Նախագահը պետք է համաձայնության եզրեր գտնի և ոչ թե կոնֆլիկտներ ստեղծի. Վահագն Խաչատրյան

ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյան

Վահանգն Խաչատրյանն այս պահին առաջադրված նախագահի միակ թեկնածուն է։

Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանի ջերմ երկխոսությամբ։

Խորհրդարանական մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագրի» կողմից առաջադրված Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար, ընտրվելու դեպքում խոստացավ իր հետ կապվող ծրագրերը իրականություն դարձնել։

Փաշինյանն էլ համոզմունք հայտնեց, որ Վահագն Խաչատրյանը առնվազն երկրորդ փուլով կընտրվի Հանրապետության նախագահի պաշտոնում. - «Այս պահին չեմ շնորհավորում. երևի պատեհ չէ առաջադրվելու առիթով շնորհավորել, պատեհ է ընտրվելու առիթով շնորհավորել»:

«Համոզված եղեք, որ այն, ինչ նախագծվել է իմ թեկնածության հետ կապված, հետագայում համատեղ աշխատանքի արդյունքում կտա այն ծրագրերի իրականացման մեծ հնարավորություն, որի մասին մենք բոլորս ամեն օր խոսում ենք այստեղ՝ կառավարությունում», - արձագանքեց Վահագն Խաչատրյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ-ն նախագահի թեկնածու առաջադրեց Վահագն Խաչատրյանին

Նա տեսնում է նախագահի ինստիտուտը կայացնելու խնդիր։ Պետության գլուխը պետք է գտնի լուծումներ, որոնք տարբեր իրավիճակներում երկրում ցնցումներ չեն առաջացնի։ Արմեն Սարգսյանի բացթողումը հենց դա է համարում։

Խոսելով այդ պաշտոնում իր անելիքների մասին՝ հայտարարեց, թե նախագահը պետք է համաձայնության եզրեր գտնի և ոչ թե կոնֆլիկտներ ստեղծի. - «Հանուն նրա, որ պետք է ուղղակի հակադրվես, իմաստ չունի... Եթե կարելի է առանց հակադրվելու, պարզապես երկխոսության կամ քննարկման արդյունքում լուծում ստանալ, պլուս դրան ձեր ասածը ապահովել՝ անաչառություն։ Եվ ոչ թե մեկի կողմը կանգնել, կամ որևէ մեկի շահը սպասարկել»։

Այսօր վարչապետը որոշեց ավելի պատկերավոր դարձնել Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո արած իր հայտարարությունը, թե նախագահը պետք է ներդաշնակ աշխատի կառավարության և ԱԺ մեծամասնության հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր նախագահը պետք է ներդաշնակ աշխատի կառավարության և ԱԺ մեծամասնության հետ․ վարչապետ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախագահի աշխատակազմը արձագանքել է «Հետք»-ի հրապարակմանը

Իշխանության բուրգի ներսում Փաշինյանը հակադիր շարժումներ չի ուզում տեսնել. - «Մենք ընդհանուր ուղենիշ ունենանք, ընդհանուր ռազմավարություն ունենանք, իշխանության բուրգի ներսում հակադիր շարժումներ չլինեն։ Որովհետև բոլոր դեպքերում հակադիր շարժումները իշխանության ներսում... մեխանիզմն է խաթարվում աշխատանքի։ Սա չի նշանակում, որ բոլորը ամեն տեղ ամեն ինչում ունեն նույն կարծիքը։ Ոչ։ Նշանակում է, որ քննարկումների արդյունքում կարողանում են գալ ընդհանուր եզրակացության և ընդհանուր կարծիքի»։

Հարկ եղած դեպքում կհակադրվի՞ Նիկոլ Փաշինյանին։ Խաչատրյանը հրապարակային բանավեճ չխոստացավ, ինչին օրենքներ կամ պաշտոններում նշանակման հրամանագրեր ստորագրելու հարցով ականատես էինք լինում Արմեն Սարգսյանի օրոք՝ վարչապետի, ԱԺ-ի ու նախագահի միջև։

