Մատչելիության հղումներ

«Ադրբեջանն ու Թուրքիան գործադրում են բոլոր ջանքերը՝ Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար». Հուլուսի Աքար


Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի հզորացմանն ուղղված միջոցառումները վտանգ չեն ներկայացնում այլ երկրների համար, այս մասին հայտարարել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը ադրբեջանցի պաշտոնակցի հետ բանակցություններից հետ։

Երկօրյա այցով Անկարա է ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Այսօր նա նաև հանդիպում է ունեցել նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Թուրքիայի նախագահի աշխատակազմը հանդիպման վերաբերյալ մանրամասներ չի հաղորդում։

«Մենք շարունակում ենք մեր ջանքերը՝ ուղղված մեր զինված ուժերի զարգացմանը, մեր երկրների ու ազգերի պաշտպանությանը։ Մենք մեծ գոհունակություն ենք զգում նաև մեր բանակների մշտական հզորացումից։ Ադրբեջանն ու Թուրքիան՝ «երկու պետություն՝ մեկ ազգ», գործադրում են բոլոր ջանքերը՝ Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար»,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։ Հուլուսի Աքարը կրկնել է՝ Էրդողանն ու Ալիևը խաղաղության ձեռք են մեկնել Հայաստանին և սպասում են պատասխանի։

«Մեր ջանքերն ուղղված են ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, Թուրքիայի և Հայաստանի միջև, այլ նաև ամբողջ Կովկասում խաղաղության հաստատմանը»,- ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան։

Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամլո ծառայության համաձայն` Աքարն ու Հասանովը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը, երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև թուրք-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը։

«Կողմերն անդրադարձել են համատեղ զորավարժությունների ընթացքում ադրբեջանցի և թուրք զինվորականների ձեռք բերած փորձի կարևորությանը և ընդգծել նման միջոցառումների կանոնավոր անցկացման անհրաժեշտությունը», - ասված է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում` հավելելով. «Հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանն էլ ավելի է ընդլայնում համագործակցությունը Թուրքիայի հետ՝ իր ռազմական հզորությունը մեծացնելու նպատակով»:

Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետ Անկարան ու Բաքուն նոր թափով են զարգացնում և խորացնում ռազմակական համագործակցությունը։

Անցած տարի երկու երկրների զինված ուժերը բազմաթիվ համատեղ զորավարժություններ են անցկացրել՝ միայն հինգը մեկ ամսվա ընթացքում։

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան տարիներ շարունակ վերապատրաստել է ադրբեջանցի զինվորականներին, մասնավորապես հատուկ ջոկատայիններին։ Թուրքական ռազմական արդյունաբերական ընկերություններ, այդ թվում` ԱԹՍ-ներ արտադրող Bayraktar-ն Ադրբեջանի կառավարության հետ բազմամիլիոնանոց գործարքներ են կնքել։

Թուրքիայի ռազմական արտահանումն Ադրբեջանին վերջին տարիներին աճել է մի քանի անգամ, մասնավորապես պատերազմի տարում՝ վեց անգամ, ընդ որում, ըստ արտահանման տվյալների` անօդաչու թռչող սարքերի և այլ ռազմական տեխնիկայի վաճառքը միայն 2020 թվականի սեպտեմբերին աճել էր 77 միլիոն դոլարով։

Երկու երկրները բազմաթիվ պայմանագրերով ու հուշագրերով պարտավորվել են իրար պաշտպանել օտարերկրյա ուժերի հարձակումների դեպքում։ Այս պայմանավորվածությունը, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրի» թերևս գլխավոր կետն է, որին պարբերաբար հղում են կատարում փաստաթուղթը ստորագրած Ռեջեփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը։

«Եթե համաձայնագրի կողմերից մեկի կարծիքով երրորդ պետության կամ պետությունների կողմից առկա է ագրեսիա կամ ագրեսիայի վտանգ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների, ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության հանդեպ, ապա փաստաթուղթը ստորագրած երկրները խորհրդակցություններ են անցկացնում և անհրաժեշտ օժանդակություն են ցուցաբերում միմյանց՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն», - նշված է թուրք-ադրբեջանական համաձայնագրում։

Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցության և թուրքական անօդաչու թռչող սարքերի օգնությամբ պատերազմում հաղթանակ տանելուց անմիջապես հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե Բաքուն նոր պայմանագրեր է ստորագրել Անկարայի հետ սպառազինություն ձեռք բերելու համար։ Իլհամ Ալիևը, սակայն չէր մանրամասնել, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը։

Անցած դեկտեմբերին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարեց, որ պատրաստվում են Ադրբեջանին օդանավեր վաճառել։ Հայտարարության հենց հաջորդ օրը թուրքական ուսումնավարժական Hürkuş օդանավերը փորձնական թռիչքներ իրականացրին դեպի Ադրբեջան։

Forbes պարբերականը նախօրեին հրապարակած հոդվածում տեղեկացնում է, որ Բաքուն մտադիր է ռազմաօդային ուժերն ամրապնդել հենց Hürkuş օդանավերի ներգրավմամբ և պատրաստվում է Թուրքիայից խմբաքանակ ձեռք բերել։

Պարբերականը նշում է, որ թեև Hürküş -ը նախատեսված է ուսումնական թռիչքների համար, այդուհանդերձ կարող է նաև ընդհանուր նշանակության բեռներ փոխադրել, այդ թվում` փոքր չափի զինամթերք, ռումբ, որոնք կարող են օգտագործվել նաև «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի համար։

XS
SM
MD
LG