ՀՀ իշխանությունները կարող են նպաստել տարածաշրջանի զարգացմանը, եթե ներքին և արտաքին ճնշում չլինի. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարարը, արխիվ

Թուրքիայի արտգործնախարարն այսօր կրկին հայտարարել է, թե Հայաստանը պետք է դասեր քաղի անցած պատերազմից և օգտագործի խաղաղության ու համագործակցության հնարավորությունը: TRT Haber-ի ուղիղ եթերում Մևլյութ Չավուշօղլուն խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից՝ ընդգծելով, որ Բաքուն դժգոհ չէ, ընդհակառակը՝ աջակցում է Անկարայի այս քայլերին:

«Առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու մենք քայլ չենք արել և չենք անելու: Ադրբեջանն էլ է նախընտրում, որ մենք ուղիղ, առանց միջնորդի շփում ունենանք Հայաստանի հետ, քանի որ որոշ հարցեր ուղիղ երխոսություն են պահանջում: Հարավային Կովկասում այս խնդիրը ավարտվեց Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակով: Այսուհետ արդեն խաղաղություն և համագործակցություն է պետք», - ասել է նա` շարունակելով. «Տարածաշրջանում կարևոր նախագծեր կյանքի կոչելով` պետք է աշխատենք տարածաշրջանի զարգացման համար: Սրա համար անհրաժեշտ է, որ բոլոր երկրները նույն մոտեցումն ունենան: Բոլորը պետք է ներգրավված լինեն այս գործընթացում, ոչ ոք չպետք է դուրս մնա, այդ թվում` Հայաստանը: Ղարաբաղի հաղթանակից հետո և՛ դաս է ստացել, և՛ հնարավորություն»:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը ասել է, թե ղարաբաղյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո Թուրքիան դրական ուղերձներ է հղել Հայաստանին, այնուհետև երկու երկրների ղեկավարները ևս դրական ուղերձներով են փոխանակվել, որին հաջորդել է երկուստեք բանագնացների նշանակումը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Եթե հարաբերություններում նոր խնդիր չառաջանա, հավատում եմ, որ նախապաշարմունքները կփոխվեն». Օսման Քավալա

«Հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում, հիմա էլ փետրվարի 24-ին կհանդիպեն Վիեննայում: Կցանկանայի, որ առաջին հանդիպումից հետո արդեն Թուրքիայում և Հայաստանում փոխադարձ այցելություններով հանդիպեն, սակայն հայկական կողմը այս անգամ էլ այսպես ուզեց: Խնդիր չկա, դա այդքան կարևոր չէ», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը:

Բանագնացների երկրորդ հանդիպման օրակարգի մասին կողմերը մանրամասներ չեն հաղորդում: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ խորհրդարանում միայն ասաց, թե Երևանը սահմանի բացմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված առարկայական քննարկումներ է ակնկալում:

Թուրքական ՀԸ եթերում Մևլյութ Չավուշօղլուն վերստին ընդգծել է, որ Ադրբեջանը ևս Հայաստանի հետ մնայուն խաղաղություն է ուզում, այդ պատճառով անհրաժեշտ է, որ կողմերի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի:

«Դրանից բոլորը կշահեն: Ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհի նախագծերի, այդ թվում` «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչումը այս տարածաշրջանը կդարձնի տրանզիտային կենտրոն, և բոլորը կշահեն: Հակամարտությունից և օկուպացիայից Հայաստանը ի՞նչ շահեց: Ինքն իրեն մեկուսացրեց, տնտեսությունը հայտնվեց շատ վատ վիճակում: Հիմա հնարավորություն կա, և պետք է այն գնահատել»:

Թուրքիայի ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կարող են նպաստել տարածաշրջանի զարգացմանը, եթե ներքին և արտաքին ճնշում չլինի: Այս առումով Չավուշօղլուն կարևորել է հայկական սփյուռքի, մասնավորապես ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայության դիրքորոշումը, որոնք, նրա խոսքով, մեծամասամբ չեն աջակցում այս գործընթացին: Նա նշել է, որ այս հարցը քննարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, որպեսզի ամերիկացի պաշտոնակիցը խրախուսի Ամերիկայի հայ համայնքին աջակցել կարգավորման գործնթացին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անթալիայի ֆորումին մասնակցելու դրական պատասխան Հայաստանից դեռ չենք ստացել. Չավուշօղլու

«Իհարկե, միամիտ չենք և գիտակցում ենք առկա դժվարությունները: Սակայն պետք է խիզախ քայլեր ձեռնարկենք և այդ քայլերը բոլոր փուլերում քննարկելու ենք Ադրբեջանի հետ», - հավելել է նա:

Մևլյութ Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ առաջիկայում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հրավերով կայցելի Բաքու։