Հայաստանը Ուկրաինայի շուրջ ծավալվող գործընթացում պետք է պահպանի ակտիվ լռություն․ օրերս վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղ ունեցած խորհրդակցական ժողովի հերթական նիստին այս հարցում, ըստ հանդպմանը մասնակցած «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի, համակարծիք են եղել բոլորը։
«Հայաստանը այս գործընթացում պետք է պահպանի ակտիվ լռություն՝ նկատի ունենալով, որ մի կողմից՝ մենք չպետք է վտանգի տակ դնենք եվրոպական մեր գործընկերների հետ հարաբերությունները՝ հնարավոր պատժամիջոցների տնտեսական, դրա բացասական հետևանքները հնարավորինս քիչ զգալու առումով, մյուս կողմից՝ Հայաստանի անվտանգային միջավայրը վտանգի տակ չդնելու նկատառումից ելնելով անհրաժեշտ է պահպանել ակտիվ լռություն, կամ ակտիվ չեզոքության քաղաքականություն, որը հնարավորություն կտա Հայաստանին նվազագույն վնասներով դուրս գալ ստեղծված վիճակից», - ասաց Նորիկյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի հասարակության, քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունն էլ, անկախ քաղաքական համակրանքներից ու դիրքորոշումներից, ունի նույն պատկերացումը։
«Որովհետև, մեր խորին համոզմամբ, մենք գտնում ենք, առավել ևս արցախյան աղետալի պատերազմի իրողությունով պայմանավորված, մեր ստեղծված իրավիճակը մեզ հնարավորություն չի տալիս բազմաթիվ այլ հնարավորություններ քննարկել», - ասաց «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավարը։
Հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ զրույցի բովանդակությանը անդրադարձ չկար։ Կազմի որոշակի փոփոխությամբ, այս ձևաչափով սա Փաշինյանի անցկացրած արդեն հինգերորդ հանդիպումն է։
Այս վերջին հանդիպմանը ներկա էին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը և Տիգրան Արզաքանցյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)