Երկրում ներքաղաքական հաշտությունն ու համերաշխությունը վերականգնելու ժամանակն է, այսօր Ավան համայքի ընտրատեղամասերից մեկում իր քվեարկությունը կատարելուց հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։
Նա հույս հայտնեց, որ հաշտության վերականգնումն այլընտրանք չի ունենալու։
«Երկրում ներքաղաքական հաշտությունն ու համերաշխությունը վերականգնելու ժամանակն է։ Դա կարելի էր ավելի վաղ անել, բայց ընտրությունները մեզ համար շանս են, այս իրավիճակում այդ քայլը կատարել, և ես մեծ հույս ունեմ, որ համերաշխությունը, հաշտության վերականգնումն այլընտրանք չի ունենալու մեզ համար, որովհետև մեր մարտահրավերները շատ ավելի մեծ են, քան մենք ենք պատկերացնում, երևի թե, և այս իմաստով է, որ այլընտրանք չունենք։ Մենք պետք է մեր փոքրիկ ճշմարտությունները մի կողմ դնենք հանուն ավելի մեծ ճշմարտության և հանուն ավելի մեծ արժեքի, որը մեր պետությունն է, մեր պետականությունն է։ Ահա թե ինչի համար եմ ես քվեարկել», - ասաց Մարուքյանը։