Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր պաշտոնական այցով Ուկրաինայում է: Բորիսպոլ օդանավակայանում նրան դիմավորել են Կիևում Թուրքիայի դեսպանն ու Անկարայում Ուկրաինայի դեսպանները:
Թուրքիայի նախագահը ծաղկեպսակ է դրել Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված անհայտ զինվորի հուշարձանին: Ապա Մարինսկի պալատում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից դիմավորման պաշտոնական արարողությունից հետո երկու նախագահները առանձնազրույցի են անցել: Այնուհետև նրանք նախագահելու են երկու երկրների ռազմավարական համագործակցության խորհրդի 10-րդ նիստը, որին մասնակցելու են թուրք և ուկրաինացի նախարարներ ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Սպասվում է, որ նիստից հետո երկկողմ համաձայնագրեր և համատեղ ասուլիս տեղի կունենա:
Էրդողան-Զելենսկի բանակցությունների առանցքային հարցը լինելու է ռուս-ուկրաինական լարվածությունը։ Կիև մեկնելուց առաջ Անկարայի օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Էրդողանը ընդգծել է՝ Թուրքիան բոլոր հարթակներում հայտարարել է, որ սատարում է իր ռազմավարական դաշնակից Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Խոսելով Մոսկվայի և Կիևի միջև ռազմական բախման վտանգի հավանականությամբ լարվածությանը մասին՝ Թուրքիայի նախագահը կողմերին ողջամտության և երկխոսության կոչ է արել:
«Ակնհայտ է, որ հակասությունը պետք է հարթվի խաղաղ մեթոդներով և միջազգային իրավունքի հիման վրա: Այս առիթով ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ պատրաստ ենք անել մեզնից կախված ամեն բան տարածաշրջանում խաղաղ և անվտանգ միջավայրի ձևավորման համար: Ուկրաինայի հետ մեր հարաբերությունների հիմնաքարերից է մեր ազգակիցների՝ գլխավորապես Ղրիմի թաթարների հետ կապված խնդիրը, որին հատուկ հոգածություն եմ ցուցաբերում: Ինչպես միշտ, Կիևում կայանալիք բանակցությունների օրակարգում այս հարցը առաջնային է: Հավատում եմ, որ Կիևում կայանալիք հանդիպումները կարևոր նպաստ կունենան Ուկրաինայի հետ մեր հարաբերությունների ամրապնդման հարցում», - ընդգծել է Էրդողանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանը Պուտինին և Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ տարաձայնությունները կարգավորելուՄոսկվայի և Կիևի հետ լավ հարաբերություններ ունեցող Անկարան պատրաստ է միջնորդական դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որպեսզի երկու երկրների լարվածությունը չհասցնի թեժ բախումների: Անցած շաբաթ Էրդողանը հայտարարել էր, թե Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն հրավիրում է Թուրքիա և պատրաստ է հյուրընկալել երկու նախագահների հանդիպումը:
Լրագրողի հարցին, թե Անկարան ի՞նչ քայլեր է պատրաստվում անել ռուս-ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման համար, նախագահ Էրդողանը նշել է՝ նախ պետք է հանդիպի երկու նախագահներին:
«Այս հարցով այսօր քննարկում կունենանք պարոն Զելենսկու հետ: Պարոն Պուտինն էլ հայտնել է, թե Չինաստանից վերադառնալուց հետո կայցելի Թուրքիա: Քանի դեռ այս երկու այցելությունները և նախագահների հետ բանակցությունները տեղի չեն ունեցել, ճիշտ չի լինի ասել, թե որ քարը ուր ենք դնելու: Բայց այս հանդիպումներից հետո պարզ կլինի, թե ինչ քայլեր են արվելու: Մեզ համար լավ զարգացում չէ այս տարածաշրջանի կարևոր երկրներից Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակասությունը», - ասել է Թուրքիայի ղեկավարը:
Էրդողանի այցը Կիև համընկնում է Թուրքիայի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ: