Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակով շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին Ադրբեջանի ժողովրդին Նովրուզի տոնի, երկու երկրների միջև դիվանագիտական կապերի 30-ամյակի կապակցությամբ շնորհավորելու համար:
Ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության, նամակում Ալիևն անդրադարձել է նաև տարածաշրջանի հարցերին, գրելով, որ «Ադրբեջանը, որպես խաղաղության աջակից, պատրաստ է սկսել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որոնք պետք է հիմնվեն միջազգային իրավունքի առանցքային դրույթների՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անքակտելիության վրա»:
«Հուսով եմ, որ Միացյալ Նահանգները կաջակցի ապագայի տեսլականի վրա խարսխված Ադրբեջանի խաղաղ օրակարգը», - գրել է Ալիևը Բայդենին:
Նամակում Ադրբեջանի նախագահը նաև նշել է, թե Ադրբեջանում ուրախությամբ կընդունեին ամերիկյան ընկերությունների մասնակցությունն «ազատագրված տարածքներում իրականացվող վերականգնողական աշխատանքներին»: