«Սա երկու եղբայրական ժողովուրդների ողբերգությունն է»

Ուկրաինացի Լյուդմիլա Կոժեմյաչենկո Վանաձորի ռուս ուղղափառ եկեղեցում։

Ազգությամբ ուկրաինացի Լյուդմիլա Կոժեմյաչենկոն, որ ավելի քան 40 տարի ապրում է Վանաձորում, այսօր էլ այցելում է քաղաքի ռուս ուղղափառ եկեղեցի, իր աղոթքներն անում։

Հերթական պատարագից հետո ռուս ծանոթների հետ ողջագուրվեց, միմյանց ցավակցեցին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների համար։

Ալլա Գարյանը, ում մայրը ռուս է, հայրը՝ հայ, ուկրաինացի Լյուդմիլայի հետ երկար տարիներ աշխատել է Վանաձորի ԳԻՊԿ գիտաարտադրական ձեռնարկությունում։ Լավ ընկերներ են եղել։ Ցավում են, որ «եղբայրական երկու ժողովուրդները պատերազմում են իրար դեմ»:

«Կարողացան հասցնել պատերազմի։ Իմաստնությունը չբավարարեց, որ կանխեն պատերազմը», - ասաց թե՛ Ռուսաստանում և թե՛ Ուկրաինայում բազմաթիվ հարազատներ ունեցող Ալլան ու հարցուփորձ արեց ուկրաինացի ընկերուհուն՝ ունի՞ արդյոք հարազատներ պատերազմի թեժ կետերում։

Ուկրաինայի հարավում՝ Օդեսայում ծնված կնոջ պատասխանը դրական էր. - «Իհարկե, թե՛ Դոնեցկում, թե՛ Կիևում հարազատներ, համակուսեցիներ ունեմ»։

Երկու պատերազմող ժողովուրդների հետ սերտ կապեր ունեցող կանայք շեշտեցին՝ նույն հավատքին ենք ու միմյանց ենք սպանում. - «Ցավալի է, շատ ցավալի է։ Նույն Դնեպրոպետրովսկում մկրտվել ենք, իսկ հիմա իրար սպանում ենք... Ամոթ, նվաստացում, վիշտ... Պատերազմը միշտ էլ չարիք է»։

Վանաձորի ուղղափառ եկեղեցին 1970-ականներին է կառուցվել։ Լյուդմիլա Կոժեմյաչենկոն հիշում է՝ այդ ժամանակ տեղի ռուսական և ուկրաինական համայնքներն են միասին խնդրագիր ստորագրել, որ այստեղ ուղղափառ եկեղեցի հիմնվի։

Ազգությամբ ուկրաինացի Լյուդմիլան չի թաքցնում, որ անգամ տեղի ուկրաինական համայնքում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող անդամներ կան։ Ոմանք հակառուսական են, բայց քիչ չեն նաև Ռուսաստանի կողմնակիցները։ Մի հարցում, սակայն, միահամուռ են՝ պատերազմը չարիք է։

«Մենք բոլորս ենք դատապարտում, սա երկու եղբայրական ժողովուրդների ողբերգությունն է», - ասաց Լյուդմիլա Կոժեմյաչենկոն։ - «Պատերազմը հնարավոր չէ արդարացնել։ Դա մարդկության դեմ է։ Դա կյանքեր արժե։ Մարդիկ են զոհվում երկու կողմից, ոչ միայն ուկրաինական կողմից։ Հույս ունենք, որ այս ողբերգությունը շուտ կավարտվի»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները. կողմերը համաձայնության են եկել շարունակել դրանք
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայից Հայաստան մեկնել ցանկացող հայերի թիվը մեծ է