Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանին ՀՔԾ-ում մեղադրանք են առաջադրել և երկրից չհեռանալու ստորագրություն վերցրել


Հովիկ Աբրահամյան, արխիվ
Հովիկ Աբրահամյան, արխիվ

Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել է, որ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) իրեն մեղադրանք են առաջադրել և երկրից չհեռանալու մասին ստորագրություն վերցրել:

ՀՔԾ լրատվական ծառայությունից «Ազատության» հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու (Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի առաջին մաս) և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու (ՔՕ 310-րդ հոդված) համար։ Քննչական ծառայությունից հրաժարվեցին քրեական գործի հետ կապված այլ մանրամասներ հայտնել՝ նշելով միայն, որ մեղադրանքի համար ունեն բավարար ապացույցներ։

Օգոստոսի 30-ին Քննչական կոմիտեն հայտարարեց Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաև նախկին ոստիկանապետ, Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանի կողմից լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ և որոշում կայացրեց գործն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։ Քրեական գործի շրջանակում պարզվել էր, որ դեռ 2000 թվականին հիմնադրված «Ավազահատիկ» ընկերությունը Արարատի մարզում զբաղվել է հանքարդյունաբերությամբ՝ ներգրավելով վարկային միջոցներ, կատարել է շուրջ 80 հազար դոլարի ներդրում, ձեռք է բերել ավազի լվացման և մաղման հոսքագծեր։ Սակայն 2008 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ստեղծել են արհեստական խոչընդոտներ՝ պահանջելով ընկերության բաժնեմասերի 60 տոկոսը՝ նշելով, որ հակառակ պարագայում հանքերը չեն շահագործվի, ընդ որում, բաժնեմասերի 60 տոկոսը պահանջել են ձևակերպել երկու տարբեր անձանց անունով՝ յուրաքանչյուրին 30 տոկոս։

Ավելի ուշ իրավապահները հայտարարեցին, որ այս գործում ներգրավված է նաև Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, որը մեկ այլ՝ ապօրինի զենք և ռազմամթերք պահելու գործով ավելի վաղ կալանավորվել էր։

Պաշտոնեական լիազորություններն անցնելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող Հովիկ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում Հատուկ քննչական ծառայության հարուցած, ըստ իրեն՝ շինծու քրեական գործը կապել է սեպտեմբերի 4-ին կայքերից մեկին տված հարցազրույցում իշխանությունների գործելաոճը քննադատելու հետ։ «Զավեշտալի է, երբ ոչ ականջահաճո հարցազրույցից հետո մարդուն հրավիրում են ՀՔԾ, ակնհայտ կեղծ մեղադրանք առաջադրում՝ նպատակ ունենալով լռեցնել ցանկացած այլակարծություն», - գրել է Աբրահամյանը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հակադարձում է նախկին պաշտոնյայի պնդումներին, թե մեղադրանքն անհիմն է և փորձ է արվում ճնշել իր ազատ խոսքը:

«Հովիկ Աբրահամյանի կարողությունները, ունեցվածքը, սարերի վրա կառուցված առանձնատները և Մոնումենտի յուրահատուկ առանձնատունը ցույց էին տալիս նրա հարստությունն ու ունեցվածքը, որը, բնականաբար, իր քրտինքով չէր աշխատել: Բազմիցս Արարատի մարզում ականատես եմ եղել գյուղացիների դժգոհությանը, թե ինչպես էին նրանք զրկված՝ ջրել իրենց այգիները, թե ինչպես էր էդ ամեն ինչը Հովիկ Աբրահամյանի ձկներին ու լճերին ու չգիտեմ ինչերին տրվում, էդ մարդկանց ինչպես էին նսեմացնում ու ստորացնում Արարատի մարզում: Էնպես որ, նրա նկատմամբ քրեական գործ հարուցելը, դեռ պետք էր վաղուց հարուցել», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ալեքսանյանը:

Նախկին վարչապետը խոսել է նաև ավելի վաղ հարուցված քրեական գործի մասին, որի շրջանակում կալանավորված է իր եղբայր Հենրիկ Աբրահամյանը։ «Մոտ մեկ ամիս առաջ մի խումբ դիմակավորված անձինք, իբր օպերատիվ տեղեկությունների հիման վրա ներխուժեցին ինձ և ազգականներիս պատկանող բնակարաններ և շինություններ: Ո՛չ իմ փաստացի բնակության, և ո՛չ էլ հաշվառման վայրերում իրականացված խուզարկության արդյունքում որևէ անօրինական առարկա չհայտնաբերվեց, սակայն չնայած դրան իրավապահներն առգրավեցին իմ անձնագիրը՝ կոպտորեն խախտելով ՀՀ օրենսդրությունը», - գրել է Հովիկ Աբրահամյանը: «Խուզարկություն կատարվեց Մխչյանի մեխանիկական գործարանի տարածքում և նախ հրապարակայնորեն փորձ արվեց տարածքը կապել իմ անվան հետ, իսկ այդուհետ՝ այդ տարածքում հայտնաբերված զենքերը կապել Մարտի 1-ի հետ: Ակնհայտ է, որ փաստերի նման շղթայական խեղաթյուրման թիրախը ես էի», - նշել է նախկին վարչապետը՝ շեշտելով, որ առայսօր հրապարակված չեն զենքի փորձաքննության արդյունքները:

Հատուկ քննչական ծառայությունից «Ազատությանն» ասացին, որ զենքերի դատաձգաբանական փորձաքննությունը չի ավարտվել և եզրակացությունը դեռևս պատրաստ չէ։

Մեկ ամիս առաջ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն իրականացրեց և մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք հայտնաբերեց Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում, որն, ըստ իրավապահների, փաստացի պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, բայց գրանցված է Ամբիկ Գևորգյանի անվամբ։ Խուզարկությունից հետո ձերբակալվեցին այդ պահին տարածքում գտնվող Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, որից հետո Հենրիկ Աբրահամյանը կալանավորվեց։

Այս պահին նպատակահարմար չհամարելով ավելին ասել և խոստանալով մանրամասներ ներկայացնել հետագայում՝ Հովիկ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ - «Առայժմ արձանագրեմ, որ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող «մարդաորսը», ազատ խոսքի ու այլակարծության ճնշմանն ուղղված գործողությունները լավ հանգրվան չեն ունենալու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG