Արևմուտքը նոր պատժամիջոցներ է սահմանում Մոսկվայի նկատմամբ

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, արխիվ, Բրյուսել:

Հիրավի կոշտ, քայքայիչ և աննախադեպ

Երբ Արևմուտքի լիդերներն ասում էին, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանվող նոր սանկցիաները կլինեն կոշտ ու քայքայիչ և ավելացնում էին «աննախադեպ» ածականը, նրանք ուզում էին, որ ռուսները հասկանան մի պարզ բան՝ դրանք առանց չափազանցության կլինեն կոշտ, քայքայիչ ու աննախադեպ:

Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման 5-րդ օրն է, վաղ առավոտից քաղաքական-տնտեսական ճակատից ստացվում են հետևյալ լուրերը՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ռուսական արժեթղթերի գինը նվազել է մոտ 75 տոկոսով: «Լուկոյլի», «Սբերի», «Գազպրոմի» արժեթղթերի առքուվաճառք ընդհանրապես չի իրականացվում:

Մոսկվայի բորսայում մեկ դոլարի գինը հասել է 109 ռուբլու, մեկ եվրոյինը՝ 121 ռուբլու, իսկ Bloomberg-ի տվյալներով՝ մեկ դոլարի գինը հասել է 114 ռուբլու:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական ռուբլին աննախադեպ արժեզրկվել է

100 դոլարի եկամուտից 80-ը կտաս Կենտրոնական բանկին և ռուբլի կստանաս

Ռուսաստանի իշխանությունն այսօր պետք է ընդունի որոշում, ըստ որի ռեզիդենտների համար կսահմանվի արտարժույթի վաճառքի 80 տոկոսի պարտադրանք:

Եթե շատ պարզ բացատրել, դա կնշանակի, որ արտարժույթով եկամուտ ստացողը պետք է Կենտրոնական բանկին տա դրա 80 տոկոսը: Պայմանական 100 դոլարի եկամուտից 80 դոլարը կհանձնի Կենտրոնական բանկին և ռուբլիներ ստանա այն կուրսով, որը տվյալ օրը կսահմանի երկրի գլխավոր դրամատունը:

SWIFT-ից անջատումն արդեն իրականություն է

Բայց ազգային տարադրամի կամ միջազգային բորսաներում արժեթղթերի գնանկումը, կարելի է ասել, ընդամենը գալիք դժվարությունների մասին ավետող առաջին ծիծեռնակներն են:

Նոր սանկցիաներով Եվրամիությունը ռուսական որոշ բանկեր անջատում է SWIFT-ից՝ միջազգային վճարային համակարգից:

Ռուսաստանն ունի արտարժույթի հսկայական պաշար՝ մոտ 640 միլիարդ դոլար, և դա աշխարհում չորրորդ ցուցանիշն է:

Այդ պաշարը թույլ կտա գրեթե անցնցում վերապրել միջին ծանրության ճգնաժամ, թույլ կտա տևական ժամանակ դիմանալ ծանր ճգնաժամին, բայց եթե ամիսներ կամ, ինչն առավել հավանական է՝ տարիներ տևեն Արևմուտքի խոստացած «աննախադեպ սանկցիաները»՝ 640 միլիարդը քիչ կլինի բնականոն կյանքը շարունակելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն և ԵՄ երկրները կողմ են Ռուսաստանին SWIFT բանկային համակարգից անջատելուն

Տեսանելի ապագայում սղաճ և կենսամակարդակի անկում

Սղաճը կդառնա անխուսափելի և շատ վատ կանդրադառնա կենսամակարդակի վրա: Բնականաբար, առաջին հերթին կտուժի Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հիմնական ընտրազանգվածը՝ միջին և ցածր եկամուտով մարդիկ, որոնց մեծ մասը ողջունում է հատուկ օպերացիան Ուկրաինայում, կամ առնվազն չի առարկում... Դեռ չի առարկում:

Բայց թիրախն, ըստ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Ռուսաստանի վերնախավն է:

