«Ամենալավ ձևակերպումը տվել ա առաջին նախագահը՝ ազգակործան պատուհաս։ Դասական, դասական ձեւակերպում ա»։ Մեկ տարի առաջ էր «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը այսպես քննադատում վարչապետին։
Էդմոն Մարուքյանը երեք օր առաջ համաձայնել է պաշտոն ստանալ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում։ Դարձել է հատուկ հանձնարարություններով դեսպան։ Քաղաքական դաշտի ընդդիմադիր բևեռում դիրքավորված Լուսավորի ղեկավարը իր որոշումը մեկնաբանում է պետության շահի սպասարկման տեսանկյունից։
Իսկ նրա կուսակից Աննա Կոստանյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել։ Նրա կարծիքով՝ «Լուսավորը» շեղվել է սկզբունքներից. - «Այն կեցվածքը և այն արժեքները և այն գաղափարները, որոնք որ «Լուսավոր Հայաստանը» որդեգրել էր նախկինում, և այն գիծը, որը որ մշտապես փորձել է պահել, և դրա շրջանակներում էլ մենք բոլորս խորհրդարանում էլ, խորհրդարանից դուրս էլ փորձել ենք գործել, ինձ համար այդ գծից շեղում էր»։
Նախկին պատգամավորը լավ է հիշում Փաշինյանին ուղղված իրենց քննադատությունը։ Ընդգծում է՝ գործող իշխանությունը ձախողել էր մինչև պատերազմը։ Իրենք այդ ձախողումների ու բացթողումների մասին են խոսել ու բարձրաձայնել, պահանջել այդ նույն իշխանությանը հեռանալ։
«Էս հեղափոխությունը էղել ա նրա համար, որ մարդիկ ավելի լավ ապրեն։ Էղել ա նրա համար, որ մարդիկ ավելի հավասար լինեն։ Բայց հավասարությունը խաբկանք ա, մեծ խաբկանք։ Էդ հավասարությունը չի ապավովվել. իրանք լավ են ապրում, դուք ոնց ապրում էիք էդպես էլ ապրում եք։ Տասը տոկոս ձեր կյանքից էս մարդիկ են ղեկավարում, թող ցույց տան տաս տոկոս որտեղ ա կյանքը լավացել։ Տաս տոկոս ցույց տվեք որտեղ են լավ բան արել... Դուք գնացել կառավարական ամառանոցներում ապրում եք, դուք դավաճանել եք հեղափոխությանը, սկսել եք լավ ապրել, ու էդ օրվանից սաղ կործանվել ա», - վերջին խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասում էր Մարուքյանը։
«Կարծում եմ, որոշումս ճիշտ էր, և չեմ կարծում, որ ինչ-որ պահի կփոշմանեմ», - ասում է Կոստանյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ծեծկռտուք Ազգային ժողովումՈւղիղ երկու տարի առաջ գարնանը խորհրդարանում Փաշինյանի թիմակիցները վիրավորում, պիտակավորում ու հարվածում էին ընդդիամդիր խմբակցության ղեկավար Մարուքյանին։ Փոխադարձ վիրավորանքները, կոշտ քննադատությունը «Լուսավորից» հեռացող Կոստանյանը լավ է հիշում։ Տարակուսած է, ընդամենը երկու տարի է առաջ էր, ինչպես են միմյանց ձեռք սեղմելու։ Հատկապես որ, ըստ նրա, Մարուքյանը իր պաշտոնով նույնսիկ ամենամեծ ցանկության դեպքում, ոչինչ չի կարողանալու փոխել. - «Եվ պրակտիկայում չեմ էլ պատկերացնում. այդ ամենով հանդերձ, հետո ինչպես է հնարավոր լինելու միմյանց ձեռք սեղմել, ժպտալ... և մոռանալ»։
Դա նորմալ քաղաքական գործընթաց է
Վարչապետին քննադատելն ու այդ վարչապետից պաշտոն ստանալը Լուսավորում ոչ բոլորն են համարում սկզբունքներից շեղում։ Օրինակ, Դավիթ Խաժակյանի համար, սա բնականոն քաղաքական գործընթաց է։ Պետության արտաքին ճակատում բաց կա, լրացնելու են, պետությանն են ծառայելու. - «Ես չեմ հասկանում, թե մեր և Քաղպայմանագրի միջև խորհրդարանական համատեղ աշխատանքի ընթացքում եղած տարաձայնությունները ինչով են կապվում պետության արտաքին ճակատին ծառայելու հարցում։ Դա բնականոն, նորմալ քաղաքական գործընթաց է, որը մեր պետության շահերին դեմ գործող ընդդիմադիրները փորձում են ներկայացնել որպես պաշտոն ստանալու, արտոնություններ ստանալու իմաստով։ Ես էդ մարդկանց ասելիք չունեմ»։
Իսկ կուսակցության ղեկավարի պաշտոն ստանալուց հետո Լուսավորը քաղաքական դաշտի ո՞ր բևեռում է հանգրվանելու։ Իշխանակա՞ն են, ընդդիմադի՞ր։ Ի՞նչ կարգավիճակով են ներկայանում իրենց համակիրներին, ընտրողներին։ «Մենք արտախորհրդարանական ուժ ենք, ոչ իշխանական։ Եվ բոլոր դասական քաղաքական ձևակերպումներով դա կոչվում է ընդդիմադիր ուժ», - պատասխանեց Խաժակյանը։
Նրա կարծիքով, Նիկոլ Փաշինյանի արտաքին ճակատում հավասարակշռված քաղքակնություն է վարում։ Այստեղ խնդիր չեն տեսնում։ Մինչդեռ մեկ տարի առաջ էդմոն Մարուքյանը Հայաստանի փրկությունը համարում էր Փաշինյանի ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտրապայքարից հեռանալը։
«Պետք ա երկուսով հավաքվեն, իրար հետ հեռանան։ Հեռանան, արենան ազատեն։ Հայաստանը տեղում դոփելու իրավունք չունի, Փաշինյանի վերընտրումը դա է», - հայտարարում էր Մարուքյանը մինչև խորհրդարանական ընտրությունները։
Ինչո՞ւ Փաշինյանի ընդդիմախոսը լքեց ընդդիմադիր ճակատը։ Մարուքյանը չի ցանկանում մեկնաբանել։ Այսօր էլ հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին։