Նախագահի թափուր տեղի համար արդեն մեկ հավակնորդ կա. Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» պաշտոնապես նախագահի թեկնածու է առաջադրել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանին, փոխանցեց խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
62-ամյա Խաչատրյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, 90-ականներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին, եղել է Երևանի քաղաքապետ, հետո նաև նրա թիմակիցը Հայ ազգային կոնգրեսում։ Փաշինյանի կառավարությանը միացել է անցած տարվա օգոստոսից։
«Միասնական թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների պարոն Խաչատրյանն է: 65 ստորագրություն կա, Ալեն Սիմոնյանը չի կարող ստորագրել, այսինքն՝ 5 պատգամավոր և Ալեն Սիմոնյանը, 65 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ստորագրել է փաստաթուղթը, որը արդեն մուտք է արվել Ազգային ժողովի աշխատակազմ», - ասաց Հովհաննիսյանը:
Նախագահի պաշտոնը երեկվանից է թափուր, թեկնածուները պետք է առաջադրվեն մինչև շաբաթավերջ։ Իշխանությունից բացի, ընդդիմությունը ևս կարող է նախագահի թեկնածու առաջադրել՝ 27 պատգամավորի ստորագրությամբ, բայց ընտրելու համար երեք փուլերից որևէ մեկում թե՛ «Հայաստան»-ի, թե՛ «Պատիվ ունեմ»-ի, թե՛ նրանց երկուսի ձայները միասին բավարար չեն։ Իշխանությունն էլ առանց ընդդիմության առաջին փուլով չի կարող իր թեկնածուին ընտրել։
Ըստ Արթուր Հովհաննիսյանի, այդ հարցով ընդդիմության հետ բանակցել իշխանական խմբակցությունը չի պատրաստվում։ Չեն ընտրի, կլինի երկրորդ փուլ։
«Պայմանավորվել ասելիս մենք պետք է հասկանանք, թե ովքեր են պայմանավորվածության երկրորդ կողմը: Հավատացեք, «Քաղաքացիական պայմանագիրը» չի պատրաստվում գնալ և «Հայաստան» դաշինքի, օրինակ, Դաշնակցության հետ առանձին պայմանավորվել, Քոչարյանին սատարողների հետ առանձին պայմանավորվել, առանձին այլ խումբ ներկայացնող պատգամավորների առանձին պայմանավորվել, սա առնվազն լուրջ չի», - նշեց նա:
Ընդդիմադիր երկու խմբակցությունները խորհրդակցություններ են անցկացնում թեկնածու առաջադրել-չառաջադրելու շուրջ, նաև՝ եթե որոշեն՝ ո՞վ է լինելու այդ թեկնածուն, «Ազատությանն» ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։ «Պատիվ ունեմ»-ը բացառել է, որ կաջակցեն իշխանական թեկնածուին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով՝ առաջադրելու որոշում այս պահին չունեն։ Բայց չեն ասում նաև՝ եթե որոշումը չփոխվի, իշխանական թեկնածուին կընտրե՞ն, թե՞ ոչ: Այս պահին խնդրահարույց են համարում առաջադրման ձևը:
«Շատ նեղ կուսակցական թեկնածու է: Ի վերջո եթե նկատի ունենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահի, ողջ հասարակության նախագահի թեկնածության առաջադրում պետք է լիներ, տրամաբանորեն հանրային կարծիքը հարգող նախագահի կարգավիճակը և Սահմանադրությամբ վերապահված այդ դիրքը հարգող քաղաքական ուժը առնվազն խորհրդակցությունները պետք է աներ հանրային տարբեր շրջանակների հետ: Բայց տվյալ դեպքում մենք գործ ունեցանք նեղ կուսակցական նեղմիտ գործողությունների հետ և վստահաբար այդ ամենի մասին Ազգային ժողովում դեռ երկար քննարկում լինելու է», - նշեց Մանուկյանը:
Ընդդիմադիր խմբակցությունները իշխանության թեկնածուի հետ հանդիպելու առաջարկ դեռ չեն ստացել: Հանդիպել, թե՝ ոչ, ՔՊ-ից Արթուր Հովհաննիսյանի խոսքով, ինքը՝ Խաչատրյանը պետք է որոշի։ Երեկ ավելի քան 2,5 ժամ թեկնածուն իշխանականների հետ փակ քննարկում անցկացրեց։
Արմեն Սարգսյանի նախագահության օրոք մթնոլորտը նորմալ չէր, հայտարարեց իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ կրկնելով ԶՈՒ-ի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի մասին Փաշինյանի փաստարկը։ Վարչապետն առաջարկում էր նրան աշխատանքից ազատել, նախագահ Արմեն Սարգսյանը չէր ստորագրում հրամանագիրը։ Հենց այդ մասին խոսելով՝ վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանն իր պատկերացրած նախագահին նկարագրեց՝ «պետք է ներդաշնակ աշխատի կառավարության և խորհրդարանական մեծամասնության՝ ՔՊ-ի հետ»։
Քննադատությունը չուշացավ՝ Փաշինյանը նախագահ, թե՞ կամակատար է ուզում տեսնել։ Վահագն Խաչատրյանի և իշխող խմբակցության տեսակետը, ըստ Հովհաննիսյանի, երեկվա քննարկմանը համընկել է՝ աշխատանքը ներդաշնակեցնելու խնդիր կա։
«Նորմալ աշխատանքային մթնոլորտ պետք է Հայաստանի Հանրապետությունում ձևավորվի, բոլոր պետական ինստիտուտները պետք է սպասարկեն Հայաստանի Հանրապետության շահը և լինեն ներդաշնակ պետական քաղաքականության շուրջ, այդ թվում նաև փոխգործակցության իմաստով, և այո, պարո Խաչատրյանն այս մտքի հետ լրիվ հաշտ է», - նշեց Հովհաննիսյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարի Արթուր Հովհաննիսյանը հավանական համարեց, որ նախագահի արտահերթ ընտրության առաջին փուլը մարտի 1-ից 4-ի՝ հերթական քառօրյա նիստերի ընթացքում կկազմակերպվի։