Մայր Աթոռը դրական է արձագանքում Քոչարյանի՝ որևէ սրբազանի նախագահ առաջադրելու առաջարկին

Եկեղեցին պատրաստ է ամեն տեսակի հանձնառության և պատասխանատվության՝ հանուն հայրենիքի և ժողովրդի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրերս հնչեցրած առաջարկին արձագանքում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Արթենյանը՝ հավելելով՝ նման քայլի կգնան «ընդհանուր համախոհություն ձևավորվելու պարագայում»։

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Քոչարյանը օրերս հայտարարեց, որ պատրաստ է համագործակցել «Քաղաքացիական պայմանագրի» հետ նախագահ նշանակելու հարցում, եթե իշխող ուժը համաձայնի «որևէ հարգված սրբազանի առաջադրել» Վահագն Խաչատրյանի փոխարեն։

«Հենց այս օրհասական պահին նման թեկնածուն կլիներ լավագույնը, իմ համոզմամբ, և այդպիսի մարդիկ կան՝ և՛ հարգանք վայելող, և՛ իսկապես ազգային շահերով առաջնորդվող: Համարենք սա առաջարկ», - հայտարարել է Քոչարյանը:

Մայր Աթոռից «Ազատությանը» պատասխանեցին գրավոր՝ հայտնելով. «Պատրաստակամության այս ոգին բխում է Հայոց Եկեղեցու կոչումից և ազգապահպան ու պետականակերտ պատմական փորձառությունից»:

Այլ մեկնաբանություն Տեր Եսային չտվեց, միայն հավելեց, որ կոնկետ թեկնածուի վերաբերյալ քննարկում չեն ունեցել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները «որևէ կերպ չեն մասնակցելու» նախագահի ընտրությանը

«Քաղաքացիական պայմանագրից» որևէ կերպ չեն արձագանքել Քոչարյանի առաջարկին, իշխող ուժի՝ նախագահի թեկնածուն մնում է Վահագն Խաչատրյանը:

Սահմանադրության խախտում չի՞ լինի, եթե եկեղեցին առաջադրի նախագահի թեկնածուի. քննարկում՝ իրավաբանների շրջանում

Քոչարյանի առաջարկից ու եկեղեցու արագ արձագանքից հետո իրավաբանների շրջանում քննարկում ծավալվեց՝ արդյոք Սահմանադրության խախտում չէ՞ր լինի, եթե Հայ առաքելական եկեղեցին առաջադրեր նախագահի թեկնածուի։ Հոգևորական նախագահ ունենալու պարագայում կխախտվի երկրի աշխարհիկության սկզբունքը, ասում է սահմանադրագետ Արա Ղազարյանը։

«Մենք ունենք Սահմանադրություն, որտեղ նշվում է, որ կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից, դա վերաբերում է նաև հայաստանյան առաքելական եկեղեցուն, որը նույնպես կրոնական կազմակերպություն է: Երկրորդ՝ մենք աշխարհիկ պետություն ենք, գաղտնիք չէ: Աշխարհիկ պետության սկզբունքի խախտում է, եթե մեր նախագահը կրոնական կազմակերպության ոչ թե ուղղակի անդամ է, այլ հոգևորական», - ասաց Ղազարյանը:

Սահմանադրագետը շարունակում է՝ խոսքը ոչ թե որևէ թեկնածուի կրոնական պատկանելության, այլ եկեղեցու՝ պետության կառավարման գործին մասնակցելու մասին է։

«Հակառակ դեպքում էլ ինչի՞ էր առաջարկվում, որ հենց Հայաստանյաց առաքելական եկեղեցու անդամը լինի նախագահ, այլ ոչ թե կրոնական այլ կազմակերպության, ասենք, Ավետարանչական եկեղեցու: Խոսքը վերաբերում է, բովանդակային իմաստով, կրոնական կազմակերպությունը առաջադրում է հանրապետության նախագահի թեկնածու հենց այդ կազմակերպության կողմից, որ նախագահը իր հետ բերի նաև այդ կազմակերպության դավանաբանությունը: Դավանաբանությունը չի կարող պետության կառավարման գործում գաղափարական հիմք հանդիսանալ, դա աշխարհիկության սկզբունքը խախտում է: Խոսքը դրա մասին է», - ընդգծեց Ղազարյանը:

Մասնագետների շրջանում այս հարցում, սակայն, միասնական տեսակետ չկա։ Իրավաբան Վաղարշ Աղաբեկյանի կարծիքով՝ պետության տեսանկյունից բոլոր քաղաքացիները հավասար են՝ անկախ այն հանգամանքից՝ նրանցից մեկը Հայ առաքելական եկեղեցու սպասավո՞ր է, թե՝ ոչ։

«Ասածս այն է, որ սահմանադրական կամ իրավական սահմանափակում, որ եկեղեցու սպասավորը կարող է պետական պաշտոն զբաղեցնել, այդ թվում նաև բարձրագույն պետական պաշտոն, այնպիսին, ինչպիսին է Հայաստանի Հանրապետության նախագահը, սահմանափակում, կարծում եմ, չկա», - նշեց Աղաբեկյանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հարցին այլ տեսանկյունից է նայում. ըստ նրա, ընդդիմության տեսադաշտում պարզապես չի եղել ճանապարհ անցած ու արժանի որևէ թեկնածու, ինչի պատճառով էլ «Հայաստան» դաշինքը որոշել է նման առաջարկ անել։ Ընդ որում, ըստ Սաքունցի, բարձրաստիճան եկեղեցականների շրջանում էլ չկա որևէ մեկը, որի անցած ուղուն հայացք նետելիս կարելի է նկատել, որ վերջինս իր գործունեության ընթացքում եղել է ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն կառուցելու ու պաշտպանելու ջատագովը, մի բան, որ, ըստ իրավապաշտպանի, նախագահի թեկնածու ընտրելու գլխավոր սկզբունքը պետք է լինի։

«Հանդես չի եկել Հայ առաքելական եկեղեցին այս անկախության ժամանակահատվածում այն դիրքերում, որ հանդես գա որպես հանրային համերաշխության, բռնությունը դատապարտող, ինքնիշխանությունը պահպանող, իրավական և ժողովրդավարական սկզբունքները պահպանող և այլն: Չկա այդպիսի օրինակ: Նույնիսկ Մարտի 1-ի դեպքերի հետ կապված որևէ դատապարտող հայտարարություն չեղավ, քաղաքական հետապնդումների հետ կապված որևէ հայտարարություն չեղավ», - ասաց Սաքունցը:

Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո նոր նախագահի ընտրությունը Ազգային ժողովում նախատեսված է մարտի սկզբին։