Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց


Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ 64-ամյա Հենրիկ Աբրահամյանը, կալանքից ազատ է արձակվել։

Դատարանը բավարարել է Աբրահամյանի փաստաբանի միջնորդությունը և 5 միլիոն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակել։ Այդ մասին «Ազատությանը» տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Հենրիկ Աբրահամյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու մեջ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։ Նա ձերբակալվել էր օգոստոսի 8-ին, ապա երեք օր անց՝ կալանավորվել։

Այս գործը քննող հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն անցած շաբաթավերջին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքներից առգրավված զենքերի և Մարտի 1-ի պարկուճների, գնդակների միջև «համընկնում չկա»:

Շուրջ երկու ամիս առաջ հաղորդվել էր, որ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի շրջանակում Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացած տվյալների հիման վրա խուզարկություն է իրականացվել «Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում», որտեղ հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, այդ թվում` 3 ձեռքի գնդացիր, 7 ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 2 ՍՎԴ տեսակի դիպուկահար հրացան, 3 տարբեր տեսակի հրացաններ, 2 ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ձերբակալությունից օրեր անց հայտարարել էր, որ հայտնաբերված զենքերը հնարավոր է առնչություն ունեն 2008-ի մարտի 1-ին կիրառված զենքերի հետ։

Մեղադրյալի կարգավիճակում է նաև Հովիկ Աբրահամյանը։ Նա ստորագրություն է տվել չհեռանալու մասին։

Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու (Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի առաջին մաս) և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու (ՔՕ 310-րդ հոդված) համար։ Քննչական ծառայությունից հրաժարվում են քրեական գործի հետ կապված այլ մանրամասներ հայտնել՝ նշելով միայն, որ մեղադրանքի համար ունեն բավարար ապացույցներ։

Օգոստոսի 30-ին Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ քրեական գործ է հարուցվել Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաև նախկին ոստիկանապետ, Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանի կողմից լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ և որոշում կայացրել գործն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG