Մատչելիության հղումներ

Բլինքենը և Չավուշօղլուն կրկին քննարկել են հայ-թուրքական կարգավորման գործընթացը


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեկ հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի խոսել են «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման, նաև լրացուցիչ քայլերի մասին, որոնք ԱՄՆ-ը կարող է ձեռնարկել այդ ջանքերին աջակցելու համար»։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

Ըստ Փրայսի՝ զրուցակիցները քննարկել են նաև «ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ամուր երկկողմ հարաբերություններ պահպանելու հնարավորությունները», «ՆԱՏՕ-ի հետագա համակարգման և միասնության ուղիները՝ կապված Ռուսաստանի կողմից հետագա էսկալացիայի և Ուկրաինայի դեմ ագրեսիայի սպառնալիքի հետ»։

Բլինքենը նշել է ընդհանուր նվիրվածությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ներգրավվածությունն ի նպաստ խնդրի դիվանագիտական լուծման, նաև ասված է հաղորդագրությունում։

Հունվարի սկզբին ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը քննարկել էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկը, գործընթացին թե՛ նախորդ և թե՛ այս ամիս կայացած հեռախոսազրույցներում անդրադարձել են Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականը և Թուրքիայի նախագահի խոսնակը։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում։ Հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին, որ համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Ռուբինյանի և Քըլըչի երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին Վիեննայում։

XS
SM
MD
LG