Մատչելիության հղումներ

Կիևը պնդում է, որ Մոսկվայի հետ բանակցությունների արդյունքում երկիրը պետք է ավելի լավ վիճակում հայտնվի, քան մինչև պատերազմն էր


Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ուղիղ երեք շաբաթ անց Վլադիմիր Զելենսկին կրկին հայտարարում է՝ դիմադրությունը շարունակվում է, շարունակվում են նաև Մոսկվայի հետ բանակցությունները։

«Բանակցությունները շարունակվում են, բանակցություններ հանուն Ուկրաինայի։ Իմ առաջնահերթություններն այդ բանակցությունների ընթացքում շատ հստակ են՝ պատերազմի դադարեցում, անվտանգության երաշխիքներ, ինքնիշխանություն և տարածքային ամբողջականության վերականգնում», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկու այս հայտարարությունը հնչեց արևմտյան ամենահեղինակավոր պարբերականներից մեկում՝ Financial Times ռուս-ուկրաինական բանակցություններին նվիրված որոշ մանրամասների հրապարակումից հաշված ժամեր անց։ Պարբերականը, վկայակոչելով բանակցային գործընթացին մասնակցող իր աղբյուրները, պնդում է, որ Մոսկվային և Կիևին հաջողվել է զգալի առաջընթաց արձանագրել, այդ թվում՝ կրակի դադարեցման և Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերման հարցում։ Թերթի աղբյուրները հայտնել էին, որ բանակցությունների մասնակիցներին անգամ հաջողվել է խաղաղ համաձայնագրի 15 կետից բաղկացած նախագիծ մշակել։

«Առաջին անգամ ռուսական և ուկրաինական պատվիրակությունները այս նախագիծը քննարկել են երկուշաբթի օրը», - գրում է թերթը՝ տեղեկացնելով, որ շրջանառության մեջ դրված փաստաթղթի համաձայն Ուկրաինան պարտավորվում է չանդամակցել ՆԱՏՕ-ին, ինչպես նաև հրաժարվել իր տարածքում օտարերկրյա ռազմակայաններ և սպառազինություն տեղակայելու մտքից։ Դրա դիմաց Ուկրաինայի դաշնակից պետությունները Կիևին անվտանգության հստակ երաշխիքներ են տրամադրելու, պնդում է Financial Times-ը՝ այդ դաշնակիցների թվում հիշատակելով Միացյալ Նահանգներին, Մեծ Բրիտանիային և Թուրքիային։

Բրիտանական թերթի հրապարակմանն առաջինը արձագանքեց Մոսկվայի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավարներից մեկը՝ Միխայիլ Պոդոլյակը։

«Financial Times-ը հրապարակել է [համաձայնագրի] սևագիր տարբերակը, որն արտահայտում է ռուսական կողմի պահանջները, ոչ ավելին։ Ուկրաինական կողմն իր պահանջներն ունի։ Միակ բանը, որ կարող ենք հաստատել այս պահին՝ կրակի դադարեցումն է, ռուսական զորքերի դուրսբերումը և մի շարք պետությունների կողմից [Ուկրաինային տրվող] անվտանգության երաշխիքները», - Twitter-ում արված գրառման մեջ նշել է ուկրաինացի պաշտոնյան։

Մի քանի ժամ առաջ պաշտոնական Կրեմլը ևս կասկածի տակ դրեց Financial Times-ի հրապարակման իսկությունը՝ հայտարարելով, թե դրանում տեղ գտած որոշ փաստեր թեև համապատասխանում են իրականությանը, սակայն ընդհանուր առմամբ այն հեռու է ճշմարտությունից։ «Համաձայնագրի շուրջ աշխատանքը շարունակվում է, երբ առաջընթաց լինի, մենք կհայտնենք», - այսօր նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Արևմտյան մամուլի գնահատմամբ, սակայն, բանակցությունների ընթացքում արձանագրվող գլխավոր խոչընդոտը կողմերի միջև առկա անվստահությունն է։ Financial Times-ի այդ նույն հրապարակման մեջ օրինակ ուկրաինացի դիվանագետներից մեկը չի բացառել, որ բանակցային ողջ գործընթացը «խաբեություն է և պատրանք»։

«Ռուսները ստում են ամեն ինչի՝ Ղրիմի, սահմանի երկայնքով զորքերի կուտակման, ներխուժման առթիվ այսպես կոչված հիստերիայի մասին», - թերթին ասել է ուկրաինացի դիվանագետներից մեկը հավելելով, - «մենք պետք է այնքան ճնշենք ռուսներին, մինչև նրանք խաղաղ պայմանագրի կնքմանն այլընտրանք չունենան»։

Կիևում, ի դեպ, վստահ են՝ Մոսկվայի հետ ընթացող բանակցությունների վերաբերյալ պարբերաբար ի հայտ եկող տեղեկությունները «հոգեբանական ճնշման հատուկ գործողություններ են», որոնց նպատակն է երկրի բնակչության մոտ անհարկի զիջումների և դիվանագիտական պարտության տպավորություն ստեղծել։ Այս մասին այսօր հայտարարեց Ուկրաինայի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Արետսովիչը։

«Ուկրաինայի նախագահի սկզբունքային տեսակետը, որը նա բազմիցս կրկնել է տարբեր ելույթներում և հայտարարություններում, հետևյալն է՝ Ուկրաինան պետք է ճանաչվի 1991 թվականի սահմաններով։ Բացի այդ այն բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվում, պետք է ավելի լավը լինեն քան մինչև պատերազմը ստեղծված իրավիճակն էր։ Հակառակ պարագայում ինչի՞ համար էին ուկրաինացի ժողովրդի զոհողությունները», - տարակուսում է Արեստովիչը։

Այսօրվա դրությամբ, սակայն, պաշտոնական Կիևը չի հստակեցնում, թե որոնք են պատերազմի սկզբից ավելի լավ վիճակին հասնելու ուղիները։ Ռազմական գործողությունների 22 օրերի ընթացքում ուկրաինական զինված ուժերը, չնայած համառ դիմադրությանը, նահանջել են գրեթե բոլոր ուղղություններում՝ կորցնելով վերահսկողությունը ամբողջ Խերսոնի մարզի, Զապորոժիեի, Խարկովի, Սումիի, Չերնիգովի և Կիևի մարզերի, ինչպես նաև Դոնբասի զգալի հատվածների նկատմամբ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG