Երևանը իրավական, քաղաքական, բարոյական իրավունք չունի առաջ քաշելու նախապայմաններ, հունգարացի պաշտոնակցի հետ Բաքվում կայացած ասուլիսի ընթացքում նման կոշտ հայտարարություն է հնչեցրել Ադրբեջանի արտգործնախարարը։
Ջեյհուն Բայրամովը հայտնել է, թե երկու շաբաթ առաջ Հայաստանը հանդես է եկել սահմանազատման նոր առաջարկներով ու որոշ պայմաններ է առաջ քաշել այդ նպատակով նախատեսվող հանձնաժողովի աշխատանքները սկսելու համար։ Ադրբեջանը հայտարարել է, որ կարող է սկսել այս գործընթացը, բայց առանց որևէ պայմանի։
«Միջազգային սահմանները պետք է ճանաչվեն. Հայաստանը, որը 30 տարի օկուպացրել է ադրբեջանական հողերը, չունի իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք սահմանների սահմանազատման հարցում որևէ պայման դնելու», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Բայրամովը, առանց հստակեցնելու, թե ինչպես, պաշտոնական Երևանին մեղադրել է նաև եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը տապալելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանազատման վերաբերյալ Երևանի «նախապայմանները» Բաքվի համար անընդունելի են«Ցավոք, հայկական կողմը խախտել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Դեռևս չենք տեսնում այդ հարցում հետևողականություն։ Երբեմն դրական ուղերձներ են ստացվում, երբեմն էլ լսում ենք այլ կարծիքներ, ինչը բարդացնում է իրավիճակը», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ առանց մանրամասներ նշելու։
Նախքան Բայրամովի հայտարարությանը, այսօր առավոտյան նաև Հայաստանի արտգործնախարարն էր անդրադարձել Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքներին՝ հայտնելով, որ Բաքվից բացասական են արձագանքել հայկական կողմի առաջարկներին։
«Այժմ ադրբեջանական և ռուսական կողմի հետ քննարկում ենք այն անվտանգության միջոցները, որոնք մեր կարծիքով անվտանգության և կայունության մեխանիզմներ կստեղծեն սահմանագծին: Նախկինում էլ ասել եմ, որ տարբեր առաջարկներ ենք ներկայացրել: Սա սովորական քննարկման գործընթաց է, առայժմ քննարկվում են: Կոնկրետ այդ առաջարկների վերաբերյալ եղել է բացասական արձագանք», - ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Միրզոյանը շեշտել էր, որ բանակցությունները ռուսական և ադրբեջանական կողմերի հետ շարունակական են և, սահմանազատման առնչվող հարցով եղել են առաջարկներ, որ հայկական կողմի համար են աընդունելի եղել։