Հայաստանի կառավարությունն օր առաջ պետք է ամբողջ ծավալով հակաճգնաժամային կանխարգելիչ ծրագիր իրականացնի՝ խուսափելու համար տնտեսական անդառնալի կորուստներից, կարծում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
Պատգամավորն անհասկանալի է համարում՝ ինչո՞ւ է գործադիրն այս իրավիճակում հապաղում կոնկրետ քայլերի իրականացումից, որոնք կարող են կանխել իրավիճակի սրացումը։
«Անհասկանալի է, որ կառավարությունը օր առաջ լիարժեք հակաճգնաժամային ծրագիր չի բերում, որովհետև իրապես մենք նորից մտնում ենք, փաստ է դա, տնտեսական ճգնաժամի մեջ», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
ԿԲ-ն նվազեցրեց տնտեսական աճի կանխատեսումը՝ նախկին 5,3 տոկոսի փոխարեն ընդամենը 1,6 տոկոս
Հայաստանի իշխանություններն էլ չեն թաքցնում՝ Հայաստանի տնտեսությունն արդեն բարդ իրավիճակում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով։
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը երեկ հայտարարեց՝ այդ պատժամիջոցները զգալիորեն կդանդաղեցնեն տնտեսության աճը, կհարվածեն տնտեսության ճյուղերին։ Այդ է պատճառը, որ գլխավոր դրամատունը կտրուկ նվազեցրել է այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը՝ նախկին 5,3 տոկոսի փոխարեն ընդամենը 1,6 տոկոս։
«Տեսնում ենք, որ կան որոշակի խնդիրներ հանքարդյունաբերությունում, մշակվող արդյունաբերությունում, արդյունաբերության ճյուղի -4,7 տոկոս աճ է դրված, որոշակի նվազում կա նաև շինարարության ճյուղում, միակը, որը որ որոշակի ավելի դրական զարգացում է ունենալու մեր նախկին կանխատեսումների համաձայն, դա գյուղատնտեսության ճյուղն է», - ասաց Կենտրոնական բանկի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմտյան պատժամիջոցները ծանր հարված են հասցնում Ռուսաստանի տնտեսությանըԹադևոս Ավետիսյանն այս իրավիճակում առաջին հերթին պետական բյուջեի հրատապ փոփոխության անհրաժեշտություն է տեսնում։ Այլ իրավիճակի համար նախատեսված միջոցները կոնկրետ ճգնաժամը հաղթահարելուն ուղղված միջոցառումներին պետք է հատկացվեն, ասում է Ավետիսյանը․ - «Այնտեղ կան բազմաթիվ ծրագրեր, միջոցներ նախատեսված, որոնք, մեղմ ասած, տվյալ պահի պոպուլիստական մղումներից դրդված նախատեսվել են և դրանք սովորական իրավիճակում գուցե հասկանալի լինեն, էս իրավիճակում ամբողջապես պետք է նաև նպատակն էս նոր իրողություններին համարժեք լինի, պիտի վերանայվեն այդ ծրագրերը և տնտեսական կոնկրետ խթանիչ, մտածված ծրագրեր»։
Հապաղելու դեպքում, ըստ տնտեսագետի, 1,6 տոկոս տնտեսական աճն էլ իրատեսական չի լինի, տնտեսությունն անկում կապրի։
Գնաճի ֆոնին երեկ Կենտրոնական բանկի խորհուրդը կտրուկ՝ 1.25 տոկոսային կետով բարձրացեց գնաճը զսպող վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9.25 տոկոս։ Գլխավոր դրամատնից հավաստիացնում են՝ նման գործողությունների արդյունքում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կմոտենա նպատակային 4 տոկոս ցուցանիշին։
Փետրվարին 12-ամսյա գնաճը 6,5 տոկոս է կազմել, ամբողջ 2021 թվականին՝ 7,7 տոկոս։ Վերջին օրերին հատկապես արագ են բարձրանում սննդամթերքի գները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 2021-ին Հայաստանում գնաճը կազմել է 7,7 տոկոս