այն դրվագը, երբ քարոզարշավի ընթացքում Սյունիքի վրա հարձակում տեղի ունեցավ և դա ևս ազդող հանգամանք էր», - ասաց Խաժակյանը։
Նախարարների կոմիտեին և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին տեղական և տարածքային քաղաքականության հարցերի վերաբերյալ խորհրդատվություններ տվող կոնգրեսի զեկույցում որպես թերություններ առանձնացված են վարչական ռեսուրսների կիրառման, քվեարկության տեխնիկական խնդիրները։ Խաժակայն ընդգծում է, որ կոնգրեսը հստակ նշել է ոչ միայն իշխանական, այլ ընդդմադիր համայնքապետերի կողմից վարչական ռեսուրսների կիրառման փորձերը։
«Հիմնական նկատառումը բացասական վերաբերում է քվեարկության մեխանիզմներին, որովհետև կային համայնքներ, որտեղ քվեարկությունն իրականացվում էր առանձին թերթիկների միջոցով, ինչը գնահատվել է որպես ավելի շփոթեցնող, նաև արձանագրվում է, որ ժամանակը պատրաստվելու այդ ընտրություններին կարճ էր՝ հաշվի առնելով, որ փոփոխվեց վերջին շրջանում Ընտրական օրենսգիրքը», - ասաց Խաժակյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ-ն պարտվել է մի քանի խոշոր քաղաքներում. որոշներում, ըստ Սաքունցի, կոալիցիաների մի քանի հավանական տարբերակներ կանՆրա փոխանցմամբ, կոնգրեսը զեկույցը բուն ընտրական գործընթացի մասին է, ոչ թե՝ հետընտրականի։ Իսկ դեկտեմբերյան ընտրություններին մի շարք խնդիրներ հաջորդեցին, որոնք ծագել էին «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի վերջին փոփոխություններից հետո։
Եթե մինչ այդ համայնքի ղեկավարը ընտրվում էր ուղիղ քվեարկությամբ, ապա այժմ հաղթող դաշինքների կամ կուսակցությունների ձևավորած ավագանին է ընտրում համայնքապետին։ Արդյունքում որոշ դեպքերում համայնքի ղեկավար ընտրվեցին ոչ թե ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժի ներկայացուցիչները, այլ՝ նրանք, ովքեր կարողացան կոալիցիաներ կազմել ու ավելի մեծ ներկայություն ապահովել ավագանիում։
Մի շարք անհամաձայնությունների պատճառով դեռևս չլուծված է մնում մի քանի համայնքներում ղեկավարների ընտրության հարցը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետը հնարավոր է առաջիկայում Վանաձորի համայնքապետի ԺՊ նշանակի, բայց օրենքի ինչ կետով` հայտնի չէ