Թուրքիան չի միանա Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ մի շարք արևմտյան երկրների պատժամիջոցներին, հայտարարել է երկրի արտգործնախարարը։
Այսօր Անթալիայի դիվանագիտական համաժողովում Մևլյութ Չավուշօղլուն, ռուսաստանյան ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է․ - «Մենք համարում ենք, որ պատժամիջոցները խնդիրը չեն լուծի։ Օրինակ՝ օդային տարածքի փակումը։ Մենք չենք կարող այն փակել Մոնտրյոյի կոնվենցիային համապատասխան։ Դա իրավական պարտավորություն է»։
Մինչդեռ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ինչպես նշում է ռուսական պետական լրատվական գործակալությունը, նույն համաժողովի շրջանակում հայտարարել է, թե Հյուսիսատլանտյան դաշինքը բոլոր անդամներից, որոնց թվում է նաև Թուրքիան, սպասում է Մոսկվայի դեմ սահմանափակումների կիրառում։ Նա հայտնել է, թե այդ դիրքորոշումը ներկայացրել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին։
Պաշտոնական Անկարան այս ամսվա սկզբին էլ հայտարարել էր, որ հակված չէ միանալու Մոսկվայի դեմ պատժամիջոցներին։ Թուրքիան ձգտում է հավասարակշռող դեր խաղալ ռուս - ուկրաինական հակամարտությունում և իր միջնորդությունն է առաջարկում խաղաղության բանակցություններում։ Անթալիայի ֆորումի շրջանակում, մասնավորապես, Թուրքիայի նախաձեռնությամբ կայացավ Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրովն ու Կուլեբան բանակցությունների ընթացքում որևէ պայմանավորվածության չեն հանգել