Ուկրաինայի հետ սահմանի մոտ այս շաբաթ մեկնարկող ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունների ֆոնին Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարում է, թե Դոնբասում անջատողականների վրա ուկրաինական բանակի հարձակման դեպքում բելառուսական բանակն իրեն կպահի «ճիշտ այնպես, ինչպես ռուսականը»:
Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հարցին Լուկաշենկոն պատասխանել է՝ «իհարկե»։ Նա ուղղակիորեն չի ասել, որ Բելառուսը Ռուսաստանի հետ միասին պատերազմելու է Ուկրաինայի դեմ, սակայն նրա խոսքերն ու դրանց համատեքստը նման մեկնաբանություն են ենթադրում։ «Եթե նրանք մեր կամ ռուսների դեմ պատերազմ սկսեն, իհարկե մենք մեզ պաշտպանելու ենք», - ասել է Լուկաշենկոն։
Սոլովյովի հարցին՝ իսկ եթե ուկրաինացիները հարձակո՞ւմ սկսեն Դոնբասի դեմ, Լուկաշենկոն պատասխանել է․ - «Այդ դեպքում մենք մեզ կպահենք այնպես, ինչպես ռուսները։ Մենք հո կատակ չե՞նք անում մեր հարավային սահմաններին»։
Պաշտոնապես Մինսկը և Մոսկվան հայտարարում են, թե Բելառուս ռուս զինվորականները ժամանում են փետրվարի 10-ից մինչև 20-ը կայանալիք համատեղ զորավարժություններին մասնակցելու համար։
Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները կարծում են, որ Ռուսաստանը, Ուկրաինայի հետ սահմանին զորքեր հավաքելով, կարող է զինված ներխուժում նախապատրաստել այդ երկիր: Արևմուտքը մտահոգություն է հայտնում նաև Բելառուսի կողմից հարձակման հնարավորության կապակցությամբ՝ բելառուսա-ուկրաինական սահմանից մինչև Կիև ավելի մոտ է, քան ռուս-ուկրաինական սահմանից։
Ռուսաստանը կտրականապես հերքում է ներխուժման նախապատրաստումը։ Դրա հետ մեկտեղ, ռուս պաշտոնյաները, ներառյալ՝ նախագահ Վլադիմիր Պուտինը, բազմիցս հասկացրել են, որ Ռուսաստանն ուժային պատասխան կտա Դոնբասում Ուկրաինայի հնարավոր հարձակմանը: Ուկրաինան հերքում է նման հարձակման ծրագրերը։ Կիևում և Արևմուտքում մտավախություն ունեն, որ Ռուսաստանը կարող է բեմադրել ուկրաինական զորքերի ագրեսիվ գործողությունները, որպեսզի արդարացնի սեփական ներխուժումը։
Բելառուսի և Ուկրաինայի միջև հարաբերությունները զգալիորեն վատացել են, երբ Կիևը դատապարտել է Լուկաշենկոյի ռեժիմը 2020 թվականին Մինսկում զանգվածային բողոքի ցույցերը ճնշելու համար:
Ռուսաստանը Ուկրաինայի սահմաններին տեղակայել է լյնածավալ ներխուժման համար անհրաժեշտ ուժերի եւ միջոցների շուրջ 70 տոկոսը, գրում են Reuters-ը և The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնատար անձանց։
Զորավարժություններին մասնակցելու համար Ռուսաստանը Բելառուս է տեղափոխել ռուսական զորքերն ու ռազմական տեխնիկան՝ ներառյալ «Իսկանդեր» հրթիռային համալիրները և C-400 (S-400) հակաօդային պաշտպանության համակարգերը: