Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են սահմանել Ճապոնիան, Շվեյցարիան

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդա, արխիվ

Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել արտահանման պատժամիջոցների սահմանմանը 49 ռուսական ընկերությունների և կազմակերպությունների դեմ, այդ թվում՝ «Ռոսօբորոնէքսպորտ»-ի, «Ռոստեխ»-ի, Անվտանգության դաշնային ծառայության և Արտաքին հետախուզության ծառայության նկատմամբ։ Այս մասին ասվում է երեքշաբթի օրը Ճապոնիայի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ։

Բացի այդ, Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի իշխանությունների և բանկերի ներկայացուցիչների ակտիվները սառեցնելու՝ ավելի վաղ հայտարարված որոշմանը։ Պատժամիջոցների տակ են հայտնվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, ինչպես նաև Կենտրոնական բանկը, Պետական զարգացման կորպորացիան և «Պրոմսվյազբանկ»-ը․ նշվում է, որ մարտի 8-ից այս կազմակերպություններին արտահանման բոլոր մատակարարումներն արգելելու միջոցներ են ձեռնարկվում։

Միաժամանակ, մարտի 31-ից ներդրվում են բանկերի՝ բացառությամբ Կենտրոնական բանկի, ակտիվների սառեցման միջոցառումները։

Նաև Ճապոնիայի իշխանություններն արգելք են մտցնում ընդհանուր նշանակության ապրանքների արտահանման վրա, որոնց մատակարարումը կարող է օգնել ամրապնդել Ռուսաստանի ռազմական ներուժը։ Խոսքը մասնավորապես կիսահաղորդիչների մասին է։

Ամերիկյան Mastercard վճարային համակարգը հայտարարել է, որ դադարեցնում է համագործակցությունը ռուսական բազմաթիվ ֆինանսական ընկերությունների հետ: Պատժամիջոցն ուժի մեջ կմտնի առաջիկա օրերին:

Walt Disney ընկերությունը կդադարեցնի իր ֆիլմերի ցուցադրությունը ռուսական կինոթատրոններում, Netflix-ը հրաժարվում է ռուսական պետական ալիքները տարածել իր հարթակի միջոցով։

Հաագայի միջազգային քրեական դատարանը հետաքննություն է սկսել ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ, որոնք կատարվել են Ուկրաինա ռուսական ներխուժման ժամանակ։

Չեզոքության քաղաքականությանը ավանդաբար հավատարիմ մնացող Շվեյցարիան հայտարարել է, որ միանալու է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին։

Որպես պատասխան միջոցներից մեկը՝ Ռուսաստանը փակում է իր օդային տարածքը աշխարհի 36 երկրների համար։