Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան: Վարչապետի որոշումը հրապարակված է egov.am-ում:
Որոշմանը հետևեց Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը, որում տեղեկացնում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվելու եմ Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում՝ ստանձնելով Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի կարգավիճակը:
Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը և սպասարկել ազգային-պետական շահերը»:
Մարուքյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահն է, նախկին պատգամավոր: Եղել է 2016-ին կազմավորված «Ելք» դաշինքի անդամ` կազմված ԼՀԿ-ից, Նիկոլ Փաշինյանի անդամակցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և Արամ Սարգսյանի առաջնորդած «Հանրապետությունից»: