Մատչելիության հղումներ

Նախարար․ Այս տարի վերանորոգվելու է ավելի քան 300 կիլոմետր ճանապարհ


Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը այսօր հայտարարեց, որ առաջիկա մի քանի տարվա ընթացքում Հայաստանի ճանապարհները բերվելու են նորմալ վիճակի:

Լրագրողների հետ հանդիպմանը նախարարը մանրամասնեց, որ միայն այս տարի 15 միլիարդ դրամով վերանորոգվելու է ավելի քան 300 կիլոմետր ճանապարհ․ - «Հիմնական ուղղությունները հետևյալն են․ Երևանից դեպի Վրաստանի սահման մենք պետք է ունենանք երկկողմանի, բարձր որակի ճանապարհ: Եվ Գյումրիի կողմով, մյուս անցակետով: Դրա շրջանակներում է ամբողջ ծրագրերը: Նաև հարավային ուղղությամբ ունենք լրացուցիչ հիմնանորոգման ծրագրով բավականին մեծ հատվածներ դեպի Մեղրի»:

Արշակյանի խոսքով, Ասիական զարգացման բանկի՝ 2015 թվականին ներկայացրած հաշվարկի համաձայն, յուրաքանչյուր տարի պահանջվում է մոտ 20 միլիարդ դրամ, որպեսզի Հայաստանի ճանապարհային ողջ ցանցը վերանորոգվի և պահպանվի պատշաճ մակարդակի վրա․ - «Մենք պետք է մոտենանք այդ ցուցանիշին: Այնուամենայնիվ, պետք է հիմնական շեշտը դնենք Հայաստանը տրանցիտ գոտի սարքելու ուղղությամբ ջանքեր գործադրելու վրա դեպի Վրաստան և դեպի Իրան: Եվ այս ուղղությամբ մենք այս տարի 15 միլիարդից ավելի ճանապարհաշինության վրա գումար ենք հատկացնելու»:

Ըստ նախարարի, արդեն հաջորդ տարի կավարտվեն Վանաձորը Վրաստանի սահմանի հետ կապող Մ6 մայրուղու հիմնանորոգման աշխատանքները․ - «Մյուս տարի մենք կունենանք Երևանից մինչև Հայաստանի սահման գնացող բարձր որակի ճանապարհ»:

Այս հունվարին հայտնի դարձավ, որ Եվրամիությունն ու Համաշխարհային բանկը մինչև 2030 թվականը Հայաստանին հատկացնելու են 732 միլիոն եվրո, որը գրեթե ամբողջությամբ ուղղվելու է հայ-իրանական սահմանից մինչև հայ-վրացական սահմանը ձգվող ճանապարհների վերանորոգմանն ու կառուցմանը:

TEN-T անվամբ ծրագրով Եվրամիությունն ու Համաշխարհարհային բանկը նախատեսում են մինչև 2030 թվականը 12,8 միլիարդ եվրո ներդրում կատարել Արևելյան գործընկերության մաս կազմող վեց երկրներում՝ Բելառուսում, Մոլդովայում, Ուկրաինայում, Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Միջոցներն ուղղվելու են ավտոճանապարհների, երկաթուղիների, օդանավակայանների ու նավահանգիստների արդիականացմանը:

Հակոբ Արշակյանի ներկայացմամբ, այդ ծրագրի շրջանակում այժմ բանակցություններ են ընթանում 350 միլիոն դոլար ֆինանսավորման շուրջ, որն ուղղվելու է Սիսիան - Քաջարան նոր՝ 60 կիլոմետրանոց ճանապարհի կառուցմանը, որի ավարտից հետո Երևանից Մեղրի հնարավոր կլինի հասնել երկու ժամ շուտ:

Ըստ նախարարի, ֆինանսավորման շուրջ պայմանավորվածության ձեռք բերումից հետո, այդ ճանապարհը հնարավոր կլինի կառուցել երկու տարում․ - «Մեկ մեծ թունելի՝ 8,7 կիլոմետր երկարությամբ, և երեք կամուրջի շինարարությամբ մենք կարողանում ենք այդ հատվածում շուրջ երկու ժամով կրճատել երթևեկության տևողությունը, բարձրացնել և՛ ճանապարհի կարգը, և՛ անվտանգությունը, և՛ տեղումներից հնարավոր խնդիրները, որովհետև լեռնային հատված է, և ռելիեֆի պատճառով դանդաղեցում և սեզոնային լուրջ խնդիրներ ենք ունենում այդ հատվածում»:

Նախարարն անդրադարձավ նաև 2012 թվականի սեպտեմբերից կառուցվող «Հյուսիս-Հարավ» մայրուղուն, որի շինարարության նպատակով Հայաստանի նախորդ կառավարությունները, ինչպես այսօր հայտարարվեց, ցայսօր ներգրավել են մոտ 550 միլիոն դոլար վարկ:

Նախատեսված էր, որ մայրուղու Թալին-Գյումրի հատվածի կառուցումը պետք է ավարտվեր այս տարվա հուլիսին, սակայն շինարարությունը հետաձգվել է, նոր վերջնաժամկետը դեռ հայտնի չէ:

Արշակյանը խոսեց նաև Վերին Լարսին այլընտրանքային՝ Հարավային Օսիայով անցնող և Վրաստանը Ռուսաստանին կապող ավտոմայրողու մասին․ - «Շվեյցարական ընկերության միջնորդությամբ որպեսզի ստեղծվի ճանապարհային միջանցք Ռուսաստանի և Վրաստանի միջև, այդ ծրագրի մասով կարող եմ ասել, որ վերջին տեղեկությունը ստացել եմ Վրաստանի իմ գործընկերոջից Ժնև կատարած այցի ընթացքում: Իրենց տրամադրվածությունն ամբողջովին դրական է, և վճարումները այդ շվեյցարական ընկերությունը, որը միջնորդը պետք է հանդիսա, արվել են, և դրական տեղաշարժ կա: Թե ինչ ժամկետներում և ինչպես կհանգուցալուծվի հարցը, կդժվարանամ մեկնաբանել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG