«Եթե մեր օրակարգը պարտված է, մենք որևէ ձևով որևէ անելիք չունենք։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ էդ օրակարգը հաղթի, էդ օրակարգը մեր ժողովրդի պահանջն է։ Մեզանից կախվածը մենք արդեն արել ենք, մյուս ուժերից կախվածն ա պետք անել: Համերաշխության ու համախմբման սարեր շուռ տվող ուժի դեմ ոչ մի բան չի կարող կանգնել, ամեն ինչ դրանից փոքր ա։ Էն գաղափարը, որ մենք դրել ենք, դրանով հնարավոր ա սարեր շուռ տալ», - ասում է կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
9-րդ համարով արտահերթին մասնակցող ԼՀԿ-ն նախընտրական քարոզարշավի վերջին օրը Երևանի Արաբկիր վարչական շրջանում էր։
««Լուսավոր Հայաստանը» մարդկանց ասում է՝ դուք ունեք այլընտրանք, դուք ստիպված չեք ընտրելու նախկիններին կամ ներկաներին», - արաբկիրցիներին էր դիմում կուսակցության ղեկավար անդամ Անի Սամսոնյանը։
Կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի գնահատմամբ, իրենց ասելիքը կարողացել են ընտրողներին հասցնել․ - «Մտահոգված էի, մտածում էի չենք հասցնի։ Որովհետև մամուլը, ԶԼՄ-ները․․․էսպես ասեմ՝ ավելի շատ լայքեր և դիտումներ հավաքում են կիսահայհոյախառն, իրար սպառնացող ելույթներն ու խոսքերը։ Եվ կար մտավախություն, որ նորմալ, ցիվիլ, քաղաքակիրթ արշավը կարող ա դուրս մնալ։ Բայց ես ուզում եմ ամփոփելով ասել, որ դուրս չի մնացել, էդ ուղերձները հասել են մարդկանց, և շատ մեծ աջակցություն կա»։
Մարուքյանի համոզմամբ՝ քաղաքացիները համախմբման պահանջ ունեն․ - «Ժողովուրդն ա ուզում և ժողովուրդն ա դա պարտադրում։ Ժողովուրդը չի հարցնում քաղաքական ուժերին՝ սրան սիրո՞ւմ ես, թե՞ սրան չես սիրում։ Ժողովուրդն ասում ա՝ համախմբվեք, որովհետև հերիք ու բոլ էղավ, երկիրն ունի ավելի մեծ մարտահրավերներ, քան ձեր ներքին խնդիրները։ Դա է ասում ժողովուրդը։ Մտեք ցանկացած բակ, մարդիկ կանգնած են, մոտեցեք հարցրեք»։
Էդմոն Մարուքյանի կանխատեսմամբ, ընտրությունների արդյունքում ուժերից ոչ մեկը չի հաղթելու․ - «Որևէ մեկը չի հաղթելու ընտրություններում, և ձևավորվելու ա Ազգային միասնության և համերաշխության կառավարություն։ Մեր ժողովուրդը էդ ձևով ա, իմ կարծիքով, քվեարկությունը իրականացնելու»։
Կառավարությունում ըստ Մարուքյանի պետք է մասնագետներ լինեն, իսկ քաղաքական գործիչներն աշխատեն խորհրդարանում։
Քարոզարշավը ԼՀԿ-ն ավարտեց Համերաշխության երթով։