Մատչելիության հղումներ

ԵՄ-ը մտահոգված է Արցախ մտնող գազատարի խնդրով և հրադադարի խախտումներով


Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար, արխիվ
Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար, արխիվ

Եվրամիությունը մտահոգված է վերջին շրջանում հրադադարի խախտումներով և Արցախ մտնող գազատարի խնդրով։ Այժմ Երևանում գտնվող Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Ազատությանը» հայտնել է, որ այս հարցերը քննարկում է պաշտոնական Երևանի և Բաքվի հետ։

«Տեղում վերջին զարգացումները իսկապես շատ անհանգստացնող են։ Վերջին օրերին ես մի քանի զրույցներ եմ ունեցել և Երևանի, և Բաքվի ներկայացուցիչների հետ այս խնդիրների վերաբերյալ։ Բնակաբանար, այս խնդիրները անհանգստացնում են Եվրամիությանը։ Շատ կարևոր է, որ [Արցախ մտնող] գազի խողովակը հնարավորինս շուտ վերանորոգվի և կրակոցները դադարեն։ Ես Երևանում եմ և այժմ բարձր մակարդակի խորհրդակցություններ եմ անցկացնում այստեղ։ Այս խնդիրները բնականաբար, կլինեն իմ հանդիպումների օրակարգում»,- «Ազատությանը» տված գրավոր մեկնաբանությունում հայտնել է Եվրամիության հատուկ ներակայացուցիչը։

Կլաարը գրառում է կատարել նաև թվիթերյան իր էջում՝ նշելով, որ երկօրյա հանդիպումներով Երևանում է։ «Քանի որ միջազգային մթնոլորտն ավելի լարված է, Եվրամիությունն ավելի քան երբևէ հանձնառու է խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի նպատակին»։

Գրեթե մեկ շաբաթ է Արցախի բոլոր բնակավայրերը զրկված են գազից․ Ադրբեջանի հսկողության տակ անցած Շուշի-Լիսագորի հատվածում վթարվել է Հայաստանից Արցախ գազ հասցնող մայր գազատարը, ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մոտենալ ու վթարի վերացման աշխատանք կատարել:

Վերջին օրերին թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի սահմաններն անհանգիստ են։ Անցնող շաբաթվա սկզբին Երասխում ադրբեջանական կրակոցից մեկ հայ զինծառայող սպանվեց, մեկն էլ վիրավորվեց, երեք օր առաջ էլ Արցախի Խրամորթ գյուղում ականի պայթյունից գյուղի մի բնակիչ վիրավորվեց:

Բաքուն, սակայն, կա՛մ հերքում է, կա՛մ պնդում, թե հայկական զինված ուժերն են խախտում հրադադարը։

XS
SM
MD
LG