«Ես ուրիշ ձևի կձևակերպեմ. այն հրամանագիրը, որը գալիս է ստորագրվելու, մինչ այդ արդեն առարկությունները կներկայացվի և քննարկումների արդյունքում կծնվի այն փաստաթուղթը, որը որ առարկություն չի ներկայացնում։ Այդ փոխըմբռնումը, ներդաշնակությունը ես այդպես եմ տեսնում», - ասաց Խաչատրյանը։

Իշխող թիմի, կառավարության կադրային քաղաքականության վերաբերյալ լրագրողներին այսօր չհաջողվեց թթու խոսք լսել Խաչատրյանից՝ չնայած խաչաձև հարցերին։ Նա չի կարծում, որ պատերազմում մարդկային ու տարածքային կորուստները Փաշինյանի ու նրա թիմի անփորձության հետևանք են. - «Դա լրիվ այլ հանգամանքներ ա»։

Վահագն Խաչատրյանը միանգամայն իրատեսական է համարում Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերումը, հարց, որը 9 ամիս է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը չի հաջողվում լուծել. - «Իշխանության քաշը հերիքում է, իշխանությունը էդ բանակցությունների մեջ է»։

Վահանգն Խաչատրյանն այս պահին առաջադրված նախագահի միակ թեկնածուն է։ Նրան Խորհրդարանը պետք է ընտրի։

Չնայած ընդդիմությունը դեռ որոշում չունի, բայց, հաշվի առնելով տրամադրությունները, իշխանության թեկնածուն, ամենայն հավանականությամբ կընտրվի երկրորդ փուլով, երբ ընդդիմության քվեների կարիք չի լինի, իշխանությունը միայնակ էլ կարողանա ապահովել անհրաժեշտ ձայները։

Ընդդիմադիրները չեն թաքցնում դժգոհությունը

Եթե կառավարության ու իշխող մեծամասնության հետ ներդաշնակ աշխատելու պայման է դրվում նախագահի առջև, ստեղծվելու է հակասահմանադրական իրավիճակ, կարծում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանը. - «Իրենք ուզում են, որպեսզի Հանրապետության նախագահը չլինի անաչառ, չառաջնորդվի բացառապես համաժողովրդական, համապետական շահերով, այլ առաջնորդվի իրենց քաղաքական թիմի շահերով։ Ի դեպ, եթե, օրինակ, նախարարին նման պահանջ դնես, այդտեղ ես չեմ ասի դա հակասահմանադրական է։ Բայց խոսում ենք Հանրապետության նախագահի ինստիտուտի մասին»։

Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստանն» ու «Պատիվ ունեմ»-ը խորհրդակցություններն այս պահին շարունակում են։ «Որոշումը լինելու է հետևյալ կերպ՝ առանց որևէ տարբերակ բացառելու. թեկնածու առաջադրել, չառաջադրել, ինչ ձևով դիրքավորվել, բոլոր տարբերակները քննարկման առարկա են։ Կարծում եմ, վաղը օրվա ավարտին պետք է որ լինի որոշումը»։

Ի դեպ, Վահագն Խաչատրյանն պաշտոնապես այսօր է դուրս եկել Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունից, չնայած համագործակցությունը վաղուց էր դադարեցրել։

«Այսօր՝ փետրվարի 3-ին, Հայ Ազգային Կոնգրեսը ստացել է ՀՀ Նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի դիմումը՝ Հայ Ազգային Կոնգրեսին իր անդամակցությունը դադարեցնելու խնդրանքով։ Հայ Ազգային Կոնգրեսը բավարարել է դիմումատուի խնդրանքը», - նշված է կուսակցության հայտարարությունում։

Հանրապետության նախագահը լիազորությունները կատարելիս չի կարող լինել կուսակցական։