Մատչելիության հղումներ

Ռուս խաղաղապահները աուդիոուղերձներ են հղում երկու կողմերին


Ռուս խաղաղապահները սկսել են աուդիոհորդորներ հղել արցախա-ադրբեջանական սահմանի երկու կողմերին։ Ըստ Արցախի սահմանային գյուղերի բնակիչների՝ ձայնագրություններն սկսել են գյուղերում սփռվել այսօրվանից։

Խրամորթցի Արևիկ Բալայանի տպավորությամբ, ռուս խաղաղպահները փորձում են զսպել ադրբեջանական կողմին. - «Երեք լեզվով էին ասում՝ չկրակեք, այստեղ խաղաղապահներն են կանգնած, պահպանեք նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանագիրը»։

Ռուսական զորակազմի հեռակա կոչը հուզական վերջաբան ունի՝ տանը ձեզ սպասում են ողջ և առողջ։

Խրամորթի բնակիչները պատմում են՝ ադրբեջանական սպառնալիքներն ավարտվում, սկսվում են ռուսական կողմի կոչերը, և այդպես գյուղն անընդհատ եռալեզու ձայների տակ է։ Երրորդ օրն է ռուս խաղաղապահ զորակազմը մշտական հենակետ է տեղադրել նաև Խրամորթում, կրակոցները լռել են։

«Հանգիստ վիճակ ա, չեն կրակում, բայց հաղորդագրությունը և մուղամը պարտադիր կա», - ասում է Խրամորթի բնակիչ Հասմիկ Անդրյանը։

Նա տեղեկացրեց՝ երեկ երկոյան գյուղում ադրբեջանական մուղամը չի լռել, այսօր էլ բարձրախոսով նորից հնչեցնում են հայերնով ձայնագրված տեքստը. - «Թե ինչ անում եք, անօրեն եք, գյուղատնտեսական աշխատանքներ մի կատարեք, դուք ադրբեջանական հողում եք, լքեք տարածքը»։

Ադրբեջանական կողմը ձայնագրված սպառնալիքների ու մուղամի այս նորամուծությունը մի քանի շաբաթ է, ինչ կիրառում է Արցախի սահմանային գյուղերում։


Վերջին օրերին ադրբեջանական ստորաբաժանումների թիրախում էին արցախի մի շարք համայքններ՝ Խնուշինակ, Խնապատ, Կարմիր շուկա Թաղավարդ, Խրամորթ։

Քրիստինե Գրիգորյան
Քրիստինե Գրիգորյան

Հայաստանի օմբուդսմենն է իրավիճակին անդրադարձել մի քանի հայտարարություններով։ Քրիստինե Գրիգորյանն ընդգծում է՝ եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը ոչ մի օր չի դադարեցրել Արցախի խաղաղ բնակիչների կյանքն անտանելի դարձնելու քաղաքականությունը Այդ ձայնագրություններով, ասում է, ահաբեկչության, վախի մթնոլորտ են ցանկանում ստեղծել. - «Եթե, օրինակ, մեծահասակ բնակիչների համար դա ինչ-որ տեղ տանելի կարող ենք ասել, երեխաների համար դա ուղղակի անհասկանալի է։ Երեխաների առաջին ռեակցիաները, ինձ բնակիչները որ պատմում էին, ուղղակի վախն էր ու լացն էր»։

Արդեն 7-րդ օրն է սահմանային սրացմանը զուգահեռ, Արցախի ողջ տարածքը զրկված է գազից։ Արցախը սնուցող մայրուղային գազատարի վթարը Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տեղանքում է, Շուշիի մոտ, ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մտնել վթարի վայր ու գազատարի վերականգնման աշխատանք սկսել։ Պաշտոնապես հայտարարվում է, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են տարվում ադրբեջանական կողմի հետ գազատարի վթարը վերականգնելու համար։ Կա վարկած, որ գազատարը ադրբեջանական կողմն էլ պայթեցրել է։

Գազի բացակայությունը բազմաթիվ խնդիրներ է ստեղծում՝ հացի արտադրությունից, տաքսի ծառայություններից մինչև գլխավորը՝ ջեռուցումը։

«Սրան գումարվում են նաև էլեկտրաէներգիայի անջատումները, որովհետև պարզ է չէ, որ ամբողջ էներգակիրների օգտագործումը մնացել է հիմնականում էլեկտրաէներգիայի վրա։ Եվ էս խափանումները ուղղակի հումանիտար անտանելի իրավիճակ են ստեղծում», - ասում է Քրիստինի Գրիգորյանը։

Ադրբեջանը Արցախն իր բնիկ ժողովրդից հայաթափելու քաղաքականություն է իրականացնում, շեշտում է Հայաստանի օմբուդսմենը՝ միջազգային կառույցներին կոչ անելով ավելացնել ճնշումը Բաքվի նկատմամբ. - «Մարդու իրավունքները համընդհանուր են, և պետք չէ դրանք ուղղակիորեն կապել տարբեր քաղաքական զգուշավորությունների հետ։ Եվ պետք է ռեակցիա տալ։ Այսինքն՝ արձագանքել, ճնշել ադրբեջանական կողմին, որպեսզի թույլ տա էս պահին գազատարի վերականգնման աշխատանքները սկսեն, և մարդիկ ուղղակիորեն իրենց կենսական պայմանները կարողանան ապահովել»։

Արցախում այս պահին ջերմաստիճանը բացասական է, ամպամածությունը հարյուր տոկոս է, խոնավությունը՝ 81 տոկոս։

«Գազ չկա, հաճախ հոսանքն էլ են անջատում, դժվար է», - ասում է ստեփանակերտցի Լիանա Ոսկանյանը, նա 5 անչափահաս երեխաների մայր է։

Վերջին օրերին նաև հացի շաքարավազի, ձեթի գներն են բարձրացրել։ Լիանան ասում է՝ մարդկանց այնուամենայնիվ ավելի շատ անվտանգության հարցն է հուզում, ոչ թե ցուրտն ու շաքարավազի գինը. - «Ամեն ինչին հարմարվում ենք, կարևորը պատերազմ չլինի, զոհ չունենանք։ Հոգու խորքում բոլորն էլ դա են մտածում»։

Լիանա Ոսկանյանը Ստեփանակերտի թատրոնի դերասանուհիներից է. «Մատնաչափիկի» փորձից էր վերադառնում, մանկական ներկայացման պրեմիերան այս շաբաթ է Արցախի մայրաքաղաքում։ Բոլոր տոմսերը վաճառված են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG