Ծանր մարտեր Կիևի կենտրոնից 25 կիլոմետր հեռավորության վրա

Ուկրաինայի վրա ռուսների գրոհների հետևանքները, Իրպին, 11 մարտի, 2022թ.

«Տասնամյակների ընթացքում ռուսների ստացած ամենածանր հարվածը»

Ռուսները շարունակում են պատերազմն Ուկրաինայի դեմ: Այսօրվա դրությամբ ծանր մարտեր են ընթանում Կիևի կենտրոնից ընդամենը 25 կիլոմետր հեռավորության վրա:

Ռուսական հրասայլերն ու հրետանին հարվածներ են հասցնում պաշարման մեջ գտնվող, բայց դեռևս չհանձնված ուկրաինացիների դիրքերին: Ժամանակ առ ժամանակ լսվում է շչակների սարսափազդու ոռնոցը և բարձրախոսներից հայտարարվող ռմբապաստարաններում թաքնվելու հրահանգը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ասել է, թե ռուսների համար կռիվը շատ դժվար է ընթանում:

«Ռուսական ուժերը սարսափելի կորուստներ են կրում, դրանց դինամիկան ներխուժման 17-րդ օրն այնպիսին է, որ կարող ենք ասել, որ սա տասնամյակների ընթացքում Ռուսաստանի բանակի ստացած ամենահուժկու հարվածն է: Նրանք երբևէ այդպիսի կարճ ժամանակաշրջանում այդքան շատ մարդ չեն կորցրել»,- ասել է Զելենսկին:

Ռուսները խուսափում են իրենց կորուստների կամ գերիների մասին տեղեկություններ հրապարակելուց, թեպետ խոստովանում են, որ ունեն և զոհեր, և վիրավորներ, և գերիներ: Ռուսները պնդում են, որ հակառակորդի կորուստները շատ ավելի մեծ են:

Իհարկե, տարիներ առաջ երազում տեսած մղձավանջ կթվար այն, որ ռուսը մի օր կսկսի կրակել ուկրաինացու վրա, իսկ ուկրաինացին՝ ռուսի: Բայց այսօր, դա, դժբախտաբար, դաժան իրականություն է:

Զելենսկի. «Ռուսները խմբերով են հանձնվում»

Երկու կողմերն էլ պնդում են, որ հակառակորդը տանուլ է տալիս և հրապարակում են թվեր, որոնք անկախ և չեզոք աղբյուրներն այս պահի դրությամբ չեն կարող հաստատել:

Ուստի, թե՛ Մոսկվայի և թե՛ Կիևի հայտնած թվերը հարկ է որոշակի վերապահություններով ընդունել: Համենայն դեպս, Զելենսկին հավաստիացնում է, որ ռուսական ուժերը բարդ վիճակում են:

«Ներխուժումից սկսած թշնամու 31 տակտիկական գումարտակներ կորցրել են մարտունակությունը: Ռուսները ոչ թե մենակ, այլ խմբերով են հանձնվում»,- ասել է Զելենսկին:

Նրա փոխանցմամբ, Կրեմլը նորանոր ուժեր է ուղարկում Ուկրաինայում կռվելու: Զելենսկին ռուսներին կոչ է արել պահպանել հրադադարը, որ հաջողվի Մարիուպոլից դուրս հանել խաղաղ բնակիչներին:

Երկու կողմերն իրար են մեղադրում Մարիուպոլից և այլ բնակավայրերից կանանց, երեխաներին և տարեցներին մարդասիրական միջանցքներով տարհանելու գործողությունների տապալման համար:

Մարիուպոլի զոհերի թիվը գերազանցում է 1500-ը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ուժերն այսօր հրետակոծել են Մարիուպոլի մզկիթը, որում ապաստանել են ավելի քան 80 մեծահասակներ և երեխաներ, այդ թվում` Թուրքիայի քաղաքացիներ:

Ուկրաինացիներն ասում են, որ Մարիուպոլում մարտերի 12 օրում զոհվածների թիվը գերազանցել է 1500-ը: Քաղաքապետն ասել է, որ կրակի դադարի կարճատև պահերին զոհվածներին շտապ կարգով թաղում են եղբայրական գերեզմաններում, շատերին դեռ չեն էլ հուղարկավորել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որը տվյալներ է հրապարակում միայն փաստերը ստուգելու և պաշտոնական հաստատում ստանալու դեպքում, հաղորդել է 29 խաղաղ բնակիչների, այդ թվում` առողջապահական համակարգի երկու աշխատակիցների մահվան և 34 բնակիչների վիրավորման մասին:

Ռուսների գլխավոր թիրախը Կիևն է

Այսօրվա դրությամբ շրջապատված են Խարկովը, Չերնիգովը, Սումին և Մարիուպոլը: Արևմուտքի վերլուծաբանների համոզմամբ, ռուսները փորձում են շրջապատել Կիևը և նախապատրաստվել հարձակմանը մայրաքաղաքի վրա:

Մինչդեռ, Արևմուտքը շարունակում է խստացնել սանկցիաները: ՆԱՏՕ-ն մտադիր չէ փակել օդը կամ ցամաքային ուժերով միջամտել, քանի որ դա կհանգեցնի ռուսների հետ ուղիղ առճակատման, ինչի արդյունքում կարող է երրորդ աշխարհամարտ սկսվել: Արևմուտքի այսօրվա լծակներն են քաղաքական և տնտեսական պատժամիջոցները և զենքի տրամադրումն Ուկրաինային:

«Կայսերական նկրտումներով բռնապետին թույլ չտալ կամքը պարտադրել աշխարհին»

«Մենք արդեն գիտենք, որ Ուկրաինայի դեմ Պուտինի պատերազմը երբեք հաղթանակով չի ավարտվի: Նա ուզում էր առանց կռվի ճնշել Ուկրաինան՝ ձախողվեց, նա ուզում էր պառակտել Եվրոպան՝ ձախողվեց, նա ուզում էր թուլացնել տրանսատլանտյան դաշինքը՝ ձախողվեց, նա ուզում էր պառակտել ամերիկյան դեմոկրատիան՝ ձախողվեց:

Ամերիկայի ժողովուրդը միասնական է, աշխարհը միասնական է Ուկրաինայի ժողովրդին օգնելու հարցում: Մենք թույլ չենք տա կայսերական նկրտումներ ունեցող բռնապետերին իր կամքը պարտադրել աշխարհին և թելադրել, թե որ ուղղությամբ պետք է գնալ: Դեմոկրատիան ոտքի է ելնում և կանգնում խաղաղության և անվտանգության կողմը, մենք մեր ուժն ենք ցուցադրում և չենք երերա»,- ասել է Ջո Բայդենը:

«Պետք է դադարեցնենք նավթի և գազի մատակարարումը»

Ռուսներն, իրենց հերթին, խոստովանում են, որ սանկցիաները բարդություններ են առաջացնում, բայց հավատացնում են, թե կդիմանան և հակասանկցիաներով կպատասխանեն: Ռուսների տնտեսական զենքը նավթն ու գազն է:

«Եվրոպան չի կարող հետևել ամերիկյան քաղաքականությանը, մենք պետք է Եվրոպայի նկատմամբ անենք այն, ինչ Միացյալ Նահանգներն արել է Ռուսաստանի նկատմամբ: Մենք պետք է դադարեցնենք նավթի և գազի, ընդհանրապես բոլոր նավթամթերքների մատակարարումը, հետո նստենք բանակցությունների սեղանի շուրջ և հարցնենք, թե ինչու է Եվրոպան ուկրաինացիներին սադրում Ռուսաստանի դեմ»,- ասել է Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր, տնտեսագետ Միխայիլ Դելյագինը:

Մոսկվան սպառնում է Արևմուտքին, Ամերիկան նոր զորախումբ է ուղարկում Եվրոպա

Պատերազմի 17-րդն օրն է: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն այսօր հայտարարել է, թե Արևմուտքը շարունակում է զենք տրամադրել ուկրաինացիներին, և սպառնացել է, թե «ռազմական բեռ փոխադրող շարասյուները կարող են լեգիտիմ թիրախ դառնալ ռուսական ուժերի համար»: Մինչդեռ, այսօր ամերիկյան նոր զորախումբ է մեկնել Եվրոպա: