Երբ Ռուսաստանի նախագահը երեկ երեկոյան դաշնային հեռուստաընկերությունների եթերում իր շուրջ մեկժամանոց ճառն էր կարդում և ճանաչում Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ կնոջ հետ, արդեն Մոսկվայում էր։
Սա Ալիևի պաշտոնական այցն է Ռուսաստան։ Ընդամենը մեկ ամիս առաջ Իլհամ Ալիևը Կիևում էր և Վլադիմիր Զելենսկու հետ ստորագրել էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցող հռչակագիր, այսինքն՝ Ղրիմը ճանաչել էր ուկրաինական տարածք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն ու Ալիևը վաղը դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրենԻ դեպ, Խորհրդային Միության փլուզումից հետո մնացել են միայն Մերձդնեստրը և Լեռնային Ղարաբաղը, որոնց անկախությունը Մոսկվան պաշտոնապես չի ճանաչել։
Այսօր Կրեմլում կայանալիք բանակցություններից հետո Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները նախատեսում են ստորագրել դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր։ «Բանակցությունների արդյունքում կստորագրվի դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները հասցնելով դաշնակցային մակարդակի», - հաղորդում է Կրեմլը՝ առանց մանրամասնելու, թե ինչ ասել է «դաշնակցային մակարդակ»։
Մինչ այսօր Ադրբեջանն ու Ռուսաստանը հայտարարում էին ռազմավարական գործընկերական հարաբերությունների մասին։ Արդյոք երկու երկրները պատրաստվում են խորացնել համագործակցությունը նաև ռազմական ոլորտում․ համենայն դեպս, դաշնակցային հարաբերությունները նաև սա են ենթադրում։
Կրեմլի տարածած հաղորդագրությունում այս մասին ասված չէ, փոխարենը՝ նշված է, որ Պուտինն ու Ալիևն այսօր կքննարկեն, թե ինչպես են իրականացվում Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները, և Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնման հարցերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակըԵրեկ Ռուսաստանի նախագահն այս ամենը քննարկել է նաև Հայաստանի ղեկավարի հետ հեռախոսազրույցում։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ, երկու կողմից ընդգծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների հետևողական կատարման կարևորությունը, ներառյալ՝ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնումը, հայ – ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի շուտափույթ մեկնարկին ուղղված քայլերի իրականացումը։
Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետին հրավիրել է գարնանը այցելելու Մոսկվա։ Այս մասին էլ հայտնում է Հայաստանի կառավարությունը՝ հավելելով, թե Նիկոլ Փաշինյանն էլ, իր հերթին, Վլադիմիր Պուտինին է հրավիրել Հայաստան։