Մատչելիության հղումներ

Շինաշխատանքների պատճառով Ձորագետ գյուղը «բլոկադայի» մեջ է հայտնվել


Ձորագետցիները ստիպված են ամեն օր երկար ճանապարհ կտրել՝ քայլելով երկաթգծի վրայով ու նախապես ճշտելով գնացքների երթևեկի ժամերը
Ձորագետցիները ստիպված են ամեն օր երկար ճանապարհ կտրել՝ քայլելով երկաթգծի վրայով ու նախապես ճշտելով գնացքների երթևեկի ժամերը

Լոռու և Տավուշի մարզերի 33 համայնքներով անցնող Մ6 միջպետական ճանապարհի 90 կմ երկարությամբ ավտոմայրուղին շահագործման կհանձնվի 2020 թվականի հունվարին: Իսկ Ձորագետի թունելի վերակառուցման աշխատանքները կավարտվեն առաջիկա ապրիլին: Մինչ այդ ձորագետցիները ստիպված են ամեն օր ոտքով երկար ճանապարհ կտրել՝ քայլելով երկաթգծի վրայով:

Արդեն մի քանի ամիս է Լոռու մարզի Ձորագետ գյուղի մի ծայրից մյուսը հասնելու համար մարդիկ ստիպված են մոտ 2 կմ քայլել երկաթգծի վրայով: Նախորդ տարվա սեպտեմբերից մեկնարկած՝ Մ6 միջպետական ճանապարհի վերակառուցման աշխատանքների պատճառով ձորագետցիները, իրենց իսկ բնորոշմամբ, «բլոկադայի» մեջ են հայտնվել:

Եթե շինարարության սկզբում դեռ կարողանում էին Վանաձոր հասնել, ապա այսօր արդեն գյուղի երկու ծայրերում էլ շինաշխատանքներ են ընթանում, ճանապարհները փակ են: Գյուղացիները թեև գիտեն, որ խնդիրը ժամանակավոր է, բայց սրտնեղում են՝ ոչնչից չեն կարողանում օգտվել: «Սենց կրախի առաջ մենք ոչ մի անգամ չենք կանգնել էլի, դե ոչ կարում ենք շուկա գնանք, ոչ կարում ենք բազար գնանք կամ խանութները գնանք, ոչ մի տեղ չենք կարում գնանք, տրանսպորտ չկա»,- բողոքում են գյուղացիները:

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին գտնվող թունելներից մեկը գյուղը երկու մասի է բաժանում: Այս պահին թունելը փակ է, գյուղի մի հատվածից մյուսն անցնելու համար մարդիկ ստիպված են շուրջ 2 կմ քայլել երկաթգծի երկայնքնով՝ նախապես Թումանյան կայարանից ճշտելով այդ գծով գնացքի երթևեկի ժամերը: «Հայփոստ»-ի՝ գյուղի բաժանմունքի աշխատակից Նարինե Քոչարյանն ասում է, թե իր գործը մի քանի անգամ բարդացել է: Ձորագետում հիմնականում տարեցներ են ապրում, թոշակներն ու նամակները հասցեատերերին հասցնելու կամ կոմունալ վճարումներն ընդունելու համար ինքն այժմ ստիպված է ձմռան սառնամանիքին «տնետուն շրջել», քայլելով երկաթգծի վրայով:

«Շատ դժվարությունով եմ գնում, ձյուն ա լինում, անձրև ա լիոնում, բայց եթե աշխատանքը պահանջում ա, որ պետք ա էս նամակը էս օրը հասնի տիրոջը, ապա անպայման մի ձևով պետք ա հասցնեմ իրան: Թոշակ ա, նպաստ ա, գումարը վերցնում ենք, գծերի միջով գնում»,- ասում է Նարինե Քոչարյանը:

Ամեն օր մի խումբ դպրոցականներ, ինչպես նաև մարզկենտրոնից եկած ուսուցիչներ դպրոց հասնելու համար քայլում են նույն երկաթգծով՝ անցնելով երեք թունելի միջով: Ուսուցչուհի Մանուշ Բաղրամյանը պատմում է, որ սկզբում Վանաձորից ամեն օր էր գալիս գյուղ, ապա վերադառնում: Ճանապարհի փակվելուց հետո, մարզկենտրոնից եկած մյուս ուսուցիչների հետ միասին, ստիպված տուն են վարձել, գյուղում են մնում:

Վանաձորից բերում են նաև մեկ շաբաթվա մթերք, գյուղի փոքրիկ խանութից շատ քիչ բան կարելի է գնել: Որևէ տրանսպորոտային երթուղի գյուղ չի հասնում, շաբաթավերջին Վանաձոր վերադառնալու համար էլ պատահական մեքենաներից են օգտվում: «Հիմա երկաթգծով գնալու ենք Թումանյան կայարան, էնտեղից տրանսպորտ կամ տաքսի․․․ ինչ-որ մի ձև գտնելու ենք»:

Դեռ նախորդ տարվա հոկտեմբերին գյուղացիները դիմել էին կառավարությանը՝ առաջարկելով իրենց գնացք տրամադրել: Ամիսներ են անցել, բայց իրավիճակը գյուղում չի փոխվել: Գյուղացիների խոսքով՝ ավելի է վատթարացել: Գյուղապետ Լյովա Գրիգորյանն ասում է՝ կառավարությունը միջոցներ չունի նման օժանդակություն ցույց տալու համար: Ստիպված են սպասել մինչև շինաշխատանքները կավարտվեն:

«Երկաթուղին պատասխանեց, որ մեր գումարը եթե տրամադրեն, մենք կարող ենք գնացք գցել, բայց դա շատ մեծ գումարներ էին, որ ոչ մեկն էլ ի վիճակի չէր դրան»,- ասաց գյուղապետը: Նրա խոսքով, թունելի վերակառուցման աշխատանքներն ապրիլին կավարտվեն: Լոռու և Տավուշի մարզերի 33 համայքներով անցնող Մ6 միջպետական ճանապարհի 90 կմ երկարությամբ ավտոմայրուղին շահագործման կհանձնվի 2020 թվականի հունվարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG