Մատչելիության հղումներ

Մինչև նախագահի ընտրությունը Խաչատրյանը կշարունակի կատարել նախարարի պարտականությունները


Մինչև մարտին կայանալիք նախագահի ընտրությունը Վահագն Խաչատրյանը կշարունակի կատարել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ Խաչատրյանը առաջադրվել է նախագահի թեկնածու 65 պատգամավորների կողմից, ինչը որոշակի վստահություն է հաղորդում, որ նա ոչ միայն առաջադրվել է, այլև կընտրվի այդ պաշտոնում։

Գործադիրի ղեկավարը նկատեց՝ մյուս ՔՊ-ականները առաջադրման փաստաթուղթը չեն ստորագրել տեխնիկական, իրավական պատճառներով՝ նշելով, որ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի պատգամավորական գործունեությունը կասեցված է, նա կատարում է նախագահի լիազորությունները, մյուս պատգամավորներն էլ գործուղման են։

«Առաջադրման հարցում ՔՊ վարչության և խմբակցության միջև կա ներդաշնակություն, ինչը վստահություն է տալիս, որ առնվազն երկրորդ փուլում կունենանք հանրապետության նախագահի ընտրություն, այսինքն՝ ընտրությունը կկայանա և մենք կշարունակենք մեր գործունեությունն արդեն նոր կարգավիճակում, որից հետո կառավարության կազմում նոր նախարար կնշանակվի», - հայտարարեց Փաշինյանը՝ չնշելով նոր նախարարի հավանական թեկնածուի անունը՝ իրադարձություններից առաջ չընկնելու պատճառաբանությամբ։

Արմեն Սարգսյանը Հայաստանի նախագահի պաշտոնից հրաժարական տալու որոշման մասին հայտարարեց հունվարի 30-ին, հաջորդ օրն Ազգային ժողովն արդեն ստացել էր նրա հրաժարականը։ Դիմումից յոթ օր անց Արմեն Սարգսյանի լիազորությունները Հայաստանի նախագահի պաշտոնում դադարեցին․ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն ստորագրեց համապատասխան արձանագրությունը։

«Իշխանության թևերը ոչ թե մեկը մյուսին պետք է հակադրվեն, այլ՝ լրացնեն»

Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո Փաշինյանը հայտարարել էր, թե նախագահը պետք է ներդաշնակ աշխատի կառավարության և ԱԺ մեծամասնության հետ։ Վարչապետն այսօր վերահաստատեց՝ իշխանության թևերը ոչ թե մեկը մյուսին պետք է հակադրվեն, այլ՝ լրացնեն։

«Խնդիրը հետևյալն է, որ մենք ընդհանուր ուղենիշ ունենանք, ընդհանուր ռազմավարություն ունենանք, իշխանության բուրգի ներսում հակադիր շարժումներ չլինեն, որովհետև բոլոր դեպքերում հակադիր շարժումներն իշխանության ներսում, աշխատանքի մեխանիզմ է խաթարում։ Էլի եմ ասում, սա չի նշանակում, որ բոլորը ամեն տեղ, ամեն ինչում ունեն նույն կարծիքը, ոչ, նշանակում է, որ քննարկումների արդյունքում կարողանում են գալ ընդհանուր եզրակածության, և ընդհանուր կարծիքի և այդ ընդհանուր կարծիքն ունի որոշակի կոմպոնենտ՝ արտահայտված որոշակի մտքերից, տեսակետներից», - եզրափակեց գործադիրի ղեկավարը:

Նախագահի թեկնածուները պետք է առաջադրվեն մինչև շաբաթավերջ, կիրակին վերջնաժամկետն է։ Իշխանությունից բացի, ընդդիմությունը ևս կարող է նախագահի թեկնածու առաջադրել՝ 27 պատգամավորի ստորագրություն է պետք։ Հրաժարականի դեպքում նոր նախագահի ընտրության համար ԱԺ կանոնակարգով 25-ից 35-օրյա ժամկետ է սահմանված։ Առաջին փուլով ընտրվելու համար թեկնածուին առնվազն 81 պատգամավորի քվե է հարկավոր։ Առաջին փուլում իշխանական խմբակցությունը ընդդիմության կարիքն ունի, բայց նախագահի ընտրության երկրորդ ու երրորդ փուլեր կան, որտեղ իշխանական խմբակցությունը անհրաժեշտ ձայները միայնակ էլ կարող է ապահովել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG