Մ6 ճանապարհի շինարարության հետևանքով Հաղպատ կիսակայանի բնակիչները կարող են զրկվել իրենց եկամտի միակ աղբյուրից

Մ6 միջպետական ավտոճանապարհի շինարարությունը Լոռու մարզում

Լոռու մարզի Հաղպատ կիսակայարանի բնակիչներն անհանգիստ են. դեպի Վրաստանի սահման տանող միջպետական ճանապարհի շինարարության հետևանքով կարող են զրկվել իրենց եկամտի միակ աղբյուրից՝ Դեբեդ գետին հարակից այգիներից։

Շինարարության պատասխանատուները փոխել են նախկինում հաստատված նախագիծը, որով ճանապարհն այդ հատվածում պետք է լայնացվեր ժայռը պայթեցնելու միջոցով։ Հետո որոշում է ընդունվել դրա փոխարեն գետի վրայով կամուրջ անցկացնել։ Բայց ավելի ուշ երկու տարբերակն էլ մերժվել են ու որոշվել է միջպետական ավտոճանապարհը լայնացնել գետը նեղացնելու հաշվին։ Հիմա հող են լցնում գետը դրա վրա ճանապարհ կառուցելու համար։

Այս դեպքում անխուսափելի է. գարնան վարարումների հետ գետի մյուս ափին գտնվող հարյուրից ավելի պտղատու ծառերը ջրի բաժին կդառնան, իրենց եկամուտ տվող այգիները փրկել չի լինի։ Առանց այն էլ, անցած գարնանը գետը լցված շինարարական թափոնների պատճառով արդեն ջուրը ողողել էր այգիներն ու ծառեր տեղահան արել, ասում է այգետերերից Էմմա Մաթոսյանը. - «Այս պահին փաստացի վնաս չկա, չի հեղեղում։ Բայց նկատի ունենալով գարնանային վարարումները գետի, գետի էրոզիոն բնույթի, քայքայիչ բնույթի աշխատանքները, պարզ է, որ մեր այգիները ողողվում են, և վնասը հասցվելու է սարսափելի»։

Այս տարածքում ժամանակին հանրակացարաններն են եղել, որտեղ երկաթուղայիններն են ապրել։ Հետո դրանք սեփականաշնորհվել են ու դարձել 4 ընտանիքի սեփականություն։ Նրանք նախ Հաղպատ գյուղի բնակիչներ են համարվել, հիմա արդեն Ալավերդի համայնքի անդամներ են։ Ասում են, որ իրենց այգիներն օրինական եղանակով վարձակալել են համայնքապետարանից, կանոնավոր վճարում են դրա դիմաց ու այգեգործությամբ զբաղվում։

75-ամյա Վլադիմիր Կոնյանը Հաղպատ կայարանի հարևանությամբ գտնվող տներից մեկում է ծնվել։ Իր նախնիներն էլ են այստեղ գյուղատնտեսություն վարել, ինքն էլ։ Հիմա արդեն մտքերը խառն են՝ ինչ կլինի, եթե գետն իրենց մոտենա. - «Մեր այգիները տանում են, մենք էլ մեր դավին են տալի։ Ապրում ենք ստեղ ինչի համար, որ ծառից մի բան ստացվի, միրգ ունենանք»։

Շինարարության պատվիրատու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից «Ազատության» գրավոր հարցերին ի պատասխան տեղեկացրել են, որ այդ հատվածի հարակից «ժայռային զանգվածը շատ բարձր է՝ 70մ և ավելի, և դրա մի մասի փլուզումը կարող էր թուլացնել ամբողջ ժայռը՝ հրահրելով վտանգավոր, անսպասելի քարաթափումներ, նույնիսկ հանգեցնել ամբողջ զանգվածի ինքնաբուխ փլուզման, որի հետևանքով ժայռաբեկորները երկար ժամանակով կփակեն ոչ միայն միջպետական ճանապարհով երթևեկությունը, այլև ամենայն հավանականությամբ՝ գետի հունը»։

Կամրջի կառուցման տարբերակից ևս հրաժարվել են. - «Կամրջի միջոցով շրջանցելու տարբերակը ենթադրում էր նոր ճանապարհի կառուցում գետի ձախ կողմում՝ գետի և երկաթգծի միջև եղած տարածքով։ Այս տարբերակը չի ընդունվել, քանի որ այդ հասանելի անվտանգ տարածքը թույլ չի տալիս ապահովել նոր ճանապարհի նախագծային նորմերը։ Ավելին՝ շինարարական տեխնիկայի տեղափոխումը և այդ հասանելի տարածքում շինարարական աշխատանքների ծավալումը գործնականում հնարավոր չէ»։

Բնակիչները պետությունից գոնե փոխհատուցում են պահանջում իրենց ծառերի դիմաց, որոնք գարնանն արդեն կարող են կորցնել։ Սոնյա Կոնյանը, որ տասնյակ ծառեր ունի այս տարածքում՝ նռնենուց մինչև թզենի ու ընկույզ, ասում է, որ կորստի հետ չի հաշտվելու, պայքարելու է։

Մինչդեռ ճանապարհային դեպարտամենտից ասում են, թե բոլոր ծառերի վնասը չեն հատուցի, քանի որ դրանք տնկվել են՝ առանց հաշվի առնելու սահմանված նորմերը. - «Բնակիչներն այգիներ են դարձրել ոչ միայն գետի ամենամյա վարարման գոտում ընկած տարածքը, այլև գետի առավելագույն վարարման հաշվարկային գոտին։ Հողօգտագործողները պետք է տեղյակ լինեին կամ հողը հատկացնողների կողմից պարբերաբար տեղեկացված լինեին առավելագույն վարարումների վտանգի մասին, հետևաբար գետի վարարման դեպքում հաշվարկային գոտում գտնվող այգիների վնասի ռիսկը կրում են հողօգտագործողները»։

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են նաև, որ ներկայումս հաշվարկվում և գույքագրվում է այն տարածքը, որը գետի հունի նեղացումից հետո կարող է գետի առավելագույն վարարման հաշվարկային գոտի համարվել։ Գետի վարարման դեպքում էլ միայն այդ տարածքի այգիներին հասցված վնասը կհաշվարկվի ու կփոխհատուցվի, ասված է դեպարտամենտի պատասխանի մեջ։

Ավելի քան երեք տարի ընթացող Մ6 միջպետական ճանապարհի շինարարության վերջնաժամկետն արդեն երեք անգամ հետաձգվել է։ Այս պահին Թումանյան-Բագրատաշեն ճանապարհի շինարարությունը գրեթե բոլոր հատվածներում դադարեցված է։ Շինարարներն ասում են, որոշ տեղերում, որտեղ հողային աշխատանքներն ավարտված են, ասֆալտապատման համար սպասում են եղանակների տաքանալուն։ Մյուս հատվածներում նախագծային փոփոխություններն են դադարի պատճառը։