Մատչելիության հղումներ

ԵՄ ԱԳ նախարարները հավանություն տվեցին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին


Եվրամիության անդամ 27 երկրների արտգործնախարարները հավանություն են տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին, այդ թվում՝ ռուսական որոշ բանկերի անջատմանը միջազգային SWIFT համակարգից, Միության տարածքում Russia Today հեռուստաընկերության հեռարձակման և Sputnik գործակալության աշխատանքի դադարեցմանը։

Բացի այդ, արտգործնախարարները որոշել են ընդլայնել «սև ցուցակը»՝ դրանում ավելացնելով ռուս գործարարների, պաշտոնյաների ու «էլիտայի ներկայացուցիչների»։

Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության հետ կապված ԵՄ նախարարների խորհրդի արտակարգ նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսում։

Եվրամիությունը նաև որոշել է փակել օդային տարածքը Ռուսաստանի համար։ Այդ մասին ասվում է այսօր հրապարակված ԵՄ պաշտոնական ամսագրում։ Այնուամենայնիվ, նշվում է, որ իրավասու մարմինները կարող են թույլատրել օդանավին վայրէջք կատարել, օդ բարձրանալ կամ թռչել ԵՄ տարածքի վրայով, եթե դա անհրաժեշտ է մարդասիրական նպատակներով կամ կանոնակարգին համապատասխան որևէ այլ նպատակի համար:

Ավելի վաղ ԵՄ 27 երկրների արտգործնախարարները հավանություն էին տվել ռուսական ինքնաթիռների համար օդային տարածքի ամբողջական փակմանը։

XS
SM
MD
LG