Դեպի Վրաստանի սահման տանող Մ6 միջպետական ճանապարհի ավելի քան երեք տարի ընթացող շինարարության ավարտի վերջնաժամկետը երկարաձգվել է ևս կես տարով։
Սա արդեն չորրորդ ժամկետն է, որ պատասխանատուները սահմանում են մոտ 52 կիլոմետրանոց ճանապարհը հիմնանորոգելու համար։ 2018-ի մայիսին սկսված շինարարությունը նախատեսված էր ավարտել մեկնարկից երկու տարի անց՝ 2020-ի նոյեմբերին։ Բայց մինչև այսօր արդեն երեք անգամ նոր ժամկետներ են սահմանվել. նախ մինչև 2021-ի սեպտեմբեր, հետո արդեն՝ մինչև անցած տարեվերջ, այժմ էլ՝ հունիսի 15-ը։
Շինարարությունն սկսելուց ավելի քան երեք տարի անց, մինչդեռ, ճանապարհի մեկ-երկու հատվածներում են տեսանելի շինտեխնիկա և աշխատող բանվորներ։ Ալավերդցի տաքսիստ Բորիս Թամազյանն ասում է՝ այլևս դիմանալու չէ քարքարոտ ճանապարհով, անընդհատ փոշու մեջ մեքենա վարելը. - «Ես հրաժարվում եմ էդ ճանապարհով երթևեկել»։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ծրագրերի կառավարման և գնումների դեպարտամենտի պետ Նարեկ Զուլալյանը նշում է, որ այսօրվա դրությամբ աշխատանքի 73 տոկոսը կատարված է, և որ հունիսի 15-ին ճանապարհը վերջնական տեսք կունենա՝ պատրաստ շահագործման։ Նրա փոխանցմամբ, աշխատանքի ընթացքում ստիպված են եղել մի քանի հատվածներում լիովին փոխել դեռ 2015-16 թվականներին իտալական «Լոտտի ինժեներիա» ընկերության կազմած նախագիծը. - «Որոշակի նոր աշխատանքներ ի հայտ են եկել շինարարության ընթացքում, որոնք կանխատեսելի չեն, իսկ որոշակի աշխատանքների նախագծերը պատվիրվել են պատվիրատուի կողմից՝ ճանապարհը բարելավելու նպատակով»։
Շինարարության պատվիրատու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատու Նարեկ Զուլալյանն ասում է, որ նախագիծը փոխել են մեկ կիլոմետր կոյուղագծի ու մոտ 6 կմ ջրագծի կառուցման, մալուխների անցկացման նպատակով։ Ալավերդի քաղաքում էլ կառուցվում է երկու կամուրջ, որոնք քաղաքը կապում են Սանահին գյուղի հետ, նշում է պաշտոնյան։
Երեք տարվա ընթացքում դեպի Օձուն տանող շրջադարձի հատվածում հողային աշխատանք չի արվել, այսօր էլ չի արվում։ 5 տարի առաջ հաստատված ծրագրով նախատեսված է եղել միայն ասֆալտը նորացնել՝ առանց որևէ կառուցվածքային փոփոխության։ Հետո արդեն շինարարները շրջադարձը վտանգավոր են համարել երթևեկության համար ու ամբողջությամբ փոփոխել նախագիծը։
Ճանապարհային դեպարտամենտի պատասխանատուի խոսքով, այժմ հարակից շենք-շինություններն օտարվում են, որպեսզի շրջադարձը լայնացվի և ավելի հարմար լինի նաև մեծ բեռնատարների համար. - «Վերանայվել է նախագիծը, պատվիրվել է նոր նախագիծ այս հատվածի համար։ Նախագիծը արդեն իսկ պատրաստ է, և շինարարական աշխատանքները շուտով կմեկնարկեն»։ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի շինարարությունն սկսվել էր դեռ 2016 թվականին։ Պաշտոնական տեղեկատվությամբ, դեռ երեք տարի առաջ շահագործման հանձնված Վանաձոր-Թումանյան 38,5 կիլոմետրանոց հատվածի վրա ծախսվել է 19 միլիարդ դրամ։ Թումանյան-Բագրատաշեն հատվածի մոտ 52 կիլոմետրում աշխատանքների 73 տոկոսն արդեն արված են համարում։ Սրա համար էլ այսօրվա դրությամբ ծախսվել է 12 միլիարդ դրամ։ Ճանապարհային դեպարտամենտի պաշտոնյան ասում է՝ թե՛ նախկինում շահագործված և թե՛ հիմա կառուցվող հատվածներում նախատեսված գումարները գրեթե կիսով չափ խնայել են։ Նարեկ Զուլալյանը համոզված է, որ Թումանյան-Բագրատաշեն հատվածի դեպքում ևս խնայողություններ կլինեն, նախագծային փոփոխություններն էլ համարում է պարզապես աշխատանքի բարելավում։
Մինչդեռ, ճանապարհը կառուցող երեք շինարարական կազմակերպություններից մեկի՝ «Հորիզոն-95» ընկերության գեոդեզիստ Կարեն Սոխակյանը, որն արդեն երեք տարի Մ6 միջպետական ճանապարհի շինարարությանը ներսից է հետևել, անհավատալի է համարում, թե նախատեսվածից քիչ գումարներ կծախսվեն։ Շեշտում է՝ նախկին նախագիծը, գոնե իր աշխատած 10 կիլոմետրանոց հատվածում, գրեթե ամբողջովին փոխվել է։ 2015-16 թվականներին արված նախագծերում քարտեզագրումները, ըստ նրա, չեն համապատասխանել պահանջներին, շինարարությունն անելիս անընդհատ ինժեներական խնդիրների առաջ են կանգնել։ «Ճիշտն ասած, էդ անհավատալի բան ա, որովհետև բաներ կա, ավելացնում ենք։ Ծավալները եթե ավելանա, ո՞նց ա ծախսերը պակասում։ Եթե բետոնային աշխատանքները նախագծայինի համեմատ ավելանում է, պատը եթե նախատեսված ա յոթ մետր, իրականում անհնրաժեշտություն կա տասը մետր դնելու, տասը մետր ենք դնում, ո՞նց ա ծախսերը պակասել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կարեն Սոխակյանը։
Այս օրերին շինարարության դադարեցման պատճառով հարկադիր պարապուրդի մեջ հայտնված Սոխակյանը հարց է տալիս՝ ինչո՞ւ այսքան դանդաղեց Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ճանապարհի արդեն 5 տարի ընթացող շինարարությունը։ Ինչո՞ւ են նախագծողներն աշխատանքի ծավալներն ավելի քիչ ներկայացրել, քան անհրաժեշտ է անվտանգ ու որակյալ ճանապարհ կառուցելու համար։
Սոխակյանը կասկածներ ունի, որ ճանապարհաշինության ոլորտում եղած կոռուպցիոն մեխանիզմները դեռ այսօր էլ Հայաստանում վերացված չեն. - «Թե դա ինչ մեխանիզմ ա, որ գործում ա, հետագայում էդ հարցերը կքննվի նաև որպես անցումային արդարադատության մի ասպեկտ, կբացահայտվի, թե ինչ կոռուպցիոն մեխանիզմ ա գործել ու գործում էս համակարգում»։