Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեկ հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի խոսել են «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման, նաև լրացուցիչ քայլերի մասին, որոնք ԱՄՆ-ը կարող է ձեռնարկել այդ ջանքերին աջակցելու համար»։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
Ըստ Փրայսի՝ զրուցակիցները քննարկել են նաև «ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ամուր երկկողմ հարաբերություններ պահպանելու հնարավորությունները», «ՆԱՏՕ-ի հետագա համակարգման և միասնության ուղիները՝ կապված Ռուսաստանի կողմից հետագա էսկալացիայի և Ուկրաինայի դեմ ագրեսիայի սպառնալիքի հետ»։
Բլինքենը նշել է ընդհանուր նվիրվածությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ներգրավվածությունն ի նպաստ խնդրի դիվանագիտական լուծման, նաև ասված է հաղորդագրությունում։
Հունվարի սկզբին ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը քննարկել էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկը, գործընթացին թե՛ նախորդ և թե՛ այս ամիս կայացած հեռախոսազրույցներում անդրադարձել են Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականը և Թուրքիայի նախագահի խոսնակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չավուշօղլուն և Բլինքենը քննարկել են հայ-թուրքական գործընթացի մեկնարկըՀայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում։ Հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին, որ համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Ռուբինյանի և Քըլըչի երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին Վիեննայում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Անկարան «համաձայնել են շարունակել բանակցությունները՝ առանց նախապայմանների»