«Ցանկում ներառված են օլիգարխները և բարձրաստիճան ղեկավարներն, ովքեր մեծ ազդեցություն ունեն և սերտորեն կապված են նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է Բորելը:

Եվրամիությունը փակում է օդային տարածքը Ռուսաստանի համար

Ռուսների համար մեկը մյուսից վատ երեք լուր է հաղորդել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Նախ մենք փակում ենք օդային սահմանը, Ռուսաստանին պատկանող, Ռուսաստանում գրանցված կամ Ռուսաստանի կողմից վերահսկվող որևէ օդանավ չի կարողանա Եվրամիության տարածքում օդ բարձրանալ, վայրէջք կատարել կամ անցնել Եվրամիության օդային տարածքով: Թույլ տվեք հստակ նշեմ՝ մեր օդային տարածքը փակվում է ռուսական յուրաքանչյուր, այդ թվում՝ մասնավոր, այսինքն նաև ռուս օլիգարխներին պատկանող օդանավերի համար», - հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եվրոպական միությունն ամբողջությամբ փակում է օդային տարածքը Ռուսաստանի համար

Եվրոպայում թունավոր պրոպագանդայի տարածումը կասեցվում է

Հաջորդ լուրը Եվրամիության տարածքում Կրեմլի տեղեկատվության տարածման կասեցումն է:

«Երկրորդ աննախադեպ քայլով մենք արգելում ենք Եվրամիությունում Կրեմլի քարոզչամեքենայի աշխատանքը: Պետության սեփականություն հանդիսացող «Россия сегодня-ն և Спутник-ը, դրանց դուստր ձեռնարկություններն այլևս չեն կարողանա ստեր տարածել Պուտինի պատերազմն արդարացնելու համար և փորձել մեր միությունում պառակտում առաջացնել: Մենք ստեղծում ենք մեխանիզմ, որը պետք է չեզոքացնի այդ թունավոր և վնասակար ապատեղեկատվությունը», - ասել է ֆոն դեր Լայենը:

Լրացուցիչ սանկցիաներ Լուկաշենկոյի ռեժիմի նկատմամբ

Վերջապես նա խոսել է Ուկրաինայի դեմ պատերազմում Մոսկվայի, թերևս, ամենասերտ դաշնակցի՝ Մինսկի մասին:

«Եվ երրորդը, մենք կթիրախավորենք այս պատերազմում մյուս ագրեսորին՝ [Ալեքսանդր] Լուկաշենկոյի ռեժիմը, որը մեղսակից է դաժան հարձակմանը: Նրա ռեժիմի նկատմամբ կսահմանվեն տնտեսական նոր սանկցիաներ»,- հայտնել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Բելառուսի տարածքից պատերազմ չի ընթանում». Լուկաշենկո

Կրեմլը պնդում է, որ կդիմանա պատժամիջոցներին

Մոսկվան արդեն արձագանքել է նոր պատժամիջոցներին: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հավաստիացրել է, որ իշխանությունը կանխատեսել է դրանք և լավ է նախապատրաստվել:

«Առանցքային խնդիրն էր ապահովել լիակատար ինքնաբավություն և ներմուծման փոխարինում, որ արտաքին ներմուծումից կախվածությունը նվազի: Խնդիրը հիմնական ուղղություններով լուծվել է, իսկ այն, ինչ դեռ չի ապահովվել՝ առաջիկայում կապահովվի: Իհարկե, կլինեն դժվարություններ, բայց դրանք անլուծելի չեն»,- հավաստիացրել է Պեսկովը:

Ճգնաժամը շարունակվում է, իսկ Լավրովին չեն թողնում Եվրոպա

Մինչդեռ, միջազգային բորսաներից ստացվող վերջին հաղորդագրությունները վկայում են, որ ռուսական արժեթղթերի գների աղետալի գահավիժումը շարունակվում է:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի մեկնի Ժնև՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով խորհրդի նիստին և սպառազինությունների կրճատման հարցով համաժողովին մասնակցելու համար, քանի որ Եվրոպան նրա առաջ փակել է օդային տարածքը: