Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին հաջողվել է վաճառել Մոնումենտում կառուցած շքեղ առանձնատունը, թեև դատախազությունը դեռ երկու տարի առաջ արգելել էր Կադաստրի կոմիտեին դրա շուրջ որևէ գործարք կատարել։ «Ազատությունը» փորձել է Գլխավոր դատախազությունից պարզել՝ ով և ինչու է թույլատրել դղյակի վաճառքը, որի ձեռք բերման օրինականությունը տարիներ շարունակ կասկածի տակ էր դրվում՝ ամենաբարձր մակարդակով։
«Որովհետև դա ուղղակի... արհամարհանք ա հանրության, հանրային կարծիքի և ընդհանրապես Հայաստանում տեղի ունեցած պրոցեսների նկատմամբ։ Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են արել, տներ են կառուցել, էդ կառույցներն արել են ապօրինի», - 2020-ի փետրվարին սա էր հայտարարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դրանից մեկ ամիս անց դատախազությունը արգելանք էր դրել Հովիկ Աբրահամյանի տան վրա, քանի որ այն պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործով իրեղեն ապացույց էր համարվել։ Քննությունը շարունակվել էր ավելի քան երեք տարի, փաստացի՝ առանց արդյունքի։
Նախկին վարչապետի ընտանիքը, մինչդեռ, շատ ավելի արագ էր գործել։ Անցած նոյեմբերին, մասնավորապես, Աբրահամյանի որդին՝ Արգամը, դատարանից պահանջել էր չեղարկել առանձնատան վրա դրված սահմանափակումները։ Չորս ամիս անց առաջին ատյանի դատարանը բավարարել էր դիմումը։ Ու թեև Գլխավոր դատախազությունը դիմել էր վերաքննիչ, դա դեպքերի հետագա զարգացման վրա առանձնապես չի ազդել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան. Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են արել, ապօրինի տներ են կառուցելՉսպասելով բողոքարկման արդյունքներին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը անցած ամիս շտապել է Կադաստրի կոմիտեին տեղեկացնել, թե Աբրահամյանի ունեցվածքի վրա այլևս որևէ սահմանափակում չկա։ Ինչո՞ւ է Հակակոռուպցիոն կոմիտեն դեմ գնացել վերահսկողի՝ դատախազության որոշմանը, ինչ շահերով է առաջնորդվել քննիչը, և ինչ է սպառնում նրան դրա համար՝ իրավապահ համակարգից դեռ չեն պարզաբանում։ Գլխավոր դատախազությունը խոստացել է «Ազատության» այս հարցերին պատասխանել ավելի ուշ։
Դատախազությունից միայն նշում են, թե այժմ «միջոցներ են ձեռնարկվում Աբրահամյանների առանձնատան «հնարավոր օտարման և դրան առնչվող մնացած բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»: Ու մինչ մեղադրող կողմը խոսում է գույքի օտարման մասին, լրատվամիջոցներն արդեն գործարքի մանրամասներն են քննարկում։
Կադաստրի պետական կոմիտեից ստացված տեղեկանքի համաձայն` Աբրահամյանները իրենց հսկայական տան գնորդին գտել են ընդամենը երկու շաբաթում։ Մարտի սկզբին արդեն այս շենքը վաճառվել է ոմն Լիլիթ Պետրոսյանի։ Ըստ Civilnet.am-ի հետաքննության` վերջինս 2.5 միլիարդ դրամ կամ մոտ 5 միլիոն դոլար է վճարել առանձնատան համար, որը խորհրդարանի նախկին ղեկավարը կառուցել էր Ազգային ժողովի շենքի նմանությամբ։
Շենքի նոր սեփականատերը գործարար Նարեկ Նալբանդյանի կինն է, ով ավելի վաղ ձեռք էր բերել նաև մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող «Գոլդեն փելես» հյուրանոցը։ Փաստացի, կասկածելի ճանապարհով հարստացած Ավետիսյանն այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց։
Մշուշոտ է նաև Աբրահամյանին պատասխանատվության կանչելու հեռանկարը. Սաքունց
Ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի` հիմա արդեն մշուշոտ է նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատասխանատվության կանչելու հեռանկարը, իսկ հնարավորություն կար անցած տարի ուժի մեջ մտած՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հովիկ Աբրահամյանի քրեական գործով բացահայտվել են ապօրինի կերպով հողատարածքներ վաճառելու դեպքեր«Ես խոսում եմ քրեական տարբեր գործերի մասին, բայց որոնք այնքան պարզ են, որոնք այնքան ակնհայտ են, և որոնց ուղղությամբ ջանքեր գործադրելու դեպքում անհնար է, որ արդյունք չլիներ: Ակնհայտ է չէ՞, թե ովքեր են այդ պաշտոնատար անձինք եղել` Ազգային ժողովի նախագահը, ԱԺ նախագահների տեղակալներ, հանձնաժողովների նախագահներ, կառավարության անդամներ, նախարարներ, պետական կառավարման մարմինների ղեկավարներ կամ պետական այլ բաժինների ղեկավարներ, դատախազներ, դատախազների տեղակալներ, քննչական մարմինների ղեկավարներ, ոստիականապետեր», - նշում է Սաքունցը:
Հաղթանակի զբոսայգում Հովիկ Աբրահամյանի առանձնատունը միակը չէ, հանգստի համար նախատեսված այս տարածքը 2000-ականներից վերածվել է ընտրյալների թաղամասի․ այստեղ իրենց շքեղ առանձնատներն էին կառուցել Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանն ու տասնյակ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ ու գեներալներ։
Դեռևս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը այս տարածքին դիպուկ բնորոշում էր տվել. «Ընդհանրապես ասում էին չէ՞, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Ես կարծում եմ, որ Հաղթանակ զբոսայգին և նրա մերձական տարածքները կոռուպցիայի թանգարան են բաց երկնքի տակ: Բացառված է, որ այնտեղ լինի որևէ հողակտոր, որևէ գործողություն, որ կոռուպցիայի հետ կապ չունենա»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հովիկ Աբրահամյանին ՀՔԾ-ում մեղադրանք են առաջադրել և երկրից չհեռանալու ստորագրություն վերցրելՀեղափոխությունից մի քանի ամիս անց` արդեն Փաշինյանի իշխանության օրոք, դատախազությունը քրեական գործ էր հարուցել ընտրյալների թաղամասի վերաբերյալ։ Քաղաքապետարանն էլ նոր փաստեր էր հայտնել, թե նախկին պաշտոնյաները ոչ միայն զավթել են համայնքային հողը, այլև տարիներ շարունակ այն չեն օրինականացրել, որպեսզի բյուջեին գույքահարկ և պետական այլ տուրքեր չվճարեն։
«Եթե պետք լինի, էստեղ պետք է անցումային արդարադատության գործիքներ կիրառել և գնալ առաջ», -ասել էր վարչապետ Փաշինյանը։
Նրա այս ելույթից հետո կառավարությունը հայտարարեց, թե արդարադատության փոխնախարարի գլխավորությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել։ Ի՞նչ է արվել երկու տարվա ընթացքում, որքա՞ն հեռուն է գնացել այդ խումբը և ի՞նչ հաջողությունների է հասել։ Արդարադատության նախարարությունից այսօր չհաջողվեց ստանալ այս հարցերի պատասխանները։
Իսկ Գլխավոր դատախազությունից հավաստիացնում են՝ իրավապահները անում են հնարավորը՝ ապօրինի ձեռք բերված գումարները և գույքը պետության վերադարձնելու համար։ Դատախազությունն այս պահին մոտ 200 նման գործ է քննում։ Հեղափոխությունից շուրջ չորս տարի անց՝ մինչ օրս, սակայն, չկա հանրային հնչեղություն ունեցող որևէ գործ, որով ուժի մեջ մտած դատական որոշմամբ պետությանը վերադարձված լինի գույք կամ դրամական միջոց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հովիկ Աբրահամյանի գույքի վաճառքը` դատախազության ու Հակակոռուպցիոն կոմիտեի միջև վեճի առարկա