Մատչելիության հղումներ

Ռուսական բանակը ահռելի կորուստներ է կրում․ Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրվա տեսաելույթում ասել է, որ ռուսական բանակը ծանր կորուստներ է կրում Ուկրաինայի դեմ պատերազմում։

«Ռուսական զորքերի կորուստներն ահռելի են։ Օկուպանտների կորուստները 17-րդ օրվա դրությամբ այնքան են, որ արդեն համոզված կարելի է ասել՝ սա ամենամեծ հարվածն է ռուսական բանակին տասնամյակների ընթացքում»,- ասել է Զելենսկին։

Նրա հայտնած տվյալներով` ռուսական բանակն արդեն ավելի քան 360 տանկ է կորցրել, 1205 զրահամեքենա, մոտավորապես վեց տասնյակ օդանավ, ավելի քան 80 ուղղաթիռ, հարյուրավոր այլ ռազմական տեխնիկա, մասնավորապես ամենաժամանակակից տեսակները, որոնցով Ռուսաստանը հպարտանում է, նշել է նա։

Անկախ աղբյուրներից հակառակորդի կորուստների մասին հայտնած թե ուկրաինական, թե ռուսական կողմի տեղեկատվությունը հնարավոր չէ ճշտել։

Զելենսկին նաև ասել է, որ ռուսաստանցի զինծառայողները արդեն ոչ միայն միայնակ, այլև խմբերով են հանձնվում` փորձելով Ուկրաինայից տուն վերադառնալ։

Նա նաև հայտնել է, որ Ուկրաինայի կառավարությունը խորհրդարանին առաջարկել է չեղարկել ԱԱՀ-ն և ակցիզային հարկը վառելիքի համար, որպեսզի բենզինն ու դիզվառելիքը բավարարի բանակի ու բնակչության կարիքները։

«Սա հայրենական պատերազմ է։ Սա ժողովրդական պատերազմ է։ Սա մեր պատերազմն է։ Պատերազմ հանուն անկախության և ոչ միայն պետության, այլև ամբողջ ուկրաինականի համար, որ եղել է, կա ու կլինի աշխարհում», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

XS
SM
MD
LG