ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը չորեքշաբթի օրը պահանջել է Ռուսաստանից անհապաղ դադարեցնել ռազմական ներխուժումը Ուկրաինա։
«Ռուսաստանի Դաշնությունը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական բռնությունը, որը սկսել է 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի տարածքում», - ասվում է դատարանի վճռում, որը հրապարակվել է երեկ Հաագայում։ Հրապարակմանը ներկա չեն եղել Ռուսաստանի ներկայացուցիչները։
Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Ուկրաինայի հայցն ընդդեմ Ռուսաստանի, որը Կիևը ներկայացրել էր երկու շաբաթ առաջ՝ բողոքելով Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին 1948 թվականի կոնվենցիայի խախտման մասին։ Նախագահող դատավոր Ջոան Դոնոհյուն հայտարարել է՝ «բռնությունը պետք է դադարեցվի», քանի որ այս «գործողությունը հանգեցնում է անթիվ մահերի և վիրավորների»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել է դատարանի որոշումը։ «Ուկրաինան ամբողջական հաղթանակ տարավ Արդարադատության միջազգային դատարանում Ռուսաստանի դեմ գործով: Դատարանը Ռուսաստանի Դաշնությանը պարտավորեցրել է անհապաղ դադարեցնել ներխուժումն Ուկրաինա», - գրել է Զելենսկին Twitter-ում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից որոշման անտեսումը կհանգեցնի է'լ ավելի մեծ մեկուսացման։
Դատարանի որոշումը պարտադիր է կատարման համար, սակայն փորձագետները կասկածում են, թե Ռուսաստանը կկատարի այն՝ մատնանշելով, որ Մոսկվայի ներկայացուցիչները բոյկոտել էին դատական նիստը։ Դատարանը միջոցներ չունի պարտված կողմին պարտադրելու կատարել վճիռը, սակայն այն կարող է դեր խաղալ Ռուսաստանի վրա միջազգային ճնշումների մեծացման համար։
Դատարանի ներկայիս որոշումը նախնական է, վերջնական վճիռը կկայացվի հիմնական դատավարությունից հետո, որը կարող է տարիներ տևել։