«Մենք կռվում ենք, որ մեր ժողովուրդը փրկվի»
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձով դիմել է ԱՄՆ-ի Կոնգրեսին, իսկ այսօր լսարանը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդիր մարմնի ստորին պալատն է՝ Բունդեսթագը:
Զելենսկին ասել է, որ Ուկրաինան պաշտպանում է ազատ ապրելու իրավունքը, պաշտպանվում է իր տարածքի վրա աչք դրած ագրեսոր պետությունից, պաշտպանվում է առանց գերմանացիների օգնության:
«Ինչո՞ւ է օվկիանոսից անդին գտնվող երկրիը {Ամերիկայի Միացյալ Նահանգները} Ուկրաինային ավելի շատ օգնում, քան դուք: Որովհետև այստեղ կա պատ, մենք այն դեռ չենք նկատում: Մենք կռվում ենք, որ մեր ժողովուրդը փրկվի, մենք պաշտպանում ենք նրան»,- ասել է Զելենսկին:
Բունդեսթագին հասցեագրված նախագահի ուղերձում կային պատմական ակնարկներ, հիշատակումներ, որոնք Գերմանիայի ոչ մի քաղաքացի ու հատկապես քաղաքական գործիչ չի կարող անտեսել:
«Օդային կամուրջը բեռլինցիների փրկությունն էր»
Զելենսկին ասել է, որ երբ 1948-49 թվականներին, սովետական բանակը բոլոր կողմերից շրջափակել է արևմտյան Բեռլինը, և ամերիկացիների, անգլիացիների ու ֆրանսացիների հսկողության տակ մնացած քաղաքի հատվածում սով է սկսվել, արևմտյան ուժերը բնակիչների համար օդային կամրջով սնունդ, դեղորայք և առաջին օգնության այլ պարագաներ են ուղարկել: Օդանավերը 24 ժամ երկնքում էին:
Ուղերձի այդ դրվագը պատմություն քիչ թե շատ իմացող ցանկացած գերմանացու մոտ անմիջապես ակտիվացնում է սովետների կազմակերպած այդ ամոթալի պաշարման մասին տխուր հիշողությունները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը պնդում է, որ Մոսկվայի հետ բանակցությունների արդյունքում երկիրը պետք է ավելի լավ վիճակում հայտնվի, քան մինչև պատերազմն էրԶելենսկու խոսքով, Բեռլինի օդային կամուրջը փրկություն էր բեռլինցիների համար, իսկ այսօր Ուկրաինան չի կարող օդային կամրջի վրա հույս դնել, որովհետև «օդը ռուսների հսկողության տակ է, օդից հիմա միայն ռուսական ռումբեր և հրթիռներ են թափվում Ուկրաինայի քաղաքների վրա»:
«Երկրորդ աշխարհամարտը վերապրած ուկրաինացի տարեցների անունից աղաչում եմ ձեզ օդային կամրջի մասին»,- ասել է Զելենսկին:
Հարկ է նշել, որ ուրիշներից ավանդական սառնասրտությամբ տարբերվող գերմանացիները բավական ազդվել են Ուկրաինայի նախագահի ուղերձից, որի ավարտին նա պատմական ևս մեկ ակնարկ է կատարել:
Ռեյգան. «Քանդեք այդ պատը, պարոն Գորբաչով»
Այստեղ մի փոքրիկ պարզաբանում՝ 35 տարի առաջ Միացյալ Նահանգների նախագահ Ռոնալդ Ռեյգանն արևմտյան Բեռլինում տխրահռչակ պատի մոտ ուղերձով դիմել է խորհրդային լիդեր Միխայիլ Գորբաչովին:
Նա ասել է, թե ողջունում է Գորբաչովի նախաձեռնած «պերեստրոյկան» և «գլաստնոստը»: Ապա Ռեյգանն ասել է, որ եթե Գորբաչովն իսկապես խաղաղություն է ուզում, ազատականացում և բարգավաճում Խորհրդային Միության և արևելյան Եվրոպայի համար, ուրեմն պետք է վերացնի պատը:
«Քանդեք այս պատը, պարոն Գորբաչով»,- բացականչել է Միացյալ Նահանգների նախագահ Ռոնալդ Ռեյգանը:
Հիշեցնելով 1987 թվականի հունիսի 12-ի Ռեյգանի այդ պատմական ելույթի մասին` Վլադիմիր Զելենսկին դիմել է անձամբ կանցլեր Օլաֆ Շոլցին:
«Ձեզ եմ խնդրում, սիրելի պարոն կանցլեր Շոլց, քանդեք այս պատը, տվեք Գերմանիային լիդերի այն դերը, որին արժանի է ձեր երկիրը, և ձեր ժառանգները կհպարտանան ձեզնով, աջակցեք Ուկրաինայի ազատությանը, վերջ տվեք այս պատերազմին, օգնեք մեզ դադարեցնել այս պատերազմը, կեցցե՛ Ուկրաինան»,- ասել է Վլադիմիր Զելենսկին:
Առաջին օրվանից պատերազմը չընթացավ ռուս գեներալների ծրագրով
Ուկրաինան, իհարկե, ծանրագույն վիճակում է, Արևմուտքը չի ցանկանում այդ երկրի օդային տարածքը փակել, քանի որ առնվազն տեսականորեն դա կարող է հանգեցնել ջերմամիջուկային պատերազմի, որով մարդկային ռասայի պատմությունը, հավանաբար, կավարտվի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայում պարտիզանական պատերազմ է սկսվել ռուսաստանցի զավթիչների դեմ. ԱվտոնոմովՍակայն Արևմուտքը զենք ու զինամթերք է ուղարկում Ուկրաինա, և պատերազմը շարունակվում է:
Մինչդեռ, Ռուսաստանի վիճակն էլ նախանձելի չէ: Մարդիկ սատարում են Պուտինին, հպարտանում են, պարտավորվում են մինչև վերջ կռվել նենգ Արևմուտքի դեմ: Բայց կռիվ նշանակում է կորուստներ: Առաջին օրվանից այս պատերազմը չընթացավ ռուս գեներալների կազմած ծրագրով:
1945 թվականին ամերիկացիները Խաղաղ օվկիանոսում ճապոնացիների դեմ 36 օր կատաղի մարտեր են մղել, 7 հազար զոհ են տվել և վերջապես գրավել են Իվոձիմայ կղզին:
Ռուսական բանակի մարտունակությունը կասկածի տակ է
Այսօր Ուկրաինայի վրա ռուսների հարձակման 22-րդ օրն է, ըստ ամերիկյան հետախուզության, ռուսներն արդեն կորցրել են ավելի քան 7 հազար զինծառայող:
Դա գերազանցում է Աֆղանստանում և Իրաքում 20 տարի տևած երկու պատերազմներում ամերիկացիների զոհերի ընդհանուր թիվը:
Ռուսական ուժերի, այդ թվում` հետևակի և տանկային միավորումների, մարտական արդյունավետությունը հարցականի տակ է հայտնվել, նկատելի է նաև մարտական ոգու անկումը:
Պենտագոնի փորձագետների փոխանցմամբ, եթե մեկ ստորաբաժանում ունի 10 տոկոսի կորուստ՝ զոհեր և վիրավորներ, ապա մարտական առաջադրանք չի կարող կատարել:
Ռուսներն Ուկրաինայում ունեն մոտ 150 հազար զինծառայող, եթե կորցրել են մոտ 7 հազար մարդ և ունեն 14-ից 20 հազար վիրավոր, ապա դա անցնում է վերը նշված 10 տոկոսը:
Հետևաբար, հրապարակված մարտական առաջադրանքները կատարելու համար Կրեմլը ստիպված կլինի ուրիշ շրջաններից զորամիավորումներ ուղարկել Ուկրաինա: