Այսօր Վիեննայում բանակցելու են Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները։ Հունվարին Մոսկվայում առաջին հանդիպումից հետո Երևանն է առաջարկել հաջորդ անգամ Ավստրիայի մայրաքաղաքում քննարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։
Թուրքիայի նախագահը այսօր սպասվող բանակցություններից ժամեր առաջ հայտարարել է՝ Անկարան կարող է բացել սահմանները և վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, եթե Երևանը հավատարիմ մնա գործընթացը շարունակելու գաղափարին։ Չակերտներ Էրդողանը չի բացել։
Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչն էլ Վիեննա մեկնելուց առաջ այցելել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։ Պատրիարքարանում կայացած հանդիպմանը մասնակցել է նաև Թուրքիայի արտգործնախարարության Կովկասի և Միջին Արևելքի վարչության ղեկավարը։
Սերդար Քըլըչը, ըստ Պատրիարքարանի հաղորդագրության, գոհունակություն է հայտնել Ռուբեն Ռուբինյանի հետ առաջին հանդիպման կապակցությամբ և հույս հայտնել, որ հարաբերությունների կարգավորման ճանապարհին երկու երկրների համար էլ դրական զարգացումների հող պիտի նախապապատրաստվի՝ երկկողմանի ստանձնած առողջ քայլերով։
Առաջին հանդիպումից հետո Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները հայտարարեցին, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների՝ ընդգծելով, որ հնադիպումն ընթացել է դրական և կառուցողական մթնոլորտում։
Ազգային ժողովի փոխնախագահ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի համոզմամբ՝ նախապայմաններ կան, ավելին՝ նախապատարսատվում է փաստաթուղթ։
«Եթե քաղաքական մեծամասնությունից որևէ մեկը ասի, որ հայ-թուրքական հարաբերությունների ժամանակ նախապայման չկա, սա ընդամենը երեսպաշտություն է և մեր ժողովրդին ու հասարակությանը ձեռք առնելու փորձ։ Հստակ էդ նախապայմանները կան։ Ավելին ձեզ ասեմ՝ ես կարծում եմ, որ իրականում երկու կողմերը քննարկում են փաստաթուղթ», - նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Սաղաթելյանն ասում է՝ եթե չկա փաստաթուղթ, ինչի շուրջ են բանակցում Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը։
«Եթե խոսքը գնում է Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, դրա համար երկար քննարկումների հարց կամ բանակցությունների առարկան ո՞րն է, թող մեկ նախադասությամբ հայտարարեն, որ երկու երկրների միջև հաստատվում է դիվանագիտական հարաբերություն, փոխանակում են դեսպաններ։ Սա է պրոտոկոլը, տեսեք էն մնացած երկրների հետ ինչպես է դա տեղի ունեցել։ Իսկ եթե իրենք շարունակում են բանակցությունները, դա նշանակում է՝ քննարկում են հայ-թուրքական հաշտեցման փաստաթուղթ, որտեղ ոտնահարված է լինելու մեր բոլոր շահերը ու, ըստ էության, հրապարակային կամ գաղտնի կերպով արտացոլված են լինելու Թուրքիայի և Ադրբեջանի պայմանները», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հրավիրված են մարտի 11-ից 13-ը թուրքական Անթալիայում անցկացվելիք դիվանագիտական ֆորումին։ Երևանը հայտարարել է, որ այսօրվա բանակցությունների արդյունքներից է նաև կախված որոշումը՝ կընդունե՞ն հրավերը, թե՞ ոչ։
«Հույս ունեմ, որ այս անգամ արդեն առարկայական քննարկումներ կսկսվեն երկու հատուկ ներկայացուցիչների միջև, քննարկումներ ուղղված Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Պաշտոնական Անկարայից այս մասին եկող ազդակները, ուղերձները, ակնարկները առավելապես դրական կոնտեքստի մեջ են և մեր ակնկալիքներն էլ այդպիսինն են», - ասաց Միրզոյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անթալիայի ֆորումին մասնակցելու որոշումը կախված է նաև հայ և թուրք բանագնացների հանդիպման արդյունքներից. Միրզոյան