Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղակատվություն է որակում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե այսօր Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ Քարվաճառի հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո, ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե «այսօր առավոտյան, ժամը 08։50-09։00-ի սահմաններում, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակոցներ են արձակել Բասարկեչարի շրջանի (Վարդենիսի շրջան) Յուխարի Շորջայի դիրքերից Քելբաջարի (Քարվաճառի) շրջանի Զյայլիկ բնակավայրի ուղղությամբ։ Պատասխան գործողությամբ կրակը դադարեցվել է։ Իրավիճակն այս պահին կայուն է»։
Այսօր ավելի վաղ Արցախի օմբուդմենը հայտնել էր, որ առավոտյան ժամը 05:50-ի սահմաններում Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել գյուղերի ուղղությամբ․ Արցախի օմբուդսմեն