Մատչելիության հղումներ

Մանևրող կամ հավասարակշիռ. գնահատականներ Թուրքիայի քաղաքականությանը` ռուս-ուկրաինական հակամարտության հարցով


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները, արխիվ
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները, արխիվ

Մանևրող կամ հավասարակշիռ. այսպես են միջազգային վերլուծական կենտրոններն ու պարբերականները որակում Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ։

«Թուրքիան հակված է պահպանել ոսկե միջինը»

«Արտաքին հարաբերությունների խորհուրդ» ամերիկյան վերլուծական կենտրոնը նկատում է՝ Ռուսաստանի մեծ ազդեցությունը թուրքական շահերի վրա նշանակում է, որ Թուրքիան հակված է պահպանել ոսկե միջինը Ուկրաինայի դեմ պատերազմում։

Թուրքիայի իշխանությունները չեն թաքցնում սա. օրերս արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան երկու կողմի հետ էլ հավասարապես երկխոսող երկիր է և որևէ մեկի օգտին ընտրություն անելու շքեղություն չունի: Անկարան նաև ձգտում է միջնորդ դառնալ Մոսկվայի և Կիևի միջև: Պատերազմից առաջ էլ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քանիցս հայտարարել էր, թե պատրաստ են Թուրքիայում հյուրընկալել Պուտին-Զելենսկի հանդիպումը:

Այժմ, երբ թնդանոթներն արդեն կրակել են, Թուրքիան հույս ունի կողմերին բանակցային սեղանին նստեցնել հաջորդ շաբաթավերջին Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումի ժամանակ: Ինչպես հայտարարել է նախարար Չավուշօղլուն, ակնկալում են, որ այս միջոցառման ընթացքում հնարավոր կլինի Լավրով - Կուլեբա հանդիպում կազմակերպել։

«Թուրքիայի հավասարակշիռ մոտեցումը ոչ ակնհայտ հավանություն է ստացել Արևմուտքի կողմից»

«Այժմ Թուրքիայի հավասարակշիռ մոտեցումը ոչ ակնհայտ հավանություն է ստացել պուտինյան պատերազմի դեմ հանդես եկող Արևմուտքի կողմից: Թուրքիան կարևոր դեր ունի արևմտյան այս կոալիցիայի համար որպես միջնորդ Ռուսաստանի հետ երկխոսության համար, մյուս կողմից` Թուրքիայի ներգրավումը այս ճգնաժամում լավ հնարավորություն է հարթել Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունները», - գրում է հեղինակավոր իսրայելական Haaretz պարբերականը:

Անկարան, որ լավ հարաբերություններ ունի և՛ Մոսկվայի, և՛ Կիևի հետ, ռուս-ուկրաինական պատերազմի ամենասկզբից դատապարտեց Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա՝ աջակցություն հայտնելով այդ երկի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Թուրքիայի բարձր ղեկավարությունը հայտարարեց, թե Ուկրաինայում ծավալվող զարգացումներն արդեն պատերազմի են վերածվել, և իրենք պետք է կատարեն Մոնտրոյի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները՝ այն է` փակել պատերազմող երկրների ռազմանավերի անցումը Միջերկրական ծովից դեպի Սև ծով: Այնուհանդերձ, Թուրքիան չմիացավ Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների պատժամիջոցներին, ինչպես նաև չփակեց իր օդային տարածքը:

Միևնույն ժամանակ Անկարան շարունակում է Կիևին թուրքական արտադրության ԱԹՍ-ներ վաճառել՝ այդ քայլը համարելով ոչ թե աջակցություն, այլ փոխշահավետ գործարք:

«Թուրքիան այսպիսով չի օգնում Ուկրաինային: Սա թուրքական արտադրանք է, որը Ուկրաինան գնել է թուրքական ընկերությունից: Եվ մենք հպարտ ենք այդ արտադրանքով», - թուրքական «Սաբահին» ասել է փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քըրանը:

Նժարի մյուս կողմում Ռուսաստանի հետ տնտեսական սերտ հարաբերություններ են, որոնք, ըստ Haaretz-ի, Թուրքիան ոչ մի դեպքում չի կարող վտանգի տակ դնել, մանավանդ հիմա, երբ թուրքական տնտեսությունը ծանր ժամանակներ է ապրում: Վերջին օրերին թուրքական Aksoy հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները ևս ցույց են տալիս՝ երկրի ներսում հասարակությունն անհանգստացած է, որ ռուս-ուկրաինական առճակատումը իսկապես կարող է մեծ վնաս հասցնել թուրքական շուկային:

Այսպես, հարցվածների շուրջ 75 տոկոսը մտահոգություն է հայտնել սևծովյան հարևանների միջև շարունակվող պատերազմի պատճառով: 63 տոկոսն էլ կարծում է, որ այս զարգացումները բացասական կազդեն Թուրքիայի վրա: Հարցին, թե այս հակամարտության մեջ Թուրքիան որ կողմին պետք է աջակցի, հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 78 տոկոսը նշել է, որ Թուրքիան պետք է չեզոք մնա:

Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա ավելի է խորացնելու Էրդողանի և Պուտինի հակասությունները. New York Tımes

Սակայն Թուրքիայի անկողմնակալությունը կարող է երկար չտևել: New York Tımes-ը գրում է, թե Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա ավելի է խորացնելու նախագահներ Էրդողանի և Պուտինի հակասությունները. երկու առաջնորդները տարբեր տարիների տարբեր հակամարտություններում հակառակ կողմերում են հայտնվել, բայց Ուկրաինայի պարագայում սեղանին շատ բան է դրված:

«Թուրքիան անընդունելի համարեց ռուսական ներխուժումը Ուկրաինա՝ միևնույն ժամանակ շարունակելով կողմերին խաղաղության գնալու կոչերը: Սակայն նախագահ Էրդողանի մերձավոր շրջապատը զայրացած է, որ նախագահ Պուտինը անկեղծ չի եղել Ուկրաինայի հարցում իր մտադրություններում: Կարծում եմ` Էրդողանը վստահում էր Պուտինին և մինչև վերջ չէր հավատում, որ այս ներխուժումը կարող է լայնածավալ պատերազմի վերածվել», - ամերիկյան պարբերականին ասել է Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհրդի փորձագետ Ասլը Այդընթաշբաշը:

Իր հերթին իսրայելական Haaretz-ը եզրակացնում է՝ որքան երկար ձգվի ռուս-ուկրաինական հակամարտությունը, այնքան դժվար կլինի Թուրքիայի համար շարունակել շարժվել երրորդ ճանապարհով, բայց եթե Էրդողանին հաջողվի պահպանել այս փխրուն ռազմավարական հավասարակշռությունը, երկրի ներսում տնտեսական խնդիրները կարող են գոնե մեղմվել՝ միևնույն ժամանակ ճանապարհ հարթելով դեպի ԱՄՆ և ԵՄ՝ առանց վտանգելու Պուտինի հետ հարաբերությունները:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG