«Եթե պետք լինի, էստեղ պետք է անցումային արդարադատության գործիքներ կիրառել և գնալ առաջ», - այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ապօրինի շինությունների օրինականացման հարցին:
Վարչապետին մասնավորապես մտահոգում է նախկին ամենաբարձրաստիճան պաշտոնյաների դղյակների օրինականացման գործընթացը. - «Էդ նույն բարձրաստիճան պաշտոնյաները ի՞նչ են արել. ջանք են գործադրել, որպեսզի ընդունեն օրենսդրություն ապօրինի շինարարությունների օրինականացման համար, որ ապօրինի կառուցեն վերջացնեն, և էսօր, օրինակ, Երևանի քաղաքապետարանը այլ տարբերակ չունենա, քան էդ շինությունները օրինականացնել... Որովհետև դա ուղղակի... արհամարհանք ա հանրության, հանրային կարծիքի և ընդհանրապես Հայաստանում տեղի ունեցած պրոցեսների նկատմամբ։ Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են արել, տներ են կառուցել, էդ կառույցներն արել են ապօրինի, հիմա էլ ասում են՝ օրինականացրեք, թե չէ մենք դատի կտանք»։
Վարչապետը Արդարադատության նախարարին հանձնարարեց գտնել լուծումներ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը փոխանցեց, որ այս հարցով կա ստեղծված աշխատանքային խումբ, որը գլխավորում է Արդարադատության նախարարի տեղակալը:
Չնայած վարչապետը նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անուններ չնշեց, այդուհանդերձ Հաղթանակի զբոսայգուն հարակից տարածքում ամենահայտնի տներից մեկի սեփականատերը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքն է։ Ավելին՝ ներկայումս կա դատակաան գործընթաց, որով Աբրահամյանը փորձում է օրինականացնել իր առանձնատանը կից կառույցը:
Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով, նախկին բարձրաստիճան պաշտոնյանները ոչ միայն զավթել են համայնքային հողը, այլև տարիներ շարունակ չօրինականացնելով շինությունը՝ հնարավորություն են ստացել խուսափել գույքահարկ և պետական այլ տուրքեր վճարելուց. - «Այդ դեպքը եզակի չէ իհարկե։ Եվ այդ դեպքերը քննության կարիք ունեն։ Վարչապետը այսօր նիստի ընթացքում խոսեց նաև անցումային արդարադատության մեթոդների կիրառման մասին, ինչը նշանակում է առանձնահատուկ մոտեցում։ Ինչ վերաբերում է գործող օրենսդրությանը և իրավակարգավորող նորմերին, այս պահի դրությամբ, ըստ էության, ապօրինի կառույցները քարդելը, նույնիսկ եթե նման աղաղակող փաստերի հետ մենք գործ ունենք, բավական դժվար գործընթաց է, երբեմն անհնարին։ Ավելին, կոնկրետ այս դեպքում և էլի շատ-շատ, բազմահազար դեպքերում քաղաքապետը ուղղակի պարտավոր է Կառավարության 912Ն որոշման համաձայն (այդ որոշումն ընդունվել է 200-ականների կեսերին), ուղղակի պարտավոր է, ոչ թե կարող է, այլ պարտավոր է օրինականացնել ինքնակամ կառույցները»։
Ողջ օրվա ընթացքում մեզ չհաջողվեց կապ հաստատել վարչական դատրաան դիմած Արգամ Աբրահամյանի և նրա ներկաայցուցիչ Իրինա Դանիելյանի հետ:
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը Ազատության պողոտայի այս թաղամասում ունի երկու առանձնատուն, որոնցից մեկը Հովիկ Աբրահամյանի կնոջ՝ Ջուլիետա Աբրահամյանի անունով է, իսկ մյուսը որդու՝ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի։ Այս առանձնատան կադաստրային արժեքը 310 միլիոն դրամից ավելի է: