Վաղը Ռուսաստանը բալիստիկ և թևավոր հրթիռներով զորավարժություններ կսկսի՝ Պուտինի գլխավորությամբ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ կանցկացվեն ռազմավարական զսպման ուժերի պլանային զորավարժություններ: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ զորավարժությունների ընթացքում արձակվելու են բալիստիկ ու թևավոր հրթիռներ:

Դրանց կմասնակցեն Հյուսիսային և Սևծովյան նավատորմերը, օդատիեզերական ուժերը, Հարավային ռազմական օկրուգը և հրթիռային ուժերը:

Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա

Մինչ այդ, այսօր Պուտինը Կրեմլում ընդունել է Բելառուսի ղեկավարին և վերջինիս հրավիրել մասնակցելու վաղը կայանալիք զորվարժություններին։

Բանակցություններից հետո Պուտինը հայտարարել է, թե Մինսկն ու Մոսկվան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը ռազմական ոլորտում։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Մոսկվան և Մինսկը նման քայլի են գնացել Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմատենչ գործունեության պատճառով։ Թե ի՞նչ է սա նշանակում, Պուտինն ու Լուկաշենկոն այսօր չեն մանրամասնել։ Ռուսաստանի նախագահը միայն ասել է, թե ՆԱՏՕ-ի ակտիվությունը զսպելու համար են խորացնում համագործակցությունը ռազմական ոլորտում:

«Մենք պայմանավորվել ենք միասին ապահովել մեր երկրների անվտանգությունը ՆԱՏՕ-ի գործունեության ակտիվության ֆոնին», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրման ֆոնին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա և հանդիպել Ռուսաստանի առաջնորդի հետ։ Ի տարբերություն արևտմյան առաջնորդների հետ բանակցություններին՝ Կրմելում համատեղ մամուլի ասուլիս որպես այդպիսին այսօր չի եղել, Պուտինն ու Լուկաշենկոն պարզապես ելույթ են ունեցել և հեռացել։ Լրագրողների հարցերին նրանք չեն պատասխանել։

Այսօրվա բանակցությունների հիմնական թեման, սակայն, ուկրաինական ճգնաժամն էր, հատկապես, որ Բելառուսի տարածքում Ուկրաինայի հետ սահմանի մոտ գտնվում են տասնյակ հազարավոր ռուս զինծառայողներ, ռազմական տեխնիկա, այդ թվում նաև հրթիռային համակարգեր։

Ռուսաստանի նախագահը այսօր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո հայտարարել է, թե Մոսկվային անհանգստացնում է իրավիճակը Դոնբասում, որտեղ վերջին օրերին իրավիճակը սրվել է։

Մինչ Մոսկվայում տարբեր հարթակներում քննարկում են Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու անհրաժեշտությունը, Պուտինն այսօր հերթական անգամ ընդգծել է, թե Դոնբասի հակամարտությունը Ուկրաինայի ներքին հակամարտությունն է, որը կարգավորելու համար Կիևը պետք է կատարի Մինսկի համաձայնագրերը։

«Կարգավորման գործընթացը դեռ փակուղում է. Կիևը չի կատարում մինսկյան պայմանավորվածությունները և, մասնավորապես, կտրականապես հրաժարվում է Դոնեցկի և Լուգանսկի հետ ուղիղ բանակցություններից», - հայտարարել է Պուտինը։

Ինչ վերաբերում է Բելառուսի նախագահին, Արևմուտքի կողմից նախագահ չճանաչված Լուկաշենկոն այսօր ավելի կոշտ հայտարարություններ էր արել, քան Պուտինը: Նա, մասնավորապես, ասել է, թե արևմտյան առաջնորդների քաղաքականությունը սպառնում է եվրոպական անվտանգությանը, և որ նրանց պատճառով եվրոպան այսօր աննախադեպ խորը աղետի առջև է կանգնած։

Ընդ որում՝ ոչ Լուկաշենկոն, ոչ էլ Պուտինը չեն ասել այսօր, թե երբ են ռուսական զորքերը դուրս գալու Բելառուսի տարածքից։ Նախօրեին Բելառուսի նախագահը հայտարարել էր, թե Պուտինի հետ հանդիպմանը կորոշեն՝ երբ, ինչ, ժամկետներում, ինչ ժամանակացույցով դուրս կբերվեն Ռուսաստանի զինված ուժերը Բելառուսից։

Ըստ նախապես հայտարարված ծրագրի, ռուսական բանակը Բելառուս էր ուղարկվել 10 օրով՝ «Միութենական վճռականություն 2022» զորավարժությունների շրջանակներում: Վարժանքներն, ինչպես այսօր հայտարարել են երկու երկրների ղեկավարները, ավարտվում են երկու օրից՝ փետրվարի 20-ին:

Պուտինի հետ հանդիպումից առաջ երեկ Արևմուտքի կողմից չճանաչված Լուկաշենկոն վերստին իր անվերապահ աջակցությունն է հայտնել Ռուսաստանին ու ընդգծել՝ եթե Պուտինը ճանաչի Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները, Բելառուսն էլ կհետևի նրա օրինակին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլը չի հստակեցնում՝ պատրաստվո՞ւմ է Պուտինը ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները

Եվրոպայի վերջին բռնապետի տիտղոսը ստացած Լուկաշենկոն երեկ նաև սպառնացել է՝ եթե ամերիկացիները շարունակեն, իր խոսքով, Բելառուսի ներքաղաքական իրավիճակին միջամտելու փորձերը, ինքը հավերժ կմնա Բելառուսի նախագահի պաշտոնում:

«Ես երբեք չեմ ասել՝ երբ եմ հեռանալու, ես ասել եմ՝ որ պայմանների դեպքում եմ հեռանալու: Եթե Արևմուտքը, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգները, շարունակի միջամտել մեր գործերին, ինչպես 2020-ին, ես կլինեմ հավերժ նախագահ», - հայտարարել է Լուկաշենկոն:

Նա, ի դեպ, Բելառուսը ղեկավարում է անկախության հռչակումից ի վեր, և ըստ միջազգային դիտորդների ու փորձագետների, արդեն 30 տարի երկրում ժողովրդավարական ընտրություններ չեն անցկացվել:

Ավելի վաղ Լուկաշենկոն խոսել էր Ռուսաստանի հետ Միութենական պետության մասին, պնդելով, թե առաջիկա տարիներին այդ դաշինքին կմիանան հետխորհրդային մի շարք այլ պետություններ ևս:

Միավորման մասին որոշում Ռուսաստանը և Բելառուսը կայացրել էին դեռևս 1997-ին, գործնական քայլեր մինչև վերջին տարիները չէին իրականացվում: Ինքը՝ Լուկաշենկոն երկար տարիներ շարունակ Մոսկվայից նոր վարկեր պահանջելուց առաջ հայտարարում էր, թե Մոսկվան փորձում է սահմանափակել Բելառուսի ինքնիշխանությունը: Այս հարցում նրա դիրքորոշումը կտրուկ փոխվեց երկու տարի առաջ՝ նախագահական ընտրություններից հետո, երբ Բելառուսում աննախադեպ ցույցեր սկսվեցին, ու նա փաստացի իշխանության մնաց միայն Ռուսաստանի աջակցության շնորհիվ: