Արցախի ՄԻՊ-ը միջազգային կառույցներից հստակ գնահատականներ է պահանջում Ադրբեջանի գործողություններին

Արցախում ապրող հազարավոր հայեր ամեն օր պարբերաբար ենթարկվում են Ադրբեջանի կողմից իրականացվող ահաբեկչական և ցեղասպանական գործողությունների, հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ տեսաուղերձով դիմելով ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային, ԱՄՆ-ին, աշխարհի բոլոր երկրների մարդու իրավունքների պաշտպաններին, միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին։

Ընդգծելով, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը կիրառում է տարբեր տեսակի զինատեսակներ, այդ թվում՝ մեծ տրամաչափի ականանետներ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ՝ Պաշտպանը մանրամասնել է՝ Խրամորթ, Խնապատ, Նախիջևանիկ, Կարմիր շուկա, Թաղավարդ, այս բոլոր համայնքների բնակիչներն ամեն օր դառնում են Ադրբեջանի հանցավոր գործողությունների ուղիղ թիրախը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ը մտահոգված է Արցախ մտնող գազատարի խնդրով և հրադադարի խախտումներով

7-րդ օրն է Արցախի ողջ բնակչությունը զրկված է գազամատակարարումից, տեղեկացրել է Ստեփանյանը՝ նշելով՝ ադրբեջանական կողմը չի թողնում, որ մասնագետները մոտենան Հայաստանից դեպի Արցախ եկող միակ գազատարի վնասված հատվածին՝ վերականգնողական աշխատանքների իրականացնելու համար։

Թվարկելով սրա հետևանքով Արցախում առաջացած հումանտար խնդիրները՝ պատշաճ ջեռուցման բացակայություն, տաք ջրի անհասանելիություն, կրթության, կենսական կարևորության այլ խնդիրներ՝ Պաշտպանը պահանջել է հստակ գնահատականներ Ադրբեջանի գործողություններին։

«Այո՛, Ադրբեջանն իր ցեղասպան պահվածքով իրականացնում է Արցախի էթնիկ զտման քաղաքականություն։ Իսկ բոլոր մարդիկ, բոլոր կառույցները որոնք իրապես կարևորում են մարդու իրավունքների պաշտպանությունը, չպետք է անտարբեր մնան։ Մարդու իրավունքները համընդհանուր են և հետևաբար պետք է զերծ լինեն երկակի ստանդարնտներից և տարբերակված մոտեցումներից։ Դիմում եմ ձեզ հույսով, որ կբարձրացնեք ձեր ձայնը և իրական քայլեր կձեռնարկեք ազգելու ադրբեջանական իշխանությունների վրա՝ հորդորելու նրանց զերծ մնալ Արցախի ժողովրդի դեմ ուղղված ատելությունից, անհանդուրժողականությունից և հանցավոր գործողություններից», - տեսաուղերձում հայտարարել է Գեղամ Ստեփանյանը։